«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#76, 2010-04-28 | #77, 2010-04-29 | #78, 2010-04-30


ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍԱՎ ՆԱԵՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մատենադարանի այցելուներն արդեն մի քանի օր չեն շտապում ցուցասրահ հասնել, որովհետեւ նախասրահում տեղադրված քառակողմ կանգնակ-ցուցանակներն իսկույն գրավում են նրանց ուշադրությունը ոչ միայն հազվագյուտ մանրանկարներով ու ճաշակավոր լուսանկարներով, այլեւ հայ մանրանկարչության մասին պատմող գրավիչ նյութերով: Իսկ կանգնակների վերնամասի յուրաքանչյուր անկյունից արձակվող լույսերն էլ ավելի հանդիսավոր են դարձնում նրանց առաջին մուտքն ու միանգամից թանգարանային տրամադրություն ստեղծում:

Նախասրահում երեկ հավաքված հյուրերը, որոնց Մատենադարան էր բերել 4 կանգնակների ու շքամուտքի 2 վահանակների շնորհանդեսը, վայելեցին բարեգործության պարգեւած բերկրանքը` շնորհիվ «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» (AMAP) հասարակական կազմակերպության, ԻԿՕՄՕՍ/ Հայաստան հասարակական կազմակերպության եւ Մայր աթոռ Սբ Էջմիածնի համագործակցության, եւ իհարկե, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության, Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) CAPS ծրագրի հովանավորության:

Հյուրերին իրենց երաժշտական կատարումներով պատվեցին «Նոր անուններ» հիմնադրամի լարային քառյակի սաները` հնչեցնելով «Հորովելը», միջնադարյան շարականներ եւ այլ մեղեդիներ:

«Բոլորս գիտենք, թե ինչ արժեքներ կան Մատենադարանում եւ ինչպիսի դժվարություններ են կրել մեր նախնիները այս գանձերը մեզ փոխանցելու համար: Կարծում եմ, մենք նույն պարտակությունն ունենք ու պետք է կարողանանք պահպանել եւ ապագա սերունդներին փոխանցել մեր մշակութային ժառանգությունը: Որպես ընկերություն, մենք վճռական ենք մեր ինքնության պահպանության հարցում, քանի որ այն լավագույն տուրքն է մեր մեծ հայորդիների հիշատակին, ովքեր դարերի հեռավորությունից նայում են մեզ ու մեր գործերին», ասաց «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Հայաստանում Մ. Նահանգների դեսպան Մարի Յովանովիչն իր խոսքում ասաց, որ մատենադարանյան մթնոլորտը ջերմ է եւ ընտանեկան ու դեպի իրեն է ձգում հայկական մշակույթը գնահատող ու փայփայող մարդկանց: Իր համար ուրախալի է այն փաստը, որ Հայաստանում իրականացվող մշակութային մեծ ծրագրերի մեջ ներդրում ունի նաեւ Մ. Նահանգների դեսպանատունը եւ ԱՄՆ զարգացման գործակալությունը:

«Հայկական հուշարձանների ճանաչան ծրագրի» ղեկավարներին ու հովանավորներին շնորհակալական սրտագին խոսքեր ասաց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը , նշելով նաեւ, որ նոր մասնաշենքի կառուցումը պահանջում է Մատենադարանի հանդեպ հոգածության նորանոր դրսեւորումներ եւ ամենօրյա ջանքեր:

Ելույթ ունեցան նաեւ Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսը, Հայաստանում ԱՄՆ զարգացման գործակալության տնօրենը, Հայաստան ԻԿՕՄՕՍ-ի ղեկավար Գագիկ Գյուրջյանը, Մայր Աթոռ Ս.Էջմիածնի միաբան հայր Գարեգինը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ ուրիշներ:

Մատենադարանի վերին հարթակում տեղադրված հնգալեզու 2 վահանակների եւ նախասրահի 4 կանգնակների երեկվա շնորհանդեսը «Հայկական հուշարձանների ճանաչան ծրագրի» այս տարվա առաջին միջոցառումն էր: Ծրագիրն իրականացվում է 2008 թվականից, եւ այդ ընթացքում Հայաստանի տարբեր բնակավայրերի 49 հուշարձանների տարածքում տեղադրվել է ավելի քան 320 վահանակ: Այս տարի նախատեսվում է 26 հուշարձանների տարածքում տեղադրել 142 վահանակ, բացի այդ` Բրայլյան այբուբենով 20 վահանակ թույլ տեսողությամբ այցելուների համար, ինչպես նաեւ Հայաստանում առաջին անգամ իրականացնել «Աուդիո տուր» եւ «Որդեգրիր հուշարձան» ծրագրերը:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4