«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#76, 2010-04-28 | #77, 2010-04-29 | #78, 2010-04-30


ՄԻ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ

Մի քանի օր առաջ, ապրիլի 20-ին, ինձ զանգահարեցին Թեքեյան մշակութային միությունից եւ խնդրեցին մասնակցել ռուս գրող եւ բանաստեղծ, մեր ժողովրդի բարեկամ Սերգեյ Գորոդեցկուՙ նորերս տպագրված գրքի շնորհանդեսին ու նաեւ երկու խոսք ասել: Մտածեցիՙ ռուսական գրականության արծաթե դար, Սերգեյ Գորոդեցկի, մեր ժողովրդի ապրած մեծ ողբերգությունը... Եվ հետո` խնդրողները բարեկամ մարդիկ էին, չկարողացա մերժել: Համաձայնվեցի ու գնացի:

Ապրիլի 22-ին ժամը 14-ին «Թեքեյան» մշակութային միության դահլիճը լեփ-լեցուն էր մարդկանցով: Մարդիկ եկել էին, ինչպես ասում են, տոնական տրամադրությամբ, բայց այն, ինչ տեղի ունեցավ դահլիճում, ուղղակի ֆարս էր ու գրոտեսկ:

Առաջին բանախոսը, «Լոռու ձոր» հայրենակցական միության վայթե դիրեկտոր գիտության դոկտորը կոմերիտի խանդավառությամբ խոսեց իրենց կատարած անօրինակ սխրագործությանՙ գիրքը հրատարակելու մասին, անընդհատ շեշտելով ու ընդգծելով, որ «առաջին անգամ...» է եւ որ մեր ժողովուրդը արժանին չի մատուցել Գորոդեցկուն եւ այլն, եւ այլն, Գորոդեցկու մասին խոսքը հեղեղելով սխալ, անճիշտ դատողություններով ու տեղեկություններով:

Հետո խոսք առավ, ինչպես հանդիսավարն ասաց, Հովհաննես Թումանյանի անմիջական թոռը: Այստեղ դահլիճը մեծ զարմանքով իմացավ, որ թոռները լինում են անմիջական եւ ոչ անմիջական: Մտածելու բան է:

Բանասիրության դոկտոր անմիջական թոռը սարսափելի մի հայերենով, որը լսելը պարզապես անկարելի էր, սկսեց երկար-բարակ կցկտուր մի պատմություն Գորոդեցկու գրվածքներից քաղված մի երկու դրվագի պարզունակ վերաշարադրումով, որտեղ մաս ունեին ե՛ւ իր հիսնամյակի տոնակատարությունը, ե՛ւ իր ստացած մեդալը, եւ այլ բաներ, որոնք ոչ մի կապ չունեին ո՛չ Գորոդեցկու եւ ո՛չ գրքի հետ: Շատ ծանր էր ու ճնշող դահլիճում նստել ու լսել, թե ինչպես է բանասիրության դոկտորը Թումանյանի անունը անվերջ հոլովելով ու դրոշի պես ծածանելով կրկնումՙ «միեռ եղեռնուն», «միեռ եղեռնու այդ որբեռը»...

Սա արդեն ծաղր ու անարգանք էր հայոց լեզվին, հայ մշակույթին, Թումանյանին ու մեր մեծ ողբերգությանը: Համոզված եմ, որ որեւէ բուշմեն, եթե Հայաստանում ապրեր, ավելի հարգալից կլիներ հայոց լեզվի հանդեպ եւ կխոսեր ավելի գրագետ: Կողքիս նստած մի անծանոթ մարդ չդիմացավ եւ զայրացածՙ «Բայց սա ծաղր է, գրոտեսկ է» ասելով թողեց ու դուրս եկավ: Ռըսախոս տիկին դոկտորը խոսեց երկար եւ Գորոդեցկու մասին ասաց բաներ, որոնք ոչ մի կապ չունեին ոչ իրականության եւ ոչ էլ գիտության ու գրականագիտության հետ: Այսպես, օրինակ, տիկինը ասում էր, որ Գորոդեցկին Սովետական Միությունում շնորհազրկված գրող էր, որ նրա գրքերը չէին տպագրում, որովհետեւ նա այլախոհ էր եւ այլն, եւ այլն: Պարզապես անհեթեթություն:

Հերթը հասավ ինձ: Ես հրաժարվեցի խոսելուց, բայց Թեքեյան մշակութային միության աշխատակցի պնդումով ստիպված եղա երկու բառ ասել:

Նախ, մատնացույց արեցի, որ առնվազն ճիշտ չէ, թե մեր ժողովուրդը մոռացել է Գորոդեցկուն: Տեղյակ մարդը գիտի, որ հայ բանասիրությունը խոսել եւ գրել է նրա մասին, որ, օրինակ, 1985 թվականին բանասեր Յուրի Դարոնյանը առանձին ուսումնասիրություն է հրատարակելՙ «Սերգեյ Գորոդեցկին եւ Հայաստանը» վերնագրով:

Խոսեցի հրատարակված նոր գրքի մասին: Ճիշտ չէ, որ այդ գիրքն էլ առաջին անգամ է հրատարակվում: 1980 թվականին լույս է տեսել մի ժողովածուՙ «Սերգեյ Գորոդեցկին Հայաստանի եւ հայ կուլտուրայի մասին», որտեղ ամփոփված են Հայաստանին վերաբերողՙ Գորոդեցկու բոլոր գրությունները աննշան կրճատումներով: Ասացի, որ 1980 թվականի ժողովածուն շատ թերի էր եւ անկատարՙ բանասիրական աշխատանքի, Գորոդեցկու դիմանկարի, գրքի ծանոթագրությունների առումով: Եվ հիմա այս հրատարակությունը փաստորեն կրկնում է 1980 թվականի ժողովածունՙ նույն պարզունակ ու խեղճ, թերի տեղեկություններով. ի՜նչ մի հերոսական բան է երեսուն տարի հետո կրկնել նույն ժողովածուն նույն սխալներով ու թերություններով, հետո բեմ հանել ու փառաբանել: Բերեցի մեկ-երկու օրինակ: Գորոդեցկու մասին գրելիս գոնե նկատի առնեին 1974 թվականին «ըՌոսՌՏՑպՍՈ տՏֆՑՈ» մատենաշարով լույս տեսած ծավալուն հատորի փայլուն առաջաբանը, էլ չեմ ասում, որ հիմա ռուսները, բանասիրությունը առհասարակ, այլ կերպ են խոսում արծաթե դարի բանաստեղծության մասին: Շատ թերի են գրքում Գորոդեցկուՙ հայ գրականության հետ ունեցած կապերն ու առնչությունները: Եվ ցավ հայտնեցի, որ այդ օրը դահլիճում խոսում էին սարսափելի անկիրթ լեզվով. կարծում եքՙ հե՞շտ է նստել ու լսելՙ «միեռ եղեռնու», «միեռ եղեռնուն...»:

Ծանր սրտով հեռացա այդ դահլիճից:

Հաջորդ օրըՙ ապրիլի 23-ին «Ազգ» թերթը մի թղթակցություն է տպագրում օրվա մասինՙ «Սերգեյ Գորոդեցկի. Չեմ մոռանա Հայաստանը երբեք...» խորագրով:

Կարդացի: Թերթը գրում էՙ «Թումանյանի խորհրդով նա մեկնում է Արեւմտյան Հայաստան...»: Ուղղակի ծիծաղելի է: Այն, ինչ գրված էր թերթում այդ օրվա մասին, ոչ մի կապ չուներ դահլիճում տիրող մթնոլորտի ու իրականության հետ: Թվում էՙ թղթակիցը դահլիճում չի էլ եղել: Կամՙ եղել է, լսել է, բայց չի հասկացել, թե ինչն ինչոց է: Եթե դահլիճում նստած թղթակիցը չի վիրավորվել հայոց լեզվի ու Հովհաննես Թումանյանի համարՙ լսելովՙ «միեռ եղեռնու»-ի լեզուն, ապա դա շատ տխուր է: Եվ, ըստ թերթի, Երվանդ Տեր-Խաչատրյանը չի մոտեցել ամբիոնին եւ ոչինչ չի ասել: Հարցն անվան հիշատակումը չէ,- այդպես մտածելը առնվազն ծիծաղելի է,- հարցը թերի եւ մակերեսային տեղեկատվությունն է: Մշակույթի մասին պետք է գրի նա, ով հարգանք ունի մշակույթի հանդեպ: Բայց հարցը ավելի մեծ էՙ մասնագիտական անհրաժեշտ որակ ու մակարդակ չունեցող այն գրքերը, որոնցով այսօր լեցուն է ասպարեզը: Որ դրանք թերի են ու անկատարՙ դա դեռ հարցի մի կողմն է, բայց կա մյուս կողմը`այդ գրքերի երբեմն ճոռոմ, կոմսոմոլային շնորհանդեսները, որոնք վարդագույն ծխածածկույթով թաքցնում են դրանց իրական որակն ու արժեքը: Եվ թերթերն էլ նմանօրինակ լրատվությամբ շարունակում են այդ կեղծիքը:

Ես այսօր կտրականապես բողոքում եմ նման վարմունքի եւ վերաբերմունքի դեմ:

ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ

Խմբ. կողմից. - Ցավում ենք պատահածի համար: Իրոք, մեր թղթակիցը միջոցառման ավարտին չի սպասել: Այլապես նա լսած կլիներ եւ անպայման ներկայացրած կլիներ պրն Ե. Տեր-Խաչատրյանի դիտողությունները: Օրաթերթային ռիթմը հաճախ զրկում է լրագրողներին իրենց մասնագիտական պարտականությունը մինչեւ վերջ եւ ամբողջական կատարելուց:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4