Չեխական ազդեցիկ «ՄՖ Դնես» օրաթերթի խմբագիր Միլան Վոդիչկան ապրիլի 27-ի համարում «1 500 000 Հայերը» ծավալուն հոդվածով անդրադարձել է հայերի ցեղասպանությանըՙ այն համարելով ժամանակակից պատմության առաջին Հոլոքոսթը: Հեղինակը խնդրի բազմակողմանի ներկայացմամբ տալիս է պատմական վկայություններՙ սկսած օտար հյուպատոսների թողած վավերագրերից մինչեւ Հիտլերի հայտնի խոսքը: Վերլուծելով հայերի ու թուրքերի միջեւ առկա պատմական կնճիռըՙ հեղինակն ընդգծում է, որ Թուրքիան 95 տարի շարունակ հմտորեն շահարկում է իր դիրքը, եւ այդ սպին բումերանգի պես վերադառնում է այսօր: Հոդվածագիրը, նշելով թե եվրոպական քանի երկիր է ընդունել Ցեղասպանությունը, եւ մեջբերելով Չեխիայի արտգործնախարարության խոսնակին, նշում է, թե չեխական խորհրդարանում դեռեւս չի բարձրացել այդ հարցը: Միլան Վոդիչկան կշտամբում է նաեւ ԱՄՆ նախագահ Օբամային, որն իբրեւ սենատոր ասում էր Ցեղասպանություն եւ քննադատում էր Բուշին այդ բառը չօգտագործելու համար, իսկ երբ դարձավ նախագահ, այլեւս չօգտագործեց այդ բառը: Ընդհանրապես, այս հարցում, ըստ հոդվածագրի, Արեւմուտքը շիզոֆրենիայի մեջ է. մի կողմից ուզում են, որ Թուրքիան պատասխանատվություն կրի հայկական ջարդերի համար, մյուս կողմից ցույց են տալիս, որ դա իրենց համար միեւնույնն է:
Հ. Ա., Պրահա