Մեծ Բրիտանիայում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանի ընտրություններին կմասնակցեն երեք հայազգի թեկնածուներ` Հրաչ Քութարջյանը, Քեթերինա Առաքելյանը եւ Հաթթի Աջդերյանը, նրանք բոլորն էլ իշխող` Լեյբորիստական կուսակցության անդամներ են:
Քեթերինա Առաքելյանը 8 տարի է, ինչ Լեյբորիստական կուսակցության անդամ է: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա նշել է, որ ինքը առաջադրված է մի տարածքում, որտեղ հիմնականում բնակվում են պահպանողականները. «Ամեն դեպքում սա երկար ճանապարհի սկիզբն է: Կարծում եմՙ կմասնակցեմ նաեւ հաջորդ ընտրություններին, հետո` նաեւ երրորդին: Նույնիսկ եթե 15 տարի տեւի, ես ուրախ կլինեմ նորից սկսել այս ճանապարհը: Ու հաջորդ անգամ թերեւս իմ հնարավորություններն ավելի մեծ կլինեն», ասել է Առաքելյանը: Ի դեպ, Առաքելյան ազգանունը Քեթերինայի մոր ազգանունն է, նա վերջերս է սկսել հայերեն սովորել. «Հայաստանում երբեք չեմ եղել, երկրի քաղաքական, տնտեսական վիճակի մասին քիչ բան գիտեմ, սակայն հույս ունեմ, որ մի օր անպայման մեքենայով կգնամ Հայաստան,- շարունակելով, Առաքելյանը պատմել է իր ընտանիքի անցյալից,- մորական պապս Արեւմտյան Հայաստանից էր: Առաքելյան ազգանունն իրականում կորսված էր: Երբ իմ նախնիները Ստամբուլից փախան 1915-ին, նրանք այստեղ հասան մի նավի մեջ թաքնված: Անգլիայում ապրելու համար հրաժարվեցին հայկական ազգանունից: Երբ ես 22 տարեկան էի, որոշեցի հորս բրիտանական ազգանունը փոխարինել մորս իրական ազգանվամբ», պատմել է Քեթերինա Առաքելյանը:
Հավելենք նաեւ, որ Բրիտանիայում խորհրդարանական ընտրություններն անցկացվում են 4 տարին մեկ, ընտրվում են 650 պատգամավորներ: Ընտրություններում հիմնական պայքարը գնում է երեք հիմնական կուսակցությունների` լեյբորիստների, պահպանողականների եւ լիբերալ-դեմոկրատների միջեւ:
Հ. Ա.