«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#77, 2010-04-29 | #78, 2010-04-30 | #79, 2010-05-01


ԱՐԳԻՇՏԻ ԿԻՎԻՐՅԱՆՆ ԻՐ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ

2009-ի ապրիլի 30-ինՙ առավոտյան ժամը վեցի սահմաններում Նալբանդյան 9 հասցեում մահափորձ իրականացվեց Armenia Today եւ Bagin.info լրատվական կայքերի համակարգող Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ: Լրագրողներին ծեծելը, մեքենաներ պայթեցնելը, ցավոք, սովորական երեւույթ է դարձել, սակայն Կիվիրյանի գործն առանձնացավ, որովհետեւ ոչ թե փորձում էին վախեցնել կամ լռեցնել, այլ` սպանել: Կիվիրյանը հրաշքով փրկվեց` բռնելով կրակողի ձեռքը:

Մահափորձին անդրադարձան տեղական մամուլը, միջազգային կազմակերպությունները:

Կատարվածի կապակցությամբ Կենտրոնի ոստիկանությունը գործ հարուցեց 117 հոդվածի մասով` թեթեւ մարմնական վնասվածք:

«Անգամ իրավաբանական կրթություն չունեցող մարդու համար է ծիծաղելի, որ գործը նման հոդվածով է հարուցվում: Որոշ ժամանակ անց գործով սկսեց զբաղվել Ազգային անվտանգության ծառայությունն, ու քրեական գործ սկսվեց 34-104 հոդվածի 7-րդ ենթակետի համաձայն», «Ուրբաթ» ակումբում երեկ ասաց Արգիշտի Կիվիրյանը: Լրագրողը նկատում է, որ նախաքննության ընթացքին որեւէ կերպ չի միջամտել, չի լուսաբանել` գործի քննությանը չխոչընդոտելու համար:

Միջադեպից որոշ ժամանակ անց մահափորձ իրականացնելու կասկածանքով կալանավորվեցին Վլադիկ Սերոբյանն ու Գուրգեն Կիլիկյանը: Սակայն մարտ ամսին իրադարձություններն այլ կերպ զարգացան: Նախ նախաքննական մարմինը միջնորդություն ներկայացրեց` խափանման միջոցը երկարացնելու համար, իսկ մարտի 8-ին միջնորդությունը հետ վերցրեց. Սերոբյանն ու Կիլիկյանը հայտնվեցին ազատության մեջ:

«Գործի կապակցությամբ մեկ տարի իրականացվում է նախաքննություն, սակայն ճակատագիրը պարզ է: Այն կկասեցվի եւ կհայտնվի գրասեղանի հերթական դարակում», նկատում է Կիվիրյանը:

«Գործի սկզբից ոստիկանությունը զբաղված էր ոչ թե բացահայտելով, այլ` կոծկելով: Դեպքի վայրից կորում են պարկուճները, եւ միայն Գագիկ Շամշյանի` դեպքի վայրում արած լուսանկարների միջոցով հնարավոր եղավ ապացուցել, որ կրակոցներ են եղել: Ոստիկաններն իմ հարեւաններին համոզում էին, որ նրանք ոչ թե կրակոցներ են լսել, այլ` դռան շրխկոց: Ոստիկանությունը տապալեց նաեւ տեղազննությունը: Լուսանկարներում գետնին գցված մահակները մեկ մի վայրում են, մեկ` այլ»:

Կիվիրյանը նկատում է, որ դեպքից հետո շատերը դատապարտեցին կատարվածը: «Խոսեց նաեւ Սերժ Սարգսյանի այդ ժամանակ մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանն ու հայտարարեց, որ գործը գտնվում է նախագահի անմիջական ուշադրության տակ ( «Ազգն» այս հայտարարությանն անդրադարձել է 2009-ի մայիսի 5-ի համարում - Հ. Հ.): Բայց բոլորի համար էլ պարզ է` մինչեւ գլխավոր դատախազը գործը չտանի Բաղրամյան փողոց` նախագահի հետ համաձայնեցնելու, որեւէ որոշում չի կայացվի: Եթե Ֆարմանյանը հայտարարում է, որ գործը խիստ հսկողության տակ է, արդյո՞ք այդ պարագայում կասկածյալներին ազատ են արձակում», զարմանում է նա:

Կիվիրյանը վստահ է, որ մահափորձը կապված է իր մասնագիտական գործունեություն հետ: «Աձնական կյանքում թշնամիներ չունեմ»:

Թիվ մեկ եւ գլխավոր կասկածյալն էլ Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանն է: Կիվիրյանը Bagin.info կայքէջում հիմնականում անդրադառնում էր Ջավախքի, վիրահայության խնդիրներին: Հաճախ են տպագրվել հոդվածներ, որոնք անդրադառնում էին Ախալքալաքում Սամվել Պետրոսյանի գործողություններին: «Ոստիկանապետ նշանակվելուց հետո Ախալքալաքում սկսվեց հայկական կառույցների բնաջնջումը: Ասում են` վրացական իշխանությունները հետապնդում են հայերին, այդ ամենն իրականացնում է Սամվել Պետրոսյանը: Նրան դրել են Ջավախքը մաքրելու համար: Նրա ջանքերով է, որ Վահագն Չախալյանը բանտում է», ասաց Կիվիրյանը` հավելելով, որ ոստիկանապետը հոդվածների կապակցությամբ երբեւէ հերքում չի պահանջել:

«Անձամբ Պետրոսյանից սպառնալիք չի եղել, բայց շատ վայրերում` շատերի ներկայությամբ, իմ հասցեին սպառնալիքներ է հնչեցրել», ասաց նա:

Կիվիրյանը պատմում է, որ կասկածյալ Գուրգեն Կիլիկյանի հայրը 2009թ. փետրվարին կալանավորվել է Վրաստանում` կաշառք տալու եւ փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով: Վլադիկ Սերոբյանն էլ Ախալքալաքի ոստիկանապետի բարեկամն է: Լրագրողի տեղեկություններով վերոնշյալ անձինք մինչեւ ապրիլյան դեպքերը մեկնել են Ախալքալաք եւ հանդիպել Սամվել Պետրոսյանի հետ:

Իր կասկածները, մտահոգություններն ու փաստերը Կիվիրյանը հայտնել է Ազգային անվտանգության ծառայությանը, սակայն ապարդյուն: Կիվիրյանը համոզված է, որ իր գործը չի բացահայտվի: «Կա՞ լրագրող, որի դեմ բռնություն, մահափորձ է կիրառվել ու գործը բացահայտվել է: Սա էլ այդ շարքից է: Այս պարագայում մնում է ապավինել աստծուն»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4