Երեկ «Տեսակետ» ակումբում` լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն ամփոփեց 2010-ի առաջին եռամսյակի ժողովրդագրական տվյալները:
«Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատությամբ այս տարի ունենք կենդանի ծնունդների շուրջ 7,2 տոկոս աճ: Առաջին 3 ամիսների ընթացքում արձանագրվել է 10611 կենդանի ծնունդ, իսկ 2009 թվականի առաջին երեք ամիսներին` 9902 կենդանի ծնունդ», նշեց Կարինե Կույումջյանը եւ հավելեց, որ հիմա ավելի շատ ծնվում են տղա երեխաներ:
Բանախոսի տրամադրած տվյալների համաձայն` առաջին եռամսյակի ընթացքում հանրապետությունում շուրջ 7,3 տոկոսով նվազել է մահացության ցուցանիշը: 2010-ի առաջին երեք ամիսներին արձանագրվել է 7280 մահացության դեպք, իսկ 2009-ի նույն ժամանակում` 7856:
«Ժողովրդագրական կարեւոր ցուցանիշ է համարվում 0-1 տարեկան մահերի ցուցանիշը: Որեւէ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը գնահատելիս միշտ հաշվի են առնում 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերը: Առաջին եռամսյակում արձանագրվել է 113 մանկական մահացության դեպք, իսկ 2009-ին` 111 դեպք», նշեց Կարինե Կույումջյանը:
2010-ի հունվար-մարտ ամիսներին ծնվածների թվաքանակը 1,5 անգամ ավելի է, քան մահացածներինը: Այս եռամսյակում գրանցվել է մայրական մահացության մի դեպք, անցյալ տարվա առաջին եռամսյակում` 2 դեպք:
Ծնունդների ու մահերի տարբերությունով բնակչության բնական հավելաճը կազմել է 3331 մարդ, իսկ անցյալ տարի առաջին եռամսյակում կազմել է ընդամենը 2045 մարդ:
«Բնական հավելաճի ու միգրացիայի արդյունքում բնակչության թվաքանակում արձանագրվել է փոփոխություն: 2010-ի ապրիլի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 3251900, իսկ 2009-ին` 3238900», տեղեկացրեց բանախոսը:
2010 թվականին արձանագրված 7280 մահվան դեպքից շուրջ 50,3 տոկոսը կամ 3665 դեպքը արյան շրջանառության համակարգի հիվանդությունների հետեւանքն են:
Կարինե Կույումջյանը ներկայացրեց նաեւ ամուսնությունների, ամուսնալուծությունների վերաբերյալ իր ունեցած տվյալները: Առաջին եռամսյակում արձանագրվել է ամուսնության ցուցանիշի նվազում` շուրջ 3 տոկոսով:
Առաջին 3 ամիսների ընթացքում, ըստ Կարինե Կույումջյանի, ունեցել ենք 4430 ամուսնության դեպք, իսկ 2009-ի նույն ժամանակում` 4569 ամուսնության դեպք, փոխարենը նվազել են ամուսնալուծությունները:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ