«Երկրի օրվա» 40-րդ տարեդարձին նվիրվածՙ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի «Կանաչ սերունդ Հայաստան» ծրագրի ապրիլյան միջոցառումներն ավարտվեցին երեկՙ «Վիվասել-ՄՏՍ»-իՙ Ամիրյան փողոցի գրասենյակում կազմակերպված թեմատիկ լուսանկարչական ցուցահանդեսով: www.savethenature.am կայքէջում 2 ամիս առաջ հայտարարված «Ջուր» թեմայով լուսանկարչական մրցույթին մասնակցել են Երեւանի եւ Հայաստանի մարզերի «Արեւորդի» էկո-ակումբների սաներըՙ շուրջ 100 աշխատանքներով: Քվեարկությունը կատարվել է բոլոր մասնակիցների միջեւ, եւ 2-րդ փուլ են անցել 16 հեղինակի 20 աշխատանքներ, որոնցից էլ ընտրվել են չորս լավագույն լուսանկաներըՙ Նարե Ֆիլիպոսյանի, Հասմիկ Գալստյանի, Նարեկ Հայրապետյանի եւ Գեւորգ Սարգսյանի հեղինակությամբ: Հաղթողներին հանձնվեցին մրցանակներըՙ 3 համակարգիչ եւ մեկ հեծանիվ, այն տրվեց ուրցաձորցի մասնակցինՙ Գեւորգ Սարգսյանին:
Ներկայացված լուսանկարչական աշխատանքներից շատերն աչքի էին ընկնում ոչ միայն տեխնիկական վարպետությամբ, նաեւ պահը զգալու, արձանագրելու ճաշակով, դրանք ոչ այնքան պրոբլեմատիկ էին, որքանՙ գեղագիտական, ինչպես, օրինակՙ Նարե Ֆիլիպոսյանի բնապատկերային լուսանկարը:
Բացմանը ներկա էր հիմնադրամի գլխավոր հովանավոր «Վիվասել-ՄՏՍ»-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, որը պատանիներին ավելի համարձակ գործելու եւ օբյեկտիվի առաջ ազատ լինելու խրախուսական խոսքեր ասաց: Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, ամփոփելով անցնող ամսվա քարոզարշավային միջոցառումները (5000-ից ավելի մասնակից, 19 միջոցառում, 1095 նորատունկ ծառեր եւ այլն), վերստին կարեւորեց բնապահպանական հիմնախնդիրներին երիտասարդ սերնդի մասնակցության անհրաժեշտությունըՙ որպես նոր մտածողության կրողների եւ այդ գիտակցությունը փոխանցողների:
Մ. Բ.