Երեք օր շարունակ 6 երկրի ավելի քան 30 երիտասարդ մասնակիցներ անծանոթ միջավայրում եւ անծանոթ երկրում անցնում էին գյուղից գյուղ, ծանոթանում տեղաբնակների հետ, նրանց օգնում կատարելու գյուղական աշխատանքները եւ միաժամանակ փորձում գտնել տաքուկ անկյուն գիշերելու համար: Այս կերպ եւ այսպիսի ձեւով մասնակիցները փորձում էին ճանաչել սեփական եսը եւ սովորել կառավարել զգացմունքները:
Եվրոմիության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի ֆինանսական աջակցությամբ եվրոպական եւ հարավկովկասյան երկրների երիտասարդները հավաքվել էին Ուկրաինայում` Կարպատյան լեռներով շրջապատված փոքրիկ Սլավսկա ավանում, ծանոթանալու ու միմյանց օգնությամբ սովորելու եւ փորձ ձեռք բերելու համար:
«Հյուրանոցի պատերից դուրս` համայնքում մարդկանց հետ շփվելով, այլ մշակույթների ծանոթանալով եւ ինքնուրույն որոշումներ կայացնելով կրթվելու միջոցը բավականին արդյունավետ է: Մասնակիցները գուցե անմիջապես արդյունքը չեն նկատում, սակայն կյանքում նրանց ձեռք բերած փորձառությունները չեն կորչում», ասաց ծրագրի կազմակերպիչ, իտալացի ուսուցանող Ջանլուկա Իակուվելեն : «Ստեղծագործ մտքեր» կոչվող ծրագիրը կազմակերպել էին Իտալիայում եւ Ուկրաինայում գործող երիտասարդական կազմակերպությունները: «Անծանոթ միջավայրն ու երբեմն նաեւ աննպաստ պայմանները տարբեր մասնակիցների մեջ տարբեր մոտեցումներ են առաջացնում: Սովորաբար լռակյաց եւ չշփվող աղջնակը կարող է լիդերական ունակություններ ցուցաբերել, իսկ արդեն հասուն տղան կարող է հրաժարվել հերթական փորձությունն անցնելուց», ասաց ուկրաինացի ուսուցանող Տատյանա Պետրուխան :
Փորձություններ, իսկապես, կային: Անձրեւոտ եւ ցուրտ եղանակին ոտքով անցնել մի քանի կիլոմետր ճանապարհ, ծանոթանալ բնակիչների հետ, երբ նրանցից շատերը տիրապետում էին միայն ուկրաիներենին: «Ամենահիշվող փորձառությունը թերեւս հասարակական տրանսպորտից օգտվելն էր: Գյուղերն իրար կապող ճանապարհ որպես այդպիսին գոյություն չունի: Մենք նստեցինք խորհրդային տարիների հին ավտոբուս, եւ տղաները ստիպված էին տասը րոպեն մեկ այն հրել ցեխոտ ճանապարհներին: Երբ այս ճանապարհները համեմատում էի մեր գյուղերի ճանապարհների հետ, հասկանում էի, թե որքան բարեկեցիկ են ապրում մերոնք», ասաց հունգարացի Յուդիթ Մոլնարը:
«Սովորել սեփական փորձառությամբ: Սա էր ծրագրի մեթոդը: Ինչպես կվարվեիր, եթե ստիպված լինեիր գիշերել կիսակառույց դպրոցի շենքում կամ ախոռում: Մեր մասնակիցներից յուրաքանչյուրն իր լուծումն էր գտնում: Մի քանիսի համար դա պարզապես նոր փորձ էր, մյուսների համար անսովոր եւ հետաքրքրական իրադրություն, մեկ ուրիշն էլ պարզապես սկսեց վիճել եւ մեղադրել մեզ իրեն այստեղ բերելու համար: Հետագայում, երբ ծրագրի այդ մասն ավարտվել էր եւ սկսվել էր վերլուծությունների շրջանը, մասնակիցները հասկացան, թե որքան կարեւոր է ճիշտ կառավարել սեփական զգացմունքները», ասաց Ջանլուկա Իակուվելեն:
Սեփական փորձով սովորելու ձեւը ոչ ֆորմալ կրթության տարածված մեթոդներից մեկն է: Այս կերպ յուրաքանչյուր մասնակից ձեռք է բերում ճիշտ այնքան փորձ եւ գիտելիք, որքան ցանկանում է:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ, Սլավսկա-Երեւան