«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2010-04-30 | #79, 2010-05-01 | #80, 2010-05-04


ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՉԻՆԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Նախագահն այցելել է նաեւ «Չինական Վենետիկ»

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստան կատարած այցի շրջանակում մայիսի 2-ին հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոյի հետ:

Ինչպես տեղեկանում ենք նախագահի մամուլի ծառայությունից, նախագահը շնորհակալություն է հայտնել Հու Ձինթաոյին` «Շանհայ Էքսպո-2010»-ի բացման արարողությանը ներկա գտնվելու հրավերի համար, եւ շնորհավորել ցուցահանդեսի հաջող մեկնարկի առթիվ:

Նա ասել է, որ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, եւ նշել է, որ երկկողմ կապերն արդեն իսկ ընդլայնման լավ դինամիկա ունեն: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, հասարակական-քաղաքական, տնտեսական, մշակութային եւ կրթական բնագավառում աշխույժ համագործակցությունը, բազմակողմ ձեւաչափերում փոխադաձ աջակցությունը նպաստում են Հայաստանի եւ Չինաստանի միջեւ փոխըմբռնմանը եւ վստահության մեծացմանը:

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ էներգետիկայի, քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության, գիտության եւ տեխնիկայի, պաշտպանության, մշակույթի եւ կրթության բնագավառներում բազմաթիվ համատեղ նախագծեր իրականացվել են մեծ հաջողությամբ: Սերժ Սարգսյանն ու Հու Ձինթաոն հայ-չինական համագործակցության մինչ այժմ կուտակած մեծ փորձը լավ հիմք են համարել` որակական նոր աստիճանի բարձրացնելու երկկողմ հարաբերությունները:

Նախագահները քննարկել են Հայաստան-Իրան երկաթուղու կառուցմանը Չինաստանի մասնակցության հարցերը: Կողմերն ընդգծել են, որ ՉԺՀ-ի Շանսի նահանգում հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության գործարկումը երկկողմ կապերի զարգացման կարեւոր վկայություն է:

Հայաստանի եւ Չինաստանի նախագահները վստահեցրել են, որ պատրաստ են լրացուցիչ ջանքեր ներդնել հայ-չինական բարեկամական հարաբերություններն ընդլայնելու գործում:

Իսկ մայիսի 1-ին Հայաստանի նախագահն այցելել է Սուժոու քաղաք եւ համանուն տեխնոպարկ, որը Չինաստանի եւ Սիգապուրի համատեղ նախագիծն է: Սուժոուն հաճախ անվանում են «Չինական Վենետիկ», արդյունաբերական արտադրանքի եւ պատրաստի արտադրանքի արտահանման ծավալներով այն զիջում է միայն Շանհային: Քաղաքում նախագահ Սարգսյանը այցելել է «Հայգեր» ավտոբուսների գործարան« որտեղ հանդիպել է Սուժոուի փոխքաղաքապետ Ժաո Վեյչանի եւ «Հայգեր» կորպորացիայի գլխավոր տնօրեն Վու Վենմենի հետ: «Հայգեր» գործարանը միայն Սուժոու քաղաքում ունի 4000 աշխատատեղեր եւ անցյալ տարի ունեցել է 730 մլն ԱՄՆ դոլարի շրջանառություն: Հայկական պատվիրակության հետ զրույցում Վու Վենմենը նշել է, որ իրենք մտադիր են նման ցուցանիշների հասնել նաեւ հայկական շուկայում: «Հայգերի» տնօրենի խոսքերով, իրենք ուսումնասիրել են հայկական շուկան եւ վստահ են, որ «համագործակցության նոր հորիզոններ են բացվում»: Իր հերթին քաղաքային իշխանությունները հայկական կողմին վստահեցրել են, որ Սուժոուն շահագրգռգված է Հայաստանի հետ զարգացնելու համագործակցությունը ոչ միայն տնտեսական, այլեւ կրթության եւ մշակույթի ոլորտներում:

Հայաստանի նախագահը եղել է նաեւ Սուժոուի գիտությունների, մշակույթի եւ արվեստի կենտրոնում, ծանոթացել է տարածքում կազմակերպված թանգարանի ցուցանմուշներին: Սուժոուի քաղաքապետ Յան Լիի հետ հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը նշել է, որ քաղաքում տեսավ Չինաստանի նոր հնարավորությունները. «Ես ինձ զգում էի ապագայի քաղաքում», ասել է Հայաստանի նախագահը` հավելելով, որ Հայաստանի եւ Չինաստանի քաղաքական հարաբերությունները դրական են, եւ անհրաժեշտություն կա, որ տնտեսական հարբերությունների զարգացման տեմպերը չզիջեն քաղաքականին:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4