«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2010-04-30 | #79, 2010-05-01 | #80, 2010-05-04


«ՀՐԱՆՏ ԴԻՆՔԸ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԳԱԶԱՆԱՅԻՆ ԱԿՏԻ ԶՈՀ Է»

Լրագրությունը ճգնաժամ է ապրում

Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը ` խոսելով եվրոպական ԶԼՄ-ների ընդհանուր պատկերի մասինՙ Մամուլի ազատության օրվա կապակցությամբ:

Բացի Հրանտ Դինքից, որին Համարբերգը համարում է «բռնության գազանային ակտերի զոհ Թուրքիայում», այդպիսիք են նաեւ Աննա Պոլիտկովսկայան` Ռուսաստանում, Գեորգի Գոնգաձեն` Ուկրաինայում, եւ Էլմար Հուսեյնովը` Ադրբեջանում. «Նրանք բոլորն էլ աննախադեպ խիզախություն են ցուցաբերել եւ իրենց նվիրեցին վիճահարույց քաղաքական խնդիրներում ճշմարտության վերհանմանը: Նրանց մահվան դեպքերը կարող են մյուս լրագրողներին ավելի զգուշավոր դարձնել եւ ինքնաքննադատություն առաջացնել», հայտարարել է Համմարբերգը:

Առհասարակ, խոսելով եվրոպական ԶԼՄ-ների մասին, Համմարբերգը նշել է, որ վերջիններիս պատկերը փոփոխվում է աննախադեպ արագությամբ. «Սեփականության կենտրոնացումը, շատ թերթերի փակումը, խմբագրությունների կրճատումն ու վերափոխումը համընկնում են ինտերնետում չճշտված տեղեկատվության չափից դուրս աճի հետ: ԶԼՄ-ները դառնում են ավելի արագ, բայց առաջարկում են ավելի մակերեսային լուսաբանում: Լրագրության ճգնաժամը սպառնում է խնդիր դառնալ Եվրոպայում ժողովրդավարության համար», ընդգծել է հանձնակատարը` հավելելով, որ ԶԼՄ-ների նոր համապատկերում լրագրող-վերլուծաբանը, որը որակյալ տեղեկատվություն է առաջարկում, կարող է հայտնվել «մեռնող տիպերի» շարքում:

Իսկ այս պատճառով, ըստ մարդու իրավուքների հանձնակատարի, կառավարությունները պետք է ցույց տան, որ պատրաստ են պաշտպանելու ԶԼՄ-ներին. «Նրանք դա պետք է անեն ոչ թե խոսքերով, այլ գործով: Որեւէ ջանք չպետք է տնտեսվի` ձերբակալելու եւ դատելու ոչ միայն փաստացի կատարողներին, այլեւ նրանց պատվիրատուներին», նշել է Համմարբերգը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4