«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2010-04-30 | #79, 2010-05-01 | #80, 2010-05-04


ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍՊՈՐՏԸ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ

Նվիրված Ռուսաստանի հայերի միության տասնամյակին

Հայրենասիրության լավագույն դրսեւորումներից մեկն, անշուշտ, սպորտն է: Կա՞ հպարտանալու, հպարտություն զգալու առավել մեծ հիմք, քան օտար երկրում բարձրացված քո երկրի դրոշն ու հնչեցված օրհներգը: Որքա՞ն հուզումնալի ու բերկրալի պահեր մեզ պարգեւեցին հայ ծանրորդները` վերջերս Մինսկում կայացած Եվրոպայի առաջնությունում: Իրոք հայրենասիրություն է սպորտը, նրանով է երիտասարդը դառնում սկզբունքային, ամուր, առողջ, պահանջկոտ` ինքն իր հանդեպ, իսկ սրանք չե՞ն արդյոք հայրենասիրության հիմքերը: Ուստի ամենեւին էլ պատահական չէ, որ հենց հայրենասիրության հիման վրա կառուցված Ռուսաստանի հայերի միությունը ակտիվ համագործակցություն է սկսել նաեւ հայրենական մարզաշխարհի հետ: Ավանդական կարատե-դո ֆեդերացիան արդեն երկու տարի է, ինչ Միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի անդամ է:

«Կիլիկիա» մարզադահլիճում կազմակերպված կարատե-դոյի 6-րդ հանրապետական մրցումները նվիրված էին Ռուսաստանի հայերի միության տասնամյակին, որը նշվելու է այս տարի: Միության եւ Համաշխարհային կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանը , ողջունելով ֆեդերացիայի անդամներին, մասնակիցներին ու հյուրերին, շնորհակալություն հայտնելով, որ միջոցառումը նվիրված է Ռուսաստանի հայերի միության տասնամյակին, նշեց. «Ռուսաստանի հայերի միությունը իրականացնում է մի շարք ծրագրեր Հայաստանում եւ Արցախում` ամենատարբեր ոլորտներում: Մենք մեր մասնակցությունն ունենք հայրենիքի հասարակական, կրթամշակութային կյանքում, ու սկսում ենք իրականացնել ծրագրեր նաեւ սպորտային կյանքում, որն իր հերթին` հայրենասիրության խորհուրդ ունի: Սպորտում, հատկապես կարատե-դոյի նման մարտարվեստում, կան բոլոր նախադրյալները, փիլիսոփայությունը` իսկական հայրենասեր, բարոյապես ու մտավոր տոկուն, պարզապես լավ մարդ դաստիարակելու համար»: Այս ամենը ապացուցվեց նաեւ մրցումներին Երկրապահ կամավորականների վարչության ներկայացուցչիՙ Հակոբ Հակոբյանի մասնակցությամբ, որը վարչության նախագահ, Արցախի հերոս գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի անունից «Սպարապետ Վազգեն Սարգսյան» պատվոգրեր շնորհեց ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մնացականյանին եւ մի խումբ մարզիչների:

Լավագույն մարզիկի համար Ռուսաստանի հայերի միությունը նախատեսել է հատուկ գավաթ, որը կհանձնվի բոլոր ձեւերով լավագույնը ճանաչված մարզիկին:

Ռուսաստանի հայերի միության տասնամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են, որոնց մենք պարբերաբար կանդրադառնանք առաջիկա համարներում:

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4