«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2010-04-30 | #79, 2010-05-01 | #80, 2010-05-04


ԳԵՐՄԱՆԱԿԱՆ KfW ԲԱՆԿԸ 18 ՄԼՆ ԵՎՐՈ ՏՐԱՄԱԴՐԵՑ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻՆ

Գերմանական կողմն այս տարի Հայաստանին կտրամադրի 120 մլն եվրո

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Վերականգնվող էներգիայի աջակցություն» ծրագրի շրջանակներում գերմանական KfW բանկը Հայաստանի Կենտրոնական բանկին տրամադրեց 18 մլն եվրո վարկ եւ 1,5 մլն եվրո դրամաշնորհ: Այդ մասին համաձայնագիրը երեկ ստորագրեցին KfW բանկի առաջին փոխնախագահ Ռոլանդ Զիլլերը եւ Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Ներկայացնելով ստորագրված փաստաթուղթը, Արթուր Ջավադյանը հայտնեց, որ 2004-ին այս ծրագրով գերմանական կողմն արդեն տրամադրել էր 6 մլն եվրո վարկ եւ 1,5 մլն եվրո դրամաշնորհ: Այդ գումարով հայկական 6 բանկեր տվել են 14 վարկ, այդ թվում 8-ըՙ նոր կառուցվող ՀԷԿ-երի եւ 6-ըՙ գործող ՀԷԿ-երի համար: Բոլոր այդ վարկերն արդեն ամբողջությամբ օգտագործվել են, որեւէ խնդիր առաջացնող վարկ դրանց մեջ չի եղել: Իսկ ընդհանուր առմամբ, ըստ ԿԲ նախագահի, այս պահին հայկական բանկերի կողմից էներգետիկ ոլորտին տարամադրվել են 24,5 մլրդ դրամի վարկեր:

Գերմանական վարկերը Արթուր Ջավադյանը կարեւոր է համարում նաեւ այն առումով, որ դրանք տրվում են ոչ շուկայական տոկոսներով, այլապես դա ազդեցություն կունենա էլեկտրաէներգիայի սակագների վրա: Այդ պատճառով Կենտրոնական բանկը սահմանափակում է բանկերի կողմից տրամադրվող այս վարկերի տոկոսադրույքները: Արդեն ավարտված ծրագրով տրամադրվող վարկերի տոկոսադրույքները կազմել են 10,5 տոկոս, իսկ նոր տրամադրված վարկերինը կլինի 10,5-11 տոկոս շրջանականերում: KfW-ն 18 մլն եվրո վարկը Հայաստանին է տրամադրել 12 տարի մարման ժամկետով, որից 3 տարինՙ արտոնյալ:

Ռոլանդ Զիլլերն իր հերթին նշեց, որ «Վերականգնվող էներգիայի աջակցություն» ծրագրի վարկը տրամադրվում է ցածր տոկոսով եւ երկարաժամկետ, դրանով իսկ նպաստելով վերականգնվող էներգետիկայի զարգացմանը Հայաստանում: Նա նաեւ տեղեկացրեց, որ 2010 առանձնահատուկ է հայ-գերմանական համագործակցության համար, քանի որ Գերմանիայի կառավարությունը մտադիր է աննախադեպ ծավալների ծրագրեր ֆինանսավորել: Մասնավորապես, նախատեսվում է Հայաստանի կառավարության հետ կնքել 120 մլն եվրոյի պայմանագրեր: Գերմանիայի կառավարության այդ ցանկությունը Ռոլանդ Զիլլերը պայմանավորեց նրանով, որ Հայաստանը շատ է տուժել ճգնաժամից: Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանի կառավարությունը շատ հստակ քայլեր է կատարել այդ ուղղությամբ, ինչն առանձնացվել է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից:

«Որո՞նք են ֆինանսավորման ենթակա ծրագրերը» հարցին պատասխանելովՙ Ռոլանդ Զելլերն ասաց, որ 20 մլն եվրոյի համաձայնագիրը հիպոթեկային վարկավորման համար արդեն ստորագրվել է, 18 մլն եվրոն ստորագրվեց երեկՙ վերականգնվող էներգետիկայի համար: Առաջիկայում 30 մլն եվրո կհատկացվի Գյումրիում եւ Վանաձորում ջրամատակարարման ծրագրի 2-րդ փուլի իրականացման համար: Եվս 51 մլն եվրո էլ գերմանական կողմը կտրամադրի Որոտանի կասկադի եւ հիդրոկայանների վերականգնման համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4