«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2010-04-30 | #79, 2010-05-01 | #80, 2010-05-04


ՈՉ ՈՔ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ՞ ԴԱՐՁՆՈՒՄ ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻՆ

«Ազգը» նախորդ համարում տեղեկացրել էր, որ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը գտնվում է կառավարության, անձամբ` վարչապետի տեսադաշտում: Մենք մեջբերել էինք արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության բաժնի պետ Նիկոլայ Գրիգորյանի խոսքերը, որը նշել էր, որ գերեզմանոցի վերացման համար կառավարությունն արդեն բնապահպանության նախարարությանն է փոխանցել շուրջ 20-30 մլն դոլար, իսկ վարչապետն էլ նամակներով դիմել է համապատասխան միջազգային մարմիններին` ակնկալելով նրանց օգնությունը:

Սակայն երեկ հրավիրած ասուլիսում հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանը եւ ակտիվ բնապահպան Մարիամ Սուխուդյանը , որոնք նախօրեին եղել էին գերեզմանոցի տարածքում, նշեցին հետեւյալը. «77 տոննա թունաքիմիկատներն արդեն ներծծվել են այդ տարածքից 35 մետր ներքեւ գտնվող հողի, ջրի եւ օդի մեջ: Սա ամենամեծ հանցագործությունն է, որ կատարվել է վերջին տասնամյակներում Հայաստանում: Երեւանում տեղի է ունենում աղետ, եւ ոչ ոք չի ուզում ուշադրություն դարձնել կամ աչքի տակով անցկացնել: Արտակարգ իրավիճակների եւ բնապահպանության նախարարությունները որեւէ քայլ չեն ձեռնարկում այս ուղղությամբ, եւ եթե այսպես շարունակվի, մենք պահանջելու ենք բնապահպանության նախարարի հրաժարականը, իսկ արտակարգ իրավիճակների նախարարությանը կստիպենք հարեւան գյուղերի բնակիչներին զգուշացնել վտանգի մասին»:

«Անձամբ ես ցավեր եմ զգացել այդ տարածքում,- ասաց Սուխուդյանը,- 20 րոպե անցկացրինք այդտեղ, վերցրել էինք բժշկական դիմակներ, բայց այդ թունաքիմիկատները պարկերից դուրս էին եկել, այնինչ նախկինում` պարկերում էին: Նախ կոկորդս սկսեց ցավել, սկսեցի հազալ, կրծքավանդակումս ցավեր սկսեցին, սրտխառնոց, գլխացավ ունեցա»: Էդիկ Բաղդասարյանը ավելացրեց, որ թունաքիմիկատները վտանգավոր են հատկապես հարակից գյուղերի բնակիչների համար. «Նրանք կարող են ստանալ քաղցկեղ եւ այլ վտանգավոր հիվանդություններ: Ես գիտեմ, որ 2005-ին Հայաստանին 500 հազար դոլար են տրամադրել, կազմվել է ազգային ծրագիր գերեզմանոցը ոչնչացնելու համար, սակայն այդ գումարով նույնիսկ թունաքիմիկատները չեն ուսումնասիրվել», եզրափակեց Բաղդասարյանը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4