«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#79, 2010-05-01 | #80, 2010-05-04 | #81, 2010-05-05


«ՍԵՓԱԿԱՆ ՃԱԿԱՏԱԳՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԳՈՐԾԻՆ ՊԵՏՔ Է ՄԱՍՆԱԿՑԵՆ ԿՈՆՖԼԻԿՏԻ ԻՐԱԿԱՆ ԿՈՂՄԵՐԸ»

Կոնֆլիկտների լուծման վերաբերյալ տարիներ շարունակ ձգձգվող եւ երբեմն էլ անարդյունք թվացող բանակցություններն ուսումնասիրելիս Վրաստանի տարածաշրջանային անվտանգության հարավկովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ռուսեցկին հանգել է այն եզրակացության, որ բանակցությունների ընթացքում ցուցաբերվող մոտեցումները պարզապես չեն համապատասխանում կոնֆլիկտների բնույթին: «Հարց է առաջանում միջնորդներն իսկապե՞ս ցանկանում են արդյունքի հասնել, թե՞ խաղաղարար այդ մոտեցումներն ընդամենն իմիտացիա են: Կոնֆլիկտի իրական կողմերը բանակցություններին չեն մասնակցում, երրորդ երկրներն են որոշում նրանց ճակատագիրը: Երբեմն էլ միջնորդ է այն երկիրը, որը հստակ հետաքրքրություններ ունի այդ տարածաշրջանում, սա պարզապես անհեթեթություն է», «Հենարան» ակումբում ասաց Ալեքսանդր Ռուսեցկին : Փորձագետի կարծիքով, հաճախ բազմաշերտ կոնֆլիկտները պարզեցվում են, եւ բանակցությունների սեղանին հաշվի է առնվում կոնֆլիկտի միայն մեկ կողմը, օրինակ` էթնիկականը: «Մեր ինստիտուտը կոնֆլիկտների լուծման սկզբունքների ուսումնասիրություններ կատարելիս նշում է խաղաղարար գործընթացների դեմոկրատացման մասին, ինչը նշանակում է, որ սեփական ճակատագրի լուծման գործին պետք է մասնակցեն կոնֆլիկտի իրական կողմերը», ասաց Ալեքսանդր Ռուսեցկին: Թեպետ փորձագետը կոնֆլիկտների խաղաղ լուծման հնարավորության հավատում է, սակայն չի բացառում ոչ միայն հայ-ադրբեջանական, այլեւ վրաց-ռուսական պատերազմի հավանականությունը:

Անդրադառնալով վրաց-օսական պատերազմին եւ դրան անմիջապես հաջորդած հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացին, քաղաքագետը նկատեց, որ վրաց օսական պատերազմն իրականում միայն վրաց օսական չէր: «Մեր ինստիտուտի տվյալներով, պատերազմը սկսվեց ոչ թե Վրաստանի, այլ Թուրքիայի տարածքում, 2008 թվականի օգոստոսի 5-ին Քրդական աշխատավորական կուսակցությունը պայթեցրեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը: Պատերազմն իրականում էներգակիրների եւ ենթակառուցվածքների համար էր: Ես միայն մասնակի կարող եմ համաձայնել այն մտքին, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման մեկնարկն օգոստոսյան պատերազմի արդյունքն էր», ասաց Ալեքսանդր Ռուսեցկին: «Ազգի» այն հարցին, թե որոնք էին Թուրքիայի առաջ քաշած տարածաշրջանային կայունության պլատֆորմի իրական հիմքերը եւ որքանով այն կարելի է հաջողած կամ տապալված համարել, քաղաքագետը նշեց. «Օգոստոսյան պատերազմից ուժեղացան Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում: Այստեղ Թուրքիան լուրջ վտանգ էր տեսնում իր համար եւ անմիջապես հանդես եկավ կայունության պլատֆորմի նախաձեռնությամբ: Պլատֆորմն ըստ էության Էրդողանի հայտարարությունն էր: Գոնե ես որեւէ փաստաթղթի գոյության մասին չեմ լսել»:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4