«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#79, 2010-05-01 | #80, 2010-05-04 | #81, 2010-05-05


ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ՔԻՉ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՊԻՏԻ ԼԻՆԻ

Մինչեւ երեկ դառնացած էի: Դառնացածՙ մեր ուսանողությունից, նրա անտարբերությունից: Հաճախ, նույնիսկ անմիջականորեն իրեն վերաբերող խնդիրներին մեր ուսանողությունը սովորաբար մոտենում է անտարբերությամբ: Դառնությանս պատճառն այս անգամ այն քար-լռությունն էր, որը հետեւեց մեր թերթի ապրիլի 2-ի համարի հրապարակմանը Գյուղատնտեսական համալսարանի այգում (նախկինՙ Ղուկաս Ղուկասյանի անվան, այժմՙ Ուսանողական այգի) կատարվող վանդալիզմի մասին: Միակ արձագանքողը եղել էր Երեւանի գլխավոր ճարտարապետը, որի «պարզաբանումները» հրատարակել էինք թերթի հաջորդ համարում, մեր կողմից ավելացնելով, որ կնախընտրեինք ոչ մի բացատրություն էլ ստացած չլինել, քան նմանՙ ոչինչ չասող պատասխան-նամակ ստանալ:

Մեր ընթերցողները հիշում են, որ վերոհիշյալ հրապարակումը, ուղեկցող լուսանկարներով, ներկայացնում էր հիշյալՙ գեղեցիկ ու թանկարժեք ծառատեսակներով հարուստ այգում, նախկին փայտաշեն եւ բացօթյա զույգ սրճարանների փոխարեն, այժմ թիթեղյա ամրափակ եւ հսկայական տարածք զբաղեցնող ցանկապատեր: Ներսում այժմ էլ կատարվում է իսկական եղեռնագործությունՙ 10-15 մետր խորությամբ հիմքեր են փորված եւ ամրակուռ բետոնապատում է կատարվում, հետագայում հսկայական շինություն բարձրացնելու ակնհայտ մտադրությամբ: Մեր հրապարակմանը հաջորդած օրերին այնտեղ միայն մի փոփոխություն էր կատարվել: Աբովյան փողոցի կողմից ծածկված կառուցապատումը կիսվել էրՙ բաց թողնված միջանցքից Վիկտոր Համբարձումյանի արձանը եւ վերջինիս հետեւում գտնվող փոքրիկ աստղադիտարանը կրկին ի ցույց հանելու ստիպմամբ: Այսքանը:

Դառնացել էի, ավելի շուտՙ անզորության զգացողությունից գրեթե հուսահատվել էի: Այդ այգին եզակի հանգստյան գոտի է շրջապատում գտնվող 4 համալսարանների առնվազն 10 հազար ուսանողների համար, որոնք ծպտուն անգամ չէին հանել իրենց աչքի առաջ կատարվող խժդժության դիմաց: Եթե ոչ իրենց քաղաքը, որ 10 տարուց ավել ամեն օր է զրկվում կանաչ տարածքից, գոնե իրենց այգին պաշտպանեին...

Եվ ահա, երեկ, մեր պաշտոնակից «Առավոտ» թերթում հանդիպեցի մի փոքրիկ տեղեկատվության. ուսանողները հանդես են եկել «Մենք ենք այս քաղաքի տերը» սոցիալական նախաձեռնությամբ, եւ 2 300 անդամներով հրապարակել հայտարարություն, որը «պահանջում է դադարեցնել շինարարությունը եւ այգին վերադարձնել հասարակությանը»: Ահա սրա՛ սպասումը ունեի եսՙ արձագանք ոչ թե մեր հրապարակածին, այլ իրենց իսկ իրավունքների դեմ կատարվող ոտնձգությանը: Եվ ես վստահ եմ հիմա, որ հետեւողական լինելու պարագայում այդ 2 300 ուսանողները կարող են հասնել իրենց եւ մեր նպատակին, փրկելով ոչ միայն այդ, այլեւ մյուս բոլոր այգիներն ու կանաչ տարածքները, որոնք զոռբաների ու չինովնիկների անհագուրդ ախորժակի զոհերն են դառնում ամեն օր ու ժամ:

Քաղաքացիական հասարակություն մենք չունենք: Գոնե ուսանողությունը ստանձնի հասարակական իր դերը, թեկուզ մի քիչ հեղափոխական, թեկուզ հախուռն, բայց միշտ անկեղծ եւ անկաշառ: Դա իր իրավունքն է, նաեւՙ պարտականությունը:

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4