Ասում է «Հեյֆեր ինթերնեշնլի» հայկական մասնաճյուղի տնօրենը
2009-ին լրացավ Հայաստանում գյուղացիներին անմիջական օգնություն տրամադրող «Հեյֆեր ինթերնեշնլի» գործունեության 10 տարին` այդ միջազգային կազմակերպության ստեղծման 65-րդ տարեդարձի հետ միաժամանակ: Այդ առթիվ հանդիպեցինք եւ մեր երկրում կազմակերպության իրականացրած ծրագրերի մասին զրուցեցինք «Հեյֆեր փրոջեկտ ինթերնեշնլի» հայկական մասնաճյուղի տնօրեն Անահիտ Ղազանչյանի հետ:
Մեր զրուցակիցը նախ պատմեց, թե ինչպես է ստեղծվել այս կազմակերպությունը, ով է ստեղծել եւ ինչու է կոչվում «հեյֆեր»:
Ամերիկացի ֆերմեր Դան Ուեստը Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ սոված երեխաների համար կաթի չափաբաժիններ էր լցնում, երբ մտածեց. «Այս երեխաներին ոչ թե մի բաժակ կաթ, այլ կով է անհրաժեշտ»: Ուեստը Բրեթրենի եկեղեցու բարեգործական ծրագրի աշխատող էր եւ որոշում էր, թե ով պետք է եւ ով չպետք է ստանա չափաբաժիններ, ինչը բառացիորեն նշանակում էր, թե ով պիտի ապրի եւ ով մեռնի: Նա հասկացավ, որ այսպիսի օգնությունը երբեք բավարար չի լինելու:
Ուստի Ուեստը, վերադառնալով տուն, հիմնեց «Հեյֆեր» կազմակերպությունը, կազմակերպություն, որն իրեն նվիրեց սովի դեմ պայքարի գաղափարին: 1944-ին տեղի ունեցավ առաջին 17 երինջների տեղափոխումը Յորքից (Փենսիլվանիայի նահանգ) Պուերտո Ռիկո, որոնք բաժանվեցին այն ընտանիքներին, որոնք թերասնվող երեխաներ ունեին, երեխաներ, ովքեր երբեք չէին համտեսել կովի կաթը:
Հիմա արդեն ավելի քան 125 երկրներում 9,2 մլն ընտանիքներ օգտվել են Հեյֆերի օժանդակությունից եւ դարձել ինքնաբավ: Նրանք կազմակերպությունից ստացել են «հեյֆեր»ՙ երինջ, որն այդ տարին պետք է ծնի, ապա պահել-մեծացրել են ծնված հորթին մինչ երինջ դառնալը եւ արդեն իրենք են նվիրաբերել մեկ այլ ընտանիքի:
Հայաստանում «Հեյֆերը» սկսել է գործել 1999-ից: Ըստ Անահիտ Ղազանչյանի, Հարավային Կովկասում իրագործված ծրագրերի մեծ մասը իրականացվել է Հայաստանում: «Միայն Հայաստանում աջակցել ենք Հայաստանի տարբեր մարզերի 165 գյուղերում ապրող ավելի քան 4 հազար ընտանիքների: Շահառուները որպես աջակցություն ստացել են տարբեր ընտանի կենդանիներՙ կովեր, այծեր, ոչխարներ, մեղուներ, ճագարներ, հավեր, ձկներ, հնդկահավեր, գոմեշներ, ցլիկներ, կալիֆոռնիական որդեր, ինչպես նաեւ կարտոֆիլի, ցորենի սերմեր, մրգատու եւ այլ ծառերի տնկիներ: Այդ ընտանիքների կեսից ավելին արդեն իրենք են կատարել նվիրատվության փոխանցումներ: Այժմ մենք Հայաստանում իրականացնում ենք 17 ծրագրեր», փաստեց «Հեյֆեր ինթերնեշնլի» հայկական մասնաճյուղի տնօրենը:
«Հեյֆերը» հիմնականում երինջներ է տրամադրում գյուղացիներին: Նվիրատվություն ստանալուց երեք տարի հետո (այս ժամանակահատվածը անհրաժեշտ է որպեսզի հորթը երինջ դառնա), շահառուները, կատարելով նվիրատվության փոխանցում, իրենք են դառնում են դոնոր, եւ պետք է ասեմ, որ ուրիշին օգնության ձեռք մեկնելիս նրանք ավելի շատ են ուրախանում, քան երբ ստանում են կենդանին որպես նվիրատվություն», ասաց Անահիտ Ղազանչյանը: Նրա հավաստիացմամբ, անգամ այն տարիներին, երբ երաշտ է եղել եւ գյուղացիներից շատերը չեն կարողացել վարկերը վերադարձնել վարկատու կազմակերպություններին, «Հեյֆերի» ծրագրերի մասնակիցներն ամբողջությամբ կատարել են իրենց պարտավորությունը եւ վերադարձրել իրենց ստացածի դիմաց:
Կազմակերպության հայկական մասնաճյուղի տնօրենն ընդգծեց, որ գյուղական համայնքներում ծրագրեր իրականացնող այլ կազմակերպություններից իրենցը տարբերվում է նրանով, որ մյուսներն աշխատում են գյուղացիության այն հատվածի հետ, որին սկզբնական շրջանում աջակցում է «Հեյֆերը»: «Այն հատվածի հետ, որ մենք ենք աշխատում, ոչ ոք չի աշխատում: Այսինքն, չունեւոր գյուղացուն օգնելով, դարձնելով նրան ապահով, հնարավորություն ենք ստեղծում, որ մյուս կազմակերպությունները սկսեն ֆինանսավորել նրան արդեն որպես հուսալի եւ կայացած գործընկերոջ: Փաստորեն մեր ծրագրերի շնորհիվ գյուղացին չի լքում գյուղը, եւ այսպիսով կանխվում է արտագաղթը», ասաց մեր զրուցակիցը:
«Ինչպե՞ս է ֆինասավորվում կազմակերպությունը» մեր հարցին պատասխանելովՙ Անահիտ Ղազանչյանն ասաց, որ կազմակերպությունն իր միջոցները ստանում է մասնավոր նվիրատուներից, որոնք, ըստ իրենց ցանկության եւ հնարավորության, գումարներ են նվիրաբերումՙ նպատակ ունենալով աջակցել սովին եւ աղքատության վերջ տալու կազմակերպության հռչակած առաքելությանը: Իսկ կոնկրետ Հայաստանում այս տարիների ընթացքում գյուղացիներին աջակցելու նպատակով իրականացված ծրագրերի գումարային արժեքը կազմել է ընդհանուր առմամբ 4 մլն 145 հազար դոլար:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Խմբ. կողմից - Հիշեցնենք, որ նման ծրագրով եւ գրեթե համանման պայմաններով Արցախում ծրագրեր են իրականացնում Փարիզից մեր թերթի բարեկամ, ռամկավար հայտնի գործիչ Լեւոն Քեբաբջյանըՙ տիկնոջ հետ: