«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#79, 2010-05-01 | #80, 2010-05-04 | #81, 2010-05-05


ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՐԲԱՎԱՅՐԵՐԸ

Մոսկվայի «Սլովո» հրատարակչությունը վերահրատարակել է Էմմանուել վարդապետ Աթաջանյանի եւ Գեւորգ Մադոյանի «Երուսաղեմի հայոց սրբավայրերը» գիրքը, որը Երուսաղեմի եւ նրա արվարձանների Հայոց սրբավայրերի եթե ոչ ամբողջական, ապա հնարավորինս տարողունակ պատմատեղեկատվական ակնարկների ժողովածու է: Գրքում սրբավայրերի պատկերները համադրվում են հայերեն-անգլերեն-ռուսերեն ծանոթագրություններով: Կարդալով այդ փոքրիկ պատմությունները` հաճելիորեն զարմացանք, քանի որ փոքրիկ, տաս-տասնհինգ տողանոց պատմություններն իրոք տեղեկատվական խտանյութեր թվացին մեզ` այնքան շատ ինֆորմացիա կրող, որ գրքի վերջին էջը շուռ տալուց հետո մի հաստափոր հատոր ընթերցած կարծես լինեինք: Ժլատ տեքստերով, հուշարձանների հարուստ, գեղեցիկ պատկերներով հատվածներում չքնաղ պատմություններ կան, որ հայ եկեղեցու, եւ ինչու չէ` հայոց պատմության մոռացված գոհարներ են մատուցում եւ մեզ, եւ օտարներին:

Ահա դրանցից մի քանիսը. Ս.Թորոս եկեղեցին գտնվում է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Մայր տաճարից մի փոքր դեպի արեւելք: Ավանդության համաձայն` եկեղեցու կառուցումը կապվում է Կիլիկիո Հեթումյան հարստության հետ եւ թվագրվում է մոտավորապես 1266-1300 թթ.: Ս. Թորոս եկեղեցին հայտնի է նաեւ որպես հնագույն ձեռագրերի մատենադարան, ուր պահվում է գրեթե 4000 պատմամշակութային բացառիկ արժեք ունեցող ձեռագիր ու մանրանկար:

Սուրբ Հարության տաճարը գտնվում է Հին Երուսաղեմի կենտրոնում, որի մեծ մասը զբաղեցնում է արաբական շուկան, այն շրջապատում է եւ այս մեծակառույց շինությունը: Հույն եւ Լատին եկեղեցիների հետ, Հայ եկեղեցին տաճարի գլխավոր պահապան-հոգատարներից է: Տաճարն այլազան եկեղեցիների եւ մատուռների ամբողջություն է: Այստեղ կան սրբավայրեր, ուր քույր եկեղեցիները պաշտամունք անցկացնելու իրավունքներ ունեն: Դրանց զուգահեռ` Հայ եկեղեցին բացառիկ իրավունքներ ունի ի թիվս տարբեր խորանների եւ սեղանների, նաեւ` Ս. Գրիգոր Լուսավորիչ եւ Երկրորդ Գողգոթա եկեղեցիներում: Մինչեւ ԺԵ դարը մեզ է պատկանել նաեւ Գողգոթան` Հիսուսի խաչելության վայրը:

Ի դեպ` հետաքրքրական պատմություն կա Երկրորդ Գողգոթան կառուցելու հետ կապված (սա զուտ հայկական մոտեցում պետք է համարել, որովհետեւ երկրորդ խաչելության վայր լինել չի կարող, բայց...): Գրքում կարդում ենք, որ բարդ խարդավանությունների հետեւանքով Գողգոթայից զրկվելով` 1422 թ. հայերը կառուցում են Երկրորդ Գողգոթան կամ Վերնատուն կոչվող եկեղեցին (1439 թ., Մարտիրոս սրբազան արքեպիսկոպոսի պատրիարքության շրջան, 1419-1450): Այստեղ է գտնվում Չարչարանաց սյան մի մասը, որին կապեցին Հիսուսին` չարչարանաց եւ ձաղանաց ենթարկելով նրան:

Ահա այսպիսի պատմությունները եւ Երուսաղեմի հայկական սրբավայերի պատկերները` նրանց գտնվելու վայրի հստակ ցուցումներով, գրքում տասնյակներով են:

Օգտվելով գրքից` տեղեկացնենք, որ արդեն Զ դարում Ավետյաց երկրում 70-ից ավելի հայկական եկեղեցիներ կային, իսկ շուտով հիմնվեց նաեւ Հայոց պատրիարքությունը: Այսօր Տնօրինական ամենակարեւոր վայրերում պարտադիր տիրույթներ ունի Հայ եկեղեցին: Ս. Երկրում Հայ եկեղեցին կոչվում է Հայոց ուղղափառ եկեղեցի` Արեւելյան ուղղափառներին պատկանելու եւ ցայսօր դավանանքն անբիծ պահելու համար:

«Երուսաղեմի հայոց սրբավայրերը» գիրք-ուղեցույցը Երուսաղեմում հայտնված եւ սրբավայրերով հետաքրքրված հայի եւ ինչու չէ` նաեւ օտարերկրացու համար անփոխարինելի ուղեցույց է, միաժամանակ վկայություն մեր հավատի` այդ հուշարձանների հետ կապված պատմության:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4