«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#79, 2010-05-01 | #80, 2010-05-04 | #81, 2010-05-05


ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՆՈՆԸ ԱԲՈՒ ԴԱԲԻՈՒՄ

Մարտի 20-ից ապրիլի 7-ը Աբու Դաբիում կայացել է երաժշտական միջազգային փառատոն, որին մասնակցել է նաեւ հայազգի քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանը : Քանոնահարուհուն նվագակցել է «Կամերտոն» կամերային անսամբլը, որի ղեկավարն է Լիանա Խանդկարյանը :

Հասմիկ Լեյլոյանի մենահամերգը կայացել է ապրիլի 3-ին Աբու Դաբիի «Էմիրատ» պալատում: Մենահամերգի ժամանակ հնչել են հայ, եվրոպացի դասական կոմպոզիտորների գործերը, նաեւ ջազային ու հայկական ժողովրդական ստեղծագործություններ:

Երեկ «Նովոստի» մամուլի կենտրոնում` ասուլիսի ժամանակ Լիանա Խանդկարյանը տեղեկացրեց, որ փառատոնին մասնակցելու հրավերը ստացել են «Աբու Դաբի» փառատոնի նախագահից: Փառատոնին մասնակցել են տարբեր երկրների ներկայացուցիչներ` Լեհաստանի ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը` Քշիշտոֆ Պենդերեցկու ղեկավարությամբ, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնը, Ամերիկայից Իլ Դիվո վոկալ քառյակը, Ճապոնիայից, Չինաստանից, Եգիպտոսից, Իտալիալիայից կատարողներ եւ այլն:

«Ինձ խնդրեցին հանդես գալ հիմնականում դասական գործերի կատարումներով, որովհետեւ դասական գործերը քանոնով ներկայացնողներն աշխարհում քիչ են», ասուլիսի ժամանակ նշեց քանոնահարուհին:

Փառատոնին հայազգի ներկայացուցիչներին հրավիրել էր մասնակցելու HKI միջազգային երաժշտական ֆոնդը (Լիբանան-ԱՄՆ): Հասմիկ Լեյլոյանը նախկինում մենահամերգով հանդես է եկել նաեւ Բեյրութում, որը հովանավորել էր Բեյրութում ՀՀ դեսպանը:

«Աբու Դաբի» փառատոնին Հայաստանի մասնակցությունը քանոնահարուհին կարեւորում է նրանով, որ հրավերն ուղարկողներն արաբներն էին, ոչ թե հայերը:

«Այս փառատոնի ժամանակ նվագել եմ հիմնականում դասական գործեր, որոնց մեջ մտնում էին նաեւ Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի եւ հայ ուրիշ հեղինակների ստեղծագործությունները: Արաբները շատ տպավորված էին հայկական երաժշտությունից, նույնիսկ տեսա` մի արաբ ունկնդիր հուզմունքից արտասվել էր Սայաթ Նովայի երաժշտությունը լսելիս», ասաց Հասմիկ Լեյլոյանը:

«Աբու Դաբի» փառատոնի կազմակերպիչներից` Շեյխից ու նրա կնոջից քանոնահարուհին ստացել է հատուկ շքանշան:

«Հասմիկ Լեյլոյանի հետ Սիրիայում ու Լիբանանում համերգներով հանդես գալու հրավերներ ենք ստացել, -ասաց Լիանա Խանդկարյանը, -արաբների համար քանոնը, իհարկե, բացահայտում չէր, որովհետեւ արաբական երկրներում քանոնը նույնպես համարվում է ժողովրդական գործիք, սակայն դասական գործերի կատարումը քանոնով արաբական երկրներում տարածված չէ»:

  «Ազգի» հարցին` արդյոք Հասմիկ Լեյլոյանին առաջարկե՞լ են մեր ազգային քանոնով նվագել արաբական երաժշտություն, քանոնահարուհին պատասխանեց. «Ինձ խնդրեցին, որ «Աբու Դաբի» փառատոնի ժամանակ գոնե արաբական մի գործ նվագեմ մեր քանոնով, սակայն ես հրաժարվեցի, որովհետեւ ես գնացել էի այնտեղ ներկայացնելու առաջին հերթին հայկական երաժշտությունը, իսկ առհասարակ արաբական երաժշտությունը նվագելու մեջ ես սխալ բան չեմ տեսնում, քանի որ դա ստեղծագործություն է, որը պարզապես հարգանքի համար էլ կարելի է նվագել»:

Հասմիկ Լեյլոյանը մտադիր է կազմակերպել քանոնի միջազգային փառատոն, այդ ծրագիրն արդեն երկու տարի է ընթացքի մեջ է, քանոնահարուհին նախատեսում է, որ փառատոնին մասանակցեն տարբեր երկրների ներկայացուցիչներ` ամեն մեկն իր երկրում ազգային գործիք համարվող քանոնով, նաեւ լինելու է կոնֆերանս, որտեղ ամեն մի երկիր տեսականորեն կներկայացնի, թե ինչո՞վ եւ ինչքանո՞վ է քանոնը տվյալ երկրի ազգային գործիքը:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4