Երեկ «Ազդակ» ակումբում` լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Արծրունի Աղաջանյանը խոսեց հայաստանյան ներքաղաքական, տնտեսական իրավիճակի, նաեւ, որպես Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ, գարնանային նստաշրջանում` ապրիլի 26-30-ը, իրենց կատարած աշխատանքներից: Բանախոսն անդրադարձավ նաեւ Հայաստանի արտաքին հարաբերություններում իրականացված քայլերին:
«Կարեւոր քայլ եմ համարում, որ եվրոպական երկրների 21 պատվիրակներ ստորագրեցին մի հայտարարություն, որը վերաբերում էր Ցեղասպանության դատապարտմանը ու կոչ էր անում Եվրոխորհրդի բոլոր երկրներին ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը», տեղեկացրեց Արծրունի Աղաջանյանը:
Ինչ վերաբերում է արտաքին ոլորտում նախագահ Սերժ Սարգսյանի իրականացրած նախաձեռնողական քաղաքականությանը եւ արձանագրությունների գործընթացի կասեցմանը, բանախոսը գնահատում է այդ քայլերը դրական, իսկ ներքաղաքական իրավիճակը` կայուն:
«Ոչ ոք արտահերթ ընտրությունների սպասելիք թո՛ղ չունենա, սակայն ես մտահոգություններ ունեմ տնտեսական ոլորտի հետ կապված: Տնտեսական ճգնաժամը հասել է իր պիկին նաեւ Հայաստանում, եւ նրա արդյունքները զգացվելու են ոչ միայն այս, այլեւ եկող տարի, սակայն Հայաստանը, թույլ ինտեգրված լինելով եվրոպական տնտեսական ոլորտին, հնարավորություն ունի որոշակիորեն արագ շրջանցելու ճգնաժամի պիկը: Կուզենայի, որ արտաքին հարաբերություններում իրականացված նախաձեռնողական քաղաքականությունը նաեւ իրականացվեր տնտեսական ոլորտում», ասաց Արծրունի Աղաջանյանը եւ հավելեց, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում որոշակի արտոնություններ պետք է տալ փոքր ու միջին բիզնեսին: Եթե դժվարին իրավիճակում մեծ բիզնեսը կարող է իր գործունեությունն իրականացնել, ապա փոքր եւ միջին բիզնեսի համար այդ պայմաններում գոյատեւելը շատ դժվար կլինի, իսկ Հայաստանում աշխատատեղերի ստեղծման համար ամենաարագ երաշխիքը կարող է լինել փոքր ու միջին բիզնեսի զարգացումը, այս առումով, ըստ բանախոսի, կառավարությունը մտածելու շատ բան ունի:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ