«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2010-05-05 | #82, 2010-05-06 | #83, 2010-05-07


ԹԱՂԱՅԻՆ ՏԵՍՈ՞ՒՉ, ԹԵ՞ ՔՆՆԻՉ

Անկախությունից անմիջապես հետո Հայաստանում տեւական ժամանակ վերացվեց թաղային լիազորների ինստիտուտը: Այն համարվեց նախկին խորհրդային ճնշիչ կառույցներից եւ, ի դժգոհություն ոստիկանության ու դատախազության փորձառու աշխատակիցների, վերացվեց: Անձամբ եմ լսել երկար աշխատանքային փորձ ունեցող քննիչների եւ անվտանգության այլ աշխատակիցների գանգատըՙ թաղային լիազորն է, որ առաջին ձեռք տեղեկություն է հավաքում հանցագործների, նախապատրաստվող հանցագործությունների մասին: «Սովետի ժամանակ, ասում էին նրանք, մի ժամում կարող էինք ձերբակալել յուրաքանչյուր գողի, հանցագործի, շնորհիվ թաղային լիազորներից ստացված տեղեկության»:

Այդ պնդումների ապացույցն ինձ համար հայտնաբերեցի... Մ. Նահանգներ այցելություններիս ընթացքում, հետաքրքրվելով ամերիկյան թաղային ոստիկանության գործունեությամբ: Վերջիններս վերահսկողության տակ են պահում իրենց վստահված թաղամասը, հետեւում յուրաքանչյուր արտառոց շարժման, հսկում թաղամաս նոր եկածներին եւ անհրաժեշտության դեպքում միջամտում:

Նպատակ չունեմ եւ ի վիճակի չեմ այստեղ համեմատելու խորհրդային եւ արեւմտյան վերահսկողական ծառայությունները, նրանց քաղաքական կամ «գաղափարախոսական» եւ կամ մասնագիտական տարբերությունները: Կյանքը ցույց տվեց, որ անկախ Հայաստանում նույնպես անհրաժեշտ նկատվեց հասարակական անվտանգության համար վերականգնել թաղայինների ինստիտուտըՙ ավելի քաղաքակիրթ անվանումովՙ թաղային տեսուչ: Բայց... ինչպես ամեն նորամուծություն մեզ մոտ, այս մեկն էլ այժմ ենթակա է այլասերման, անշուշտ, եթե վերահսկողության չենթարկվի վերահսկողական այդ կառույցը:

Փա՞ստ: Օրերս ստացանք Երեւանի Կենտրոն համայնքից վկայություն, թե իրեն ինչպես սանձարձակ ու անկիրթ է պահել թաղային տեսուչներից մեկը: Կոպիտ եւ տիրական նա մտնում է Աբովյան փողոցի շենքերից մեկը, զարկում բնակարանների դռները եւ մանրամասն հարցաքննում բնակիչներին: Տեսուչը նման ձեւով է վարվել նաեւ Ֆրանսիայից ժամանած 70 տարեկան պատկառելի մի զույգի հետ, որն արդեն 15 տարի բարեգործական հրաշալի ծրագիր է իրականացնում Արցախի գյուղացիների համար: «Ձեր սեփական բնակարա՞նն է սա», կոշտ ու կոպիտ հարցրել է հաստափոր տեսուչը մեր ֆրանսահայերին եւ դրական պատասխան ստանալուց հետո շարունակել է հարցաքննությունըՙ «ի՞նչ եք անում այստեղ, աշխատանք ունե՞ք Երեւանում, որտեղի՞ց է ձեր եկամուտը, սեփական մեքենա ունե՞ք, իսկ գարա՞ժ» հարցաշարով: Եվ ապա հնչեցրել է իր ամենախորաթափանց հարցումըՙ «անդա՞մ եք որսորդ միությանը» եւ հյուրերի համար անհասկանալի այդ հարցին բացասական պատասխան ստանալուց հետո տվել է վճռական հարված-հարցըՙ «զենք ունե՞ք»:

Պատկերացնել կարելի է այլայված, ինչ-որ տեղ վախեցած, ինչ-որ տեղ սրտնեղած վիճակը ամոլի: Ո՞վ է այս մարդը, ի՞նչ իրավունք ունի հարցաքննելու, ո՞ւմ հրահանգն է կատարում, եւ ինչո՞ւ է ձեռքի հաստ տետրի մեջ ինչ-որ բաներ արձանագրում:

Եվ իսկապես, ո՞վ է թաղային տեսուչը, ի՞նչ լիազորություններ ունի եւ ո՞վ է վերահսկում նրա գործողությունները քաղաքացիների ու հյուրերի նկատմամբ:

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4