Վրաց Պտենա գյուղը (շուրջ 200 ընտրող) եւ հայաբնակ Ախալքալաքը (շուրջ 7000) ընտրում են մեկական ներկայացուցչի
Այս տարվա մայիսի 30-ին Վրաստանում տեղական ընտրություններ են լինելու: «Վրացական իշխանություններն իրենց ձեռնարկած մի շարք քայլերով արդեն իսկ էապես դժվարացրել են դրանցում ջավախահայության իրավունքները պաշտպանող տեղական ուժերի մասնակցությունը», սպասվող ընտրությունների առնչությամբ իր մտահոգությունն է հայտնել Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը:
Ըստ խորհրդի տարածած հայտարարության, մասնավորապես, վրացական իշխանությունները պահպանել են տարածաշրջանային կամ տարածքային հատկանիշով կուսակցությունների ստեղծման վրա դրված արգելքը, որի հիմքով ժամանակին մերժվել է նաեւ ջավախքյան «Վիրք» կուսակցության հիմնադրումը, ինչը մարդու եւ ազգային փոքրամասնությունների իրավունքների կոպիտ խախտում է: Սա կարեւոր է այն ընդգծմամբ, որ Վրաստանում տեղական այս ընտրություններում առաջադրելու իրավունք ունեն միայն քաղաքական միավորումներն ու ընտրական դաշինքները:
«Հակառակ Եվրոխորհրդի խորհրդակցական կոմիտեի հանձնարարականներին վրացական իշխանությունները շարունակում են պահպանել Ջավախքի ընտրատարածքների անհամամաչափ կառուցվածքը», նշվում է հայտարարության մեջ, ընդգծելով, որ, օրինակ, Ախալքալաքի շրջանի յոթ վրացական գյուղերը կազմում են հինգ մեծամասնական ընտրատարածք, երբ մնացած տասնյոթ ընտրատարածքները բաժին են ընկնում հայ բնակչություն ունեցող հիսունութ բնակավայրերին: Արդյունքում, 96% հայ բնակչություն ունեցող Ախալքալաքի շրջանում վրացաբնակ Պտենա գյուղը (շուրջ 200 ընտրող) եւ հայաբնակ Ախալքալաք քաղաքը (շուրջ 7000 ընտրող) ՏԻՄ կազմում ընտրում են մեկական ներկայացուցչի:
Խորհուրդը շեշտում է. «Վերոնշյալ փաստերը հիմք են տալիս արձանագրելու, որ վրացական իշխանություններն ընտրական գործընթացի մեկնարկին արդեն իսկ թույլ են տվել մարդու եւ ազգային փոքրամասնությունների պաշտպանության միջազգային նորմերով երաշխավորված ջավախահայության քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների մի շարք խախտումներ կոպտորեն ոտնահարելով, մասնավորապես, ընտրական իրավունքի հավասարության, միություններ կազմելու եւ միությունների մեջ ընդգրկվելու, երկրի քաղաքական-հասարակական կյանքին արդյունավետ մասնակցելու իրավունքը»:
Ջավախահայության իրավունքների ոտնահարման ամենաակնառու երեւույթը վրացական ուժային կառույցների կողմից Ջավախքի հասարակական կյանքի բոլոր ոլորտների վերահսկողության հաստատումն է: «Դրա անմիջական եւ խիստ մտահոգիչ հետեւանքն է նաեւ այն փաստը, որ ջավախքյան ընտրություններին միջամտում են տեղական ուժային կառույցները: Արդեն իսկ արձանագրվել են ընդդիմադիր ցուցակներով առաջադրված ջավախքյան թեկնածուների նկատմամբ ճնշում գործադրելու փորձեր», արձանագրում է խորհուրդը:
Հայտարարության մեջ կոչ է արվում Վրաստանում ՏԻՄ ընտրությունների դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպություններին, մասնավորապես ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը, համապատասխան գնահատական տալ վերոնշյալ փաստերին եւ վրացական իշխանությունների վրա ճնշում գործադրելու միջոցով նպաստել հայ բնակչության քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների ոտնահարման քաղաքականության վերացմանը: Կոչը ուղեկցվում է հույսով, թե «վրացական իշխանությունները կառաջնորդվեն իրենց հռչակած ժողովրդավարական սկզբունքներով եւ Ջավախքում կապահովեն արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը»:
Ուր էր, թե այդպես լիներ:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ