«Ազգը» նախորդ համարներում տեղեկացրել էր, որ այս օրերին Հայաստանում գազամատակարարումը կատարվում է ի հաշիվ երկրում ունեցած պահուստների, քանի որ Վրաստանի բարձրլեռնային շրջաններից մեկում Ռուսաստանից եկող գազատարը վնասվել էր: Վրացական կողմը հայտարարել էր, որ խնդիրը կլուծվի մինչեւ մայիսի մեկը, սակայն մինչեւ այսօր Հայաստան գազ չի մտնում: Պարզվում է, սակայն, որ գազատարն արդեն վերանորոգված է. «Մեզ համար անհասկանալի պատճառներով գազը Հայաստան չի մտնում: Վրաստանը չի վերականգնում գազամատակարարումը», նշել է «Հայռուսգազարդի» մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը: Իսկ վրացական կողմը, ըստ «Նյուզ.ամ»-ի, պարզաբանում է, թե գազատարում իրականացվում են փորձարկման գործողություններ, եւ Հայաստանի գազամատակարարումը կվերականգնվի միայն դրանց ավարտից հետո», իսկ թե ե՞րբ արդեն վերականգնված գազատարում կավարտվեն նաեւ փորձարկման աշխատանքները` վրացական կողմը «Նյուզ.ամ»-ին չի պարզաբանել:
Հ. Ա.