«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2010-05-05 | #82, 2010-05-06 | #83, 2010-05-07


ԹՐԱՖԻԿԻՆԳԻ ԶՈՀ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԸ

Անչափահասներին աշխատանքային եւ սեռական թրաֆիկինգի ենթարկելու համար մեղավորները դատապարտվել են 7 տարի ազատազրկման: Նախորդ տարի բացահայտված 3 դեպքերից 2-ի դատավճիռները կայացվել են մի քանի ամիս առաջ: Թրաֆիկինգի ենթարկված 8 անչափահասներից մեկը ենթարկվել է սեռական շահագործման, 7-ը` հարկադիր աշխատանքի: «Երեխաներին ստիպում էին մուրացկանությամբ զբաղվել, իսկ 17 տարեկան աղջկան հարկադրել են սեռական ծառայություններ մատուցել», «Արմատ» ակումբում երեկ ասաց սոցիալական ապահովության նախարարությանը կից թրաֆիկինգի դեմ պայքարի ռեսուրսային եւ աջակցության կենտրոնի իրավաբան Դավիթ Թումասյանը : «Երեխաներին մուրացկանությամբ ստիպում էր զբաղվել նրանց մոր քաղաքացիական ամուսինը: Դեռ ավելինՙ դատավարության ընթացքում այդ կինը պաշտպանում էր իր ամուսնուն եւ ստիպում, որ երեխաները փոխեն ցուցմունքները», ասաց Դավիթ Թումասյանը:

Թեպետ դատավճիռների առկայությունը գոհացնում է իրավաբանին, սակայն նշեց, որ քրեական օրենսդրությունում առաջիկայում փոփոխություններ կկատարվեն եւ կխստացվեն պատիժները:

2009 թվականին Հայաստանում թրաֆիկինգի 60 զոհ է հայտնաբերվել, հարուցվել է 12 դատական գործ, 8-ի վերաբերյալ կան դատավճիռներ: Մեղավորները պատժվել են 3-13 տարով:

ԵԱՀԿ գրասենյակի ներկայացուցիչ Օվսաննա Բաբայանը նկատում է, որ վերջին տարիներին նկատելիորեն աճել է հասարակության իրազեկությունը թրաֆիկինգ երեւույթից: Եթե մի քանի տարի առաջ թրաֆիկինգ ասելով հասկանում էին միայն սեռական շահագործում, ապա այժմ հարկադիր աշխատանքը եւս երեւույթի դրսեւորումներից մեկն է համարվում: «Նախկինում թրաֆիկինգ երեւույթը շաղկապվում էր Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, այժմ վտանգը կա նաեւ Ռուսաստանում, Թուրքիայում, բոլոր այն երկրներում, ուր աշխատանքային օրենսդրությունը ձեւավորված չէ եւ առկա է հարկադիր աշխատանքի վտանգը», ասաց Օվսաննա Բաբայանը:

Թրաֆիկինգի բացահայտված դեպքերը բնավ էլ չեն ներկայացնում երեւույթի իրական ծավալները: Դավիթ Թումասյանն ընդգծում է, որ թրաֆիկինգի ենթարկված զոհերի քանակն իրականում ավելին է: «Թրաֆիկինգը թաքնված հանցագործություն է, եւ բացահայտման համար կարեւոր է նաեւ զոհի դերը: Մարդիկ հաճախ հրաժարվում են հայտնել այդ մասին` վախենալով հարազատների եւ հասարակության պարսավանքից», ասաց Դավիթ Թումասյանը:

Գրեթե բոլոր դեպքերում թրաֆիկինգի զոհ են դառնում բոլոր նրանք, ովքեր սոցիալապես անապահով են, կրթական ցածր ցենզով, զուրկ կենցաղային նորմալ պայմաններից: Խոցելի խմբում գերակշիռ մեծամասնությունը երեխաներն են եւ կանայք, հիմնականում միայնակ մայրերը:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4