Արցախի ժուռնալիստների միությունը ապրիլի 26-ից մինչեւ մայիսի 5-ը Ստեփանակերտ քաղաքում եւ հանրապետության բոլոր շրջաններում անցկացրել է գրավոր հասարակական հարցումներ` կապված մայիսի 23-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ:
Հարցումներին մասնակցել է 499 քաղաքացի, որոնց առաջադրվել են հետեյալ հարցերը. «Մասնակցելո՞ւ եք արդյոք 2010 թվականի մայիսի 23-ին ԼՂՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններին» եւ «Ո՞ր կուսակցությանը կողմ կքվեարկեիք, եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային այսօր»:
Հարցախույզն անցկացվել է երեք տարիքային եւ չորս սոցիալական խմբերում: Մասնավորապես, 382 հոգի տարբեր ոլորտների աշխատողներ են եղել, 56 ուսանողներ, 47 հարցվող ոչ մի տեղ չէր աշխատում, իսկ 14-ը թոշակառուներ էին:
Այն հարցին, թե կմասնակցե՞ն արդյոք ընտրություններին, 358 հոգի «այո» են պատասխանել, 86-ը` «ոչ», իսկ 55 հարցվողներ դեռ չէին կողմնորոշվել: Ընդ որում, եթե շրջաններում մասնակցության պատրաստակամությունն առավելապես առկա էր, ապա մայրաքաղաք Ստեփանակերտում 200 հարցվողներից միայն 90-ն են դրական պատասխանել, մյուսների կողմնորոշումը կամ բացասական է եղել, կամ էլ պատասխանել են, որ դեռ չեն կողմնորոշվել:
Համաձայն հարցումների` 114 հարցվողներ նախապատվությունը տվել են «Ազատ հայրենիք» կուսակցությանը, 81-ը` Արցախի ժողովրդավարական կուսակցությանը, 80-ը` Հայ հեղափոխական դաշնակցությանը, իսկ 28-ը` Արցախի կոմունիստական կուսակցությանը:
Հատկանշական է, որ առաջիկա ընտրություններում կոմկուսն այդ թվանիշը համամասնորեն ապահովելու դեպքում առաջին անգամ իր ներկայացուցիչը կունենա ԼՂՀ խորհրդարանում:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ