Երեկ «Փաստարկ» ակումբում` լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը խոսեց հայաստանյան տնտեսական գործընթացներից:
Վ. Բոստանջյանի խոսքով` Հայաստանը, չունենալով մեծ հնարավորություններ` ե՛ւ ֆինանսական, ե՛ւ ռեսուրսային առումով, անշուշտ, պետք է կրեր ֆինանսական ճգնաժամի դժվարությունները: Գրեթե 16 տոկոսի չափով անկում ունեցանք, ինչը բնական էր, ըստ բանախոսի, եթե ունենայինք ստրատեգիական բնույթի ռեսուրսներ` նավթ, գազ, ապա կկարողանայինք ապահովել ավելի զուսպ անկում:
«2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքները ցույց տվեցին, որ այդ ամիսների ընթացքում դրական միտումներ են նկատվել, սակայն դա չի նշանակում, որ ֆինանսական ճգնաժամից արդեն դուրս ենք եկել: Այդ երեք ամիսներն ուղղակի ցույց տվեցին, որ ճգնաժամային պրոցեսները վերադառնալ չեն կարող», ասաց Վարդան Բոստանջյանը:
Բանախոսն անդրադարձավ նաեւ հարկային վարչարարության խստացված տեմպերին: Ըստ նրա` հարկային քաղաքականության առումով պահանջվում է որոշակի տրանսֆորմացիա:
«Տնտեսվարող սուբյեկտներն այն տեղամասերն են , որոնք պետության հանդեպ ունեն պարտավորություններ, եւ այդ պարտավորությունների կտրվածքով լցնում են մեր պետական բյուջեն: Եթե տնտեսվարողի վրա մեծացնում ենք ճնշումը, ապա նրանք դադարեցնում են իրենց գործունեությունը», ասաց բանախոսը եւ հավելեց, որ կողմ է այնպիսի ճկուն հարկային քաղաքականության ու դրանով պայմանավորված վարչարարության իրականացմանը, որի պարագայում կլուծվեն պետական խնդիրներն ու տնտեսվարող սուբյեկտներն էլ չեն ընկնի անտանելի ճնշումների տակ:
Ի. Պ.