Ավիաընկերությունը ձեռք բերեց նոր ինքնաթիռ
Չնայած «Արմավիան», ընկերության սեփականատեր Միքայել Բաղդասարովի խոսքերով, տարին այնքան էլ հաջող չէր սկսել, «Սակայն ամեն ինչ աստիճանաբար շտկվում է, հուսով եմ, որ տարին հաջող կեզրափակենք», երեկ լրագրողների հետ հանդիպմանը նշեց Բաղդասարովը: Նա ավելացրեց, որ ավիաընկերությունն այս տարի կմեծացնի ուղեւորահոսքը, շատ ավելի մեծ թվով մարդկանց կկարողանա սպասարկել. «Սրան կնպաստի նաեւ այն հանգամանքը, որ արդեն հաջորդ տարի նախատեսվում է շահագործման հանձնել «Զվարթնոց» օդանավակայանի երկրորդ տերմինալը:
Ինչ վերաբերում է հարցին, թե որքա՞ն է կազմել «Արմավիա»-ի վնասների չափը իսլանդական հրաբխի հետեւանքով, Բաղդասարովը պատասխանեց, թե ավիաընկերությունը, ի տարբերություն եվրոպական այլ ընկերությունների, «այնքան էլ մեծ վնասներ չի կրել: Ճիշտ է, մենք չեղյալ հայտարարեցինք 5 չվերթ` Փարիզ, Ամստերդամ, Ցյուրիխ ուղղություններով, սակայն մեր կրած վնասներն այնքան էլ զգալի չեն»:
«Արմավիան» այս տարի նախատեսում է իրականացնել մի շարք նոր չվերթներ դեպի Բարսելոն, Վարշավա եւ Արխանգելսկ: «Ինչ վերաբերում է դեպի Լոս Անջելես չվերթին, ապա ամերիկյան կողմը դեռ չի տվել մեզ իր համաձայնությունը այդ կապակցությամբ», նշեց Միքայել Բաղդասարովը:
Երեկ տեղի ունեցավ նաեւ «Արմավիա» ընկերության ձեռք բերած նոր` Ա-320 օդանավի դիմավորման արարողությունը: Ավիաընկերության գլխավոր տնօրեն Նորայր Բելոյանը տեղեկացրեց, որ օդանավը մինչեւ այժմ շահագործվել է Չինաստանում եւ Սինգապուրում. «Չնայած օգտագործված լինելուն, ինքնաթիռը գտնվում է լրիվ թարմ վիճակում, ունի 164 նստատեղ, որոնցից 8-ը` բիզնես դասի»: Բելոյանը նաեւ ավելացրեց, որ մինչեւ տարեվերջ ընկերությունը ձեռք կբերի եւս երկու ինքնաթիռ:
2010-ի ընթացքում «Արմավիան» տեղափոխել է ավելի քան 170 հազար ուղեւորներիՙ 4,5 անգամ ավելի 2009-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշներից:
Հ. Ա.