Ինչպես տեղեկացանք «Արդշինինվեստբանկից», բանկը մայիսի 9-ից 28-ը հայտարարում է «Հաղթանակ» ակցիա եւ մայիսյան հաղթանակների տոների կապակցությամբ պատերազմի մասնակից բոլոր վետերաններից եւ հայկական բանակի զինծառայողներից դրամով ավանդներն ընդունում է 2% ավելի տարեկան տոկոսադրույքով, քան բանկում ներկայումս գործող ստանդարտ ավանդների տոկոսադրույքն է:
Հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ «Արդշինինվեստբանկն» իր հաճախորդներին մշտապես առաջարկում է ավանդների ներգրավման մրցունակ տոկոսադրույքներ եւ հենց դրա շնորհիվ Հայաստանի առաջատար բանկերից մեկն է ներգրավված ավանդների ծավալով: Ներկայումս բանկում ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից ներգրավված ավանդների ծավալը կազմում է շուրջ 67 մլրդ դրամ, որից մոտ 30 մլրդ դրամը միայն ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն են:
«Արդշինինվեստբանկի» վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանն այդ կապակցությամբ նշել է. «Լինելով հետեւողական իր սկզբունքներում, «Արդշինինվեստբանկը» շարունակում է ձեւավորված բարի ավանդույթները եւ կրկին իր հաճախորդների համար անցկացնում է ակցիա, որն այս անգամ նախատեսված է բանկի ավանդատուների համար: Համոզված եմ, որ մեր բանկն իր երկար տարիների զսպված եւ հավասարակշիռ գործունեությամբ վայելում է մեր ազգաբնակչության վստահությունը: Դրա վառ ապացույցը ավանդների ներգրավման մեր ցուցանիշներն են»:
Ա. Մ.