«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2010-05-07 | #84, 2010-05-08 | #85, 2010-05-11


ՇՈՒՇԻՆ ՆԵՐԿԱՅԻՑ ԱՆՑՅԱԼ ՏԱՆՈՂ ՃՇՄԱՐԻՏ ՃԱՆԱՊԱՐՀ Է

Մայիսի 9, երեք կարեւոր տոների նշանակությամբ, ոչ միայն արցախցիների, այլեւ ամբողջ հայության հաղթանակների տոնն է, թեպետ եռանշանակությամբ տոնվում է միայն Արցախում: Շուշիի ազատագրման հետ է կապվում ԼՂՀ պաշտպանության բանակի ստեղծումը, որովհետեւ այդ փայլուն ռազմագործողությունն իրականացվել է հայ ինքնապաշտպանական ջոկատների համատեղ գործողությամբ: Շուշին հօդս ցնդեցրեց Բաքվի այն պատրանքը, ըստ որի ադրբեջանական կանոնավոր բանակի դեմ կռվում են ֆիդայական ջոկատներ, որոնց հեշտ է ծնկի բերել: Հարեւան երկրում իրապես հասկացան, որ Ղարաբաղում շատ կարճ ժամանակում ձեւավորվել է կազմակերպված, կենտրոնացված հրամանատարությամբ գործող բանակ, որը պաշտպանվելուց բացի` ունակ է հարձակողական գործողություններ ձեռնարկել ու հաղթանակել:

Այսօր էլ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարը վստահեցնում է, որ ղարաբաղյան զինված ուժերը պատրաստ են հարկ եղած դեպքում ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք: Հաղթանակած զորականի այս վստահեցումը հենց այնպես չի արվում. զինադադարի անցած ժամանակահատվածում ազերի ասկյարները բազմիցս փորձել են ստուգել սահմանը հսկող հայ մարտիկների զգոնությունը, եւ արդյունքները մեզ քաջ հայտնի են: Գոնե, շփման գոտու ադրբեջանական հատվածում հերթապահողները լավ գիտեն, թե ինչ է նշանակում խախտել սահմանային անդորրը: Բնականաբար, նրանք նաեւ հրաշալի պատկերացնում են պատերազմական լայնածավալ գործողություններ հրահրելու հնարավոր ծանր հետեւանքները հենց իրենց համար: Փոխարենը, արտիստիկ հայրենասիրությամբ «փայլում» են տաքուկ աշխատասենյակներում պատսպարված նրանց պետական գործիչները, որպիսին, ասենք, Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին է: Վերջինս, իր նստավայրում, Մեծ հայրենականի իր ազգակից վետերանների հետ հանդիպման ժամանակ հերթական անգամ հանդես է եկել ռազմատենչ հայտարարությամբ: Եվ դա արել է, ոչ ավել, ոչ պակաս` Շուշիի ազատագրման օրը: Երգահան-դիվանագետը վերստին խոսել է Ղարաբաղում նոր պատերազմ սկսվելու հավանակության մասին եւ կոչ է արել պատրաստ լինել դրան, քանզի «եկել է լեռնայինղարաբաղյան կոնֆլիկտը կարգավորելու ժամանակը»:

Անշուշտ, ղարաբաղյան հակամարտության լուծումներում բացառելի չէ ռազմագործողությունների վերսկսումը, սակայն հազիվ թե դա կարող է տեղի ունենալ սին ռազմակոչերի ոգեւորվածությամբ: ԼՂՀ-ն եւս պատերազմի հետեւանքով տարածքներ է կորցրել ի դեմս Շահումյանի շրջանի ու Մարտակերտի եւ Մարտունու որոշ բնակավայրերի, բայց ոչ մի անգամ հայ դիվանագետներն ու զինվորական ղեկավարները չեն հոխորտացել այդ տարածքները ուժով հետ բերելու մասին: Ողջախոհությունը հուշում է միայն խաղաղ լուծում` բանակցությունների միջոցով եւ իրականությունը ճիշտ գնահատելու հրամանականով, իսկ պատերազմի ճառաբանությունն ընդամենը սեփական անզորությունը քողարկելու միջոց է:

Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանում էլ նույնպես դիտել են Եռատոնի արցախյան տոնակատարության հեռարձակումները հեռուստատեսությամբ: Եվ, թվում է, պիտի որ հետեւություն անեն այն բանի պարզ գիտակցումով, որ հաղթանակի խանդավառությունը արցախցիների եւ աշխարհասփյուռ հայության համար սոսկ սեփական անցյալի գնահատում չէ, այն նաեւ ներկայից դեպի ապագա տանող ուղեցույց-ճանապարհ է, որով անխոտոր ընթանալու միշտ պատրաստ են բոլոր սերնդի հայերը` մեծից-փոքր:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4