Մայիսի 9-ի առթիվ հարցազրույց տալով «Վեստի 24» հեռուստաընկերությանը` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր. «Հաղթանակի օրը լուսավոր տոն է, ես պատկանում եմ հետպատերազմյան սերնդին, որն անմիջականորեն չի զգացել պատերազմի դառնությունը, սակայն իմ մանկությունն անցել է այն տարիներին, երբ թարմ էին վերքերը, երբ շատ էին սեւազգեստ կանայք, երբ ողջ ու առողջ էին իսկական հերոսները, դրանք այն տարիներն էին, երբ իմ փոքր հայրենիքում` Լեռնային Ղարաբաղում արագ տեմպերով կառուցվում էին Մեծ հայրենականում զոհվածներին նվիրված հուշակոթողներ: Տարին մի քանի անգամ այցելում էի զոհված ղարաբաղցիների հուշարձանին, հանդիպում էի վետերանների հետ եւ այնտեղ առաջին անգամ ես հասկացա, որ պետք է պաշտպանել հայրենիքը, որ հայրենիքի պաշտպանությունը նշանակում է պաշտպանել ընտանիքդ, արժանապատվությունդ, երեխաներիդ ապագան, որ, ցավոք սրտի, այդ պաշտպանությունը զոհեր է պահանջում: Եվ հենց այդտեղ առաջին անգամ, հարցեր առաջացան, թե ինչո՞ւ են մարդիկ կռվում միմյանց դեմ, ինչո՞ւ են նույն ժողովրդի զավակները նույն ժողովրդին տրամադրում մյուսների դեմ, ինչպե՞ս է լինում, որ կատարվում են այնպիսի հանցագործություններ, ինչպիսիք են էթնիկ զտումները, ցեղասպանությունները: Այդ պատճառով մայիսի 9 ինձ համար ե՛ւ տոն է, ե՛ւ անցյալի մասին մտորումների օր»: Նախագահը նաեւ ասել է. «Հայաստանը զգալի ներդրում է ունեցել հաղթանակի գործում, հայերի շատ սերունդներ են դաստիարակվել Խորհրդային Միության 119 հերոսների եւ փառքի 3-րդ աստիճանի 27 ասպետների օրինակով: Պատահական չէ, որ իմ այցը Մոսկվա սկսել եմ հայ ժողովրդի հանրահայտ զորավարներ Բաղրամյանի, Բաբաջանյանի, Խուդյակովի եւ ծովակալ Իսակովի շիրիմներին ծաղկեպսակ դնելով: Այդ մեծ պատերազմին մասնակցել է հայերի այն սերունդը, որն իր մաշկի վրա էր զգացել Հայոց ցեղասպանության անմարդկային դաժանությունները», ընդգծել է նախագահը:
«Վեստի 24» հեռուստաընկերության լրագրողի այն հարցին, թե ի՞նչ պետք է անեն այսօրվա առաջնորդները, որպեսզի արյունահեղություները չկրկնվեն, ՀՀ նախագահը պատասխանել է. «Հիշել, որ մարդկանց էթնիկ կամ ռասայական խմբերի բաժանումը հանգեցնում է վատ հետեւանքների: Սեփական բարեկեցությունը չի կարելի կառուցել ուրիշների վշտի վրա, հիշել որ, յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի ապրելու եւ զարգանալու այնտեղ, որտեղ ապրել է հազարամյակներով, յուրաքանչյուր ժողովուրդ ինքը պետք է ընտրի այն ուղին, որով ցանկանում է առաջ ընթանալ», եզրափակել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Մ. Խ.