Իրենց տեսակետներն են հայտնում տնտեսագետները
«Հարկային մարմինների կատարած հարկային ստուգումների ընդհանուր քանակը 2009-ին ավելացել է 82 տոկոսով, մինչդեռ ստուգումների արդյունքում լրացուցիչ առաջադրված գումարները նվազել են 25 տոկոսով», այս մասին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց կառավարության վերջին նիստերից մեկում, երբ ներկայացնում էր 2008-2009 թվականներին կատարված ստուգումների արդյունավետության ուսումնասիրությունը: Հարկային ստուգումների, դրանց արդյունավետության, տնտեսվարողների, հատկապես փոքր բիզնեսի դժգոհության, հարկային մուտքերի ապահովման ժամանակ վարչարարության չարաշահումների վերաբերյալ այդ օրը վարչապետի ներկայացրած տվյալները տարատեսակ մեկնաբանությունների արժանացան քաղաքական ուժերի կողմից, որոնք, սակայն, այս ամենը փորձեցին ներկայացնել իրենց քաղաքական շահերի տեսանկյունից: Այս հարցերի շուրջը մասնագիտական մեկնաբանություններ ստանալու խնդրանքով դիմեցինք տնտեսագիտության դոկտոր Գագիկ Վարդանյանին եւ տնտեսագիտության թեկնածու Սամվել Ավագյանին :
Ըստ Գագիկ Վարդանյանի, տնտեսվարող սուբյեկտները հիմնականում աշխատում են գրագետ, եւ այստեղ հարկային վարչարարական խնդիրներ գրեթե չկան: «Այլ բան է, որ կարող են հանդիպել հարկերից խուսափելու դեպքեր, ինչն անհնար է առանց համապատասխան մարմինների հետ համաձայնեցնելու: Եվ ստուգումները չէ, որ պետք է բացահայտեն դրանք», ասում է տնտեսագիտության դոկտորը եւ ավելացնում, որ ստվերային գործունեությունը բխում է տնտեսական նպատակահարմարությունից, այսինքն` օրինական աշխատելու դեպքում հնարավոր չէ գոյատեւել: Այստեղ, ըստ նրա, առկա է հիմնախնդիր. լեգալ աշխատելն ուղղակի պետք է դարձնել տնտեսապես հնարավոր եւ շահավետ: Իսկ սեւ ստվերը բնութագրվում է գերշահույթ ստանալով եւ կապված չէ մարդկանց կենսական նվազագույնը ապահովելու խնդրին: Այստեղ օրենքի ուժը պետք է գործադրվի ամբողջությամբ:
«Ստուգումներն ինչքան շատանում են, այնքան հարկային մուտքերը նվազում են: Այլապես ինչպես բացատրել, որ վարչարարության խստացման պայմաններում 25%-ով միջին եւ առանձին դեպքերում 2-3 անգամ նվազել են լրացուցիչ առաջադրված գումարները: Զարգացած երկրներում գոյություն ունի «արդարացի հարկային օրենք» հասկացությունը, ինչը ենթադրում է հարկային բեռի արդարացի բաշխում տնտեսվարող սուբյեկտների եւ ֆիզիկական անձանց միջեւ: Այս առումով մենք ունենք լուրջ խնդիրներ: Միաժամանակ, դառնալով հարկային վարչարարության առնչությամբ վարչապետի արտահայտած մտահոգությանը, կարելի է ասել, որ հարկային վարչարարությունն էլ արդարացի չի կիրառվում եւ անբարենպաստ է հատկապես ՓՄՁ-ի առումով», եզրակացնում է մեր զրուցակիցը:
Տնտեսագիտության թեկնածու Սամվել Ավագյանի կարծիքովՙ ստուգումների քանակի ավելացումը կապված է հիմնականում ՀԴՄ շահող կտրոնների ներդրման հետ: «Բյուջեի հետ պարտավորությունների մասով ստուգումների էական ավելացումներ չկան, դրանք հնարավոր էլ չեն, քանի որ վերջին տարիներին հարկային վարչարարությունը հասել է իր գագաթնակետին: Գործնականում հարկային դաշտում չկան հարկային մարմնի ուշադրությունից դուրս գործարարներ, եթե հովանավորչության խնդիր չկա: Վարչարարության խստացումը վերաբերում է ոչ թե ստուգումների հաճախության ավելացմանը, այլ հարկային տեսուչի կողմից գործարարի առջեւ լրացուցիչ պահանջներ են դրվում, որից առաջացող հարկային պարտավորությունը դժգոհությունների ալիք է ստեղծում»:
Ինչ վերաբերում է ստուգումների քանակի ավելացմանը, ապա Գագիկ Վարդանյանն այն տեսակետն է հայտնում, որ դա տարբեր դրդապատճառներ կարող է ունենեալ: «Դրանցից մեկն ընթացիկ տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունն է տնտեսական աճի վրա, ինչը դրսեւորվեց 2009-ին երկրի տնտեսության 14,4% անկումով: Ակնհայտորեն` հարկային մուտքերը պետք է նվազեին, ինչը կարող էր մեկնաբանվել որպես հարկային համակարգի վատ աշխատանքի արդյունք: Հետեւաբար` համակարգը պետք է փորձեր «ոլորել» ձեռնարկատերերի, հատկապես` ՓՄՁ-ի ձեռքերը, որպեսզի ապացուցեր, որ արդյունավետ է աշխատում»
Գագիկ Վարդանյանը գտնում է, որ կարելի էր իրականացնել համապատասխան վերլուծություններ` ճշտելու համար, թե որ ոլորտներից եւ որքան հարկային մուտքեր չեն կարող ակնկալվել եւ ընդհակառակը` տնտեսության անկման պայմաններում որտեղից հնարավոր կլինի լրացուցիչ եկամուտներ մուտքագրել բյուջե (օրինակ` տնտեսության ստվերային հատված) եւ խուսափել հարկատուի ու հարկային մարմնի միջեւ ավելորդ լարվածություն ստեղծելուց, ինչու չէ` նաեւ պետական ծառայողի արժանապատիվ կեցվածքի վրա բիծ գցելուց. «ի վերջո հարկային տեսուչների համար էլ է դժվար դիմել քայլերի, որոնք պատիվ չեն բերում ոչ մեկին»:
Ստուգումների քանակի ավելացման վերաբերյալ գրեթե նույնն էր նաեւ Սամվել Ավագյանի կարծիքը: «Յուրաքանչյուր տարի պետական բյուջեն հաստատելիս նշվում է այն գումարը, որ բյուջեն պետք է ստանա հարկային վարչարարության խստացման միջոցով: 2009-ին այդ աղբյուրը 6 մլրդ դրամ էր, 2010-ի բյուջեում` 11 մլրդ: Այսինքնՙ հարկային մարմինը կատարում է այն, ինչ իրեն հանձնարարում կամ պահանջում են վերեւներից», ասում է նա եւ ավելացնում, որ իրականում հարկային մարմինները շահագրգռված չեն նման խստացումներով, բայց պարտադրված են կատարել պլանները:
Վարչապետի մատնանշած մյուս խնդիրն առնչվում էր ստուգումների հաճախականությանը, որի վերաբերյալ Գագիկ Վարդանյանը նշում է, որ հարկային մարմինները շատ հաճախ ստուգման փոխարեն կիրառում են ըստ առանձին հարկատեսակների «ուսումնասիրության» մոտեցումը: «Մինչդեռ վարչարարական այդպիսի հնարքներն ավելի են նյարդայնացնում տնտեսվարող սուբյեկտներին», իրավացիորեն նշում է նաՙ ավելացնելով, որ ուսումնասիրության գաղափարը վատը չէ, եթե իրականացվի հարկային ներուժի, հարկային վարչարարության կատարելագործման հնարավորությունների բացահայտման նպատակով, որից հարկատուները միայն գոհ կլինեն: «Ինչպես դա արվել է տարիներ առաջ, երբ ալկոհոլային խմիչքներ արտադրողները, օգտվելով օրենսդրական բացից, չնչին հարկեր էին վճարում», հիշեցնում է մեր զրուցակիցը:
Իսկ Սամվել Ավագյանը ստուգումները կանոնակարգելու նոր հայեցակարգի անհրաժեշտությունն ընդհանրապես չի տեսնում, փաստելով, որ 2009-ի հունիսին կառավարությունը հաստատել է «Ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի վերաբերյալ» հայեցակարգը, որով կանոնակարգվում է ստուգումների գործընթացը, եւ որը «հարկավոր է տանել մինչեւ վերջ»: Տնտեսագետը փաստում է, որ այս հայեցակարգում կարեւոր դրույթներ կան այն մասին, որ ստուգումները պետք է կատարվեն ռիսկային ճանաչված ձեռնարկություններում, իսկ այդ ձեռնարկությունների ընտրությունը պետք է կատարի համակարգիչը: «Հետեւաբար` պարտաճանաչ հարկատուները կազատվեն ստուգումներից: Կարծում եմ` խնդիրն այս հայեցակարգը չկիրառելու մեջ է», եզրահանգում է Սամվել Ավագյանը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ