«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2010-05-07 | #84, 2010-05-08 | #85, 2010-05-11


ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ՞ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԿԱՄ ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՅԱԼՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Երեկ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մի լավ բողոքել է, թե որակյալ հանրային ծառայություն չունենք ու չենք ունենա, քանի դեռ որակյալ հանրային ծառայողներ չունենք: Եվ ասել է այնպիսի բարձր մտքեր, որը լսողն անպայման մի թեթեւ գոնե ժպտում է` իմանալով իրականությունը. թե` մենք կերտում ենք մեր պետությունը, եւ յուրաքանչյուր պաշտոնատար անձ պետք է պետական շինարարության հրամայականը վեր դասի իր նեղ անձնական, խմբակային, կուսակցական ամեն տիպի շահից: Մինչդեռ ահա կուսակցական կոալիցիայի անդամ կուսակցությունների ղեկավարներն ու պաշտոնական անձինք մշտապես դիմում են Մանվել Բադալյանին` կուսակիցներին եւ ընկերներին տեղավորելու համար, ընդ որում` սեփական կուսակցությունների ղեկավարների հանձնարարությամբ են դիմում: Այս անգամ անուններ չի նշել` խոստանալով հետագայում հետեւողականորեն մատնացույց անել այդ կուսակցականներին եւ պաշտոնյաներին:

Դե, զանգել-միջնորդել հայերը միշտ էլ սիրում են, ըստ Բադալյանի, բայց պետք է նվազագույն կանոնները գոնե պահպանել, որ չվնասեն համակարգին: Հիշեցնենք, որ անցած հինգշաբթի Մանվել Բադալյանը կառավարության նիստի ժամանակ էր բարձրաձայնել այդ մասին` նկատելով, որ կուսակցությունները դառնում են աշխատանքի բորսաներ, վարչապետն էլ արձագանքել էր, թե վստահ է, որ Բադալյանն իր հեղինակությունն օգտագործելով` թույլ չի տա, որ միջամտեն: Իսկ ահա երեկ էլ Մ. Բադալյանն ասում էր, որ չեն վախենում կառավարության նիստին հաջորդող արձագանքներից, ուղղակի մտահոգված են, որ այս կամ այն կուսակցությունը գերակա է համարում իր շահը, ինչը Մանվել Բադալյանի համար անընդունելի է. «Ինձ համար կան նշաձողեր, որ ամենահարազատի համար չեմ զոհի», հավատացրել է պարոն Բադալյանը եւ առաջարկել օրենքով սահմանել, որ պետական ծառայողները չպետք է լինեն կուսակցական, դրանից պետական ծառայության համակարգը կլավանա:

Իհարկե, Բադալյանը հավաստիացրել է, որ նորմատիվ ակտերով քաղծառայության խորհուրդը պաշտպանված է, ազատության եւ անկախության չափն էլ բավարար է, չնայած կառավարության նիստից հետո նրան զանգահարել են պարզելու, թե ո՞ւմ է նկատի ունեցել:

Սակայն այս բոլորը մի այլ տեսանկյունից դիտարկելու խնդիր կա: Հայոց անկախացումից ի վեր խորհրդարանի ընտրությունների կարգն անընդհատ փոխվում է` հօգուտ կուսակցական համակարգի. ներկա Ազգային ժողովի 131 պատգամավորից 90-ը կուսակցական ցուցակներով է անցել Ազգային ժողով: Խորհրդարանում գործում է կոալիցիա, որը կուսակցական քվոտաներով կառավարություն է կազմում, դեռ տարբեր ծրագրեր կան, որ էլի ուզում են պատգամավորների մուտքը խորհրդարան կուսակցական ցուցակներով ավելի մեծ տոկոսով լինի: Այս սկզբունքն ու քաղծառայողների ինստիտուտը` մաքուր գաղափարի առումով արդեն հակասության մեջ են, քանի որ մի երկրում, որտեղ ռեալիզացվելու համար արդեն իսկ օրենքով պետք է կուսակցական լինես, ավելի շուտ` իշխող կուսակցության մաս կազմես, ի՞նչ քաղծառության օրենք, ի՞նչ բան: Արդյո՞ք մի տեղի համար հավասար միավորներ հավաքած 6 հոգուց կուսակցականը չի ընտրվի տվյալ նախարարության կողմից (այսպես անվնաս տարբերակն ենք շեշտում, բայց մնացած տարբերակները կյանքում էլ ավելի անխիղճ են), ու այստեղ քաղծառայության Մ. Բադալյանն ինչ կարող է անել: Կամ մի երկրում, որտեղ կուսակցական լիդերը երբ ուզի եւ ում ուզի կարող է փոխել` իր քվոտայով նախարարից սկսած, եւ դրան ոչ ոք չի հակադրվում, դեռ լրագրողի հարցին ի պատասխան էլ, որ հասարակությունը պետք է իմանա, ինչո՞ւ է նախարար փոխվում, վերեւներից պատասխան է հնչում, թե մեզ մոտ կոալիցիոն կարգ է գործում, կոալիցիան է որոշում` ում նախարար դարձնի (դե` կուսակցության լիդերն, էլի), եւ այդ պատասխանը ոչ ոք չի վիճարկում: Ասենք նախարարը փոխվեց` տվյալ նախարարության մի քանի առանցքային դեմքերը փոխվում են հավատարիմներով, եւ այստեղ ոչ մի քաղծառայության օրենք չի կարող պաշտպանել նախկին նախարարի կադրին, «իր դիմումի համաձայնը», կամ «առողջական խնդիրներովը» միշտ կա ու կա:

Ուրիշ բան, որ Բադալյանին ինչ-որ շրջանակներից կարող են հուշել կոալիցիային զսպող այդպիսի հայտարարություններ անել, չնայած Մ. Բադալյանը երեկ կտրականապես հերքում էր դա` ի՛ր նախաձեռնությունն է, որեւէ մեկի կողմից հավանության արժանացած ու թելադրված չէ. «Դա բխում է պետական քաղաքականության ուղեգծից: Ոչ մեկի հետ չեմ համաձայնեցրել: Կարգավիճակս, բնավորությունս ու պատասխանատվությունս, կրածս բեռը բավարար են այս կարգի նախաձեռնությունների համար», ասել էր` նկատի ունենալով երեւի նաեւ, որ մինչեւ 2014 թվականը պաշտոնավարելու է արդեն իսկ իր նշանակման ժամկետով («իր դիմումի համաձա՞յնը» բա):

Այնուամենայնիվ` հակված ենք կարծելու, որ Մ. Բադալյանի վերջին ակտիվությունը արձագանքն է տարբեր գրասենյակներում հղացվող այն ծրագրերի, որոնցով առաջիկայում փորձ է արվելու նվազեցնել կոալիցիայի դերը պետական ամենատարբեր որոշումների կայացման վրա ընդհանրապես, կենցաղային ու վարչական մակարդակով` մասնավորապես, որովհետեւ տարբեր մակարդակներով վերջերս հաճախ են սկսել պտտվել այն խոսակցությունները, թե կոալիցիայի այս` տարբեր սերտաճումներով ծանրացած եւ անկենսունակ դարձած փոխակերպուկները, պաշտոնների եւ ռեսուրսների վրա մշտական աչք տնկած ոչ միայն կուսակցականներով, այլեւ մերձկուսակցական բազմաթիվ մարդկանցով, իրականում խանգարում են հասարակության զարգացմանը, նոր եւ տաղանդավոր, ոչ մի կուսակցության չհարած մարդկանց հայտնաբերմանն ու նրանց ներուժի օգտագործմանը: Բայց այստեղ մի մեծ հակասություն կա: Այսպիսի բաները չպետք է հրահանգներով լինեն: Այսքան կառույցներ ունենք` Ազգային անվտանգության խորհուրդ, Հանրային խորհուրդ, պառլամենտ, գիտությունների ակադեմիա, զանազան ռազմավարական կենտրոններ. ասելս այն է, որ նախ որոշենք` ի՞նչ է մեզ պետք, այդ որոշածին օրենքի ուժ տանք, օրենքը ներդնենք կյանք, օրենքի թիվ մեկ ներդրումը համարենք նորմալ ընտրությունների կազմակերպումը, հետո արդենՙ մյուս քայլերը: Թե չէ` ի՞նչ է դուրս գալիս, մեկ որոշում ենք, որ ամեն ինչ կուսակցական համակարգերով ենք կարգավորում, երկրի նախագահն ու վարչապետը, խորհրդարանի ղեկավարը կուսակցականներ են, հետո էլ ուզում ենք, որ կուսակցությունները աշխատանքի բորսա չդառնան, քաղծառայության օրենքն էլ լիարժեք գործի: Է, ի՞նչ տարբերություն, եթե հայերիս մեջ նստած է ծանոթով, կաշառքով պաշտոն ու աշխատանք ստանալը, ի՞նչ տարբերություն` դա կանի կուսակցակա՞ն, թե՞ անկուսակցական պաշտոնյան: Քաղծառայության խորհրդի մասին էլ չենք համարձակվում ասել:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4