Երեկ «Հենարան» ակումբում` լրագրողների հետ համդիպման ժամանակ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանը խոսեց «Աշխատաշուկան եւ գործազրկության տեմպերը» թեմայով:
Ըստ բանախոսի` աշխատաշուկայում արդեն նկատվում են լարվածության մեղմացում եւ գործազրկության մակարդակի կայունացում: Այս տարվա մարտի 1-ի դրությամբ` գործազրկության մակարդակը կազմել է 7,3 տոկոս, այս թիվը շարունակաբար պահպանվել է ե՛ւ ապրիլի 1-ի, ե՛ւ մայիսի 1-ի դրությամբ:
«Նախկինում գործազուրկների եւ աշխատանք փնտրողների թիվը պրոգրեսիվ կերպով աճում էր, իսկ այժմ կայունացել է, ինչն առաջին հերթին պայմանավորված է տնտեսության որոշակի աճով եւ կայունությամբ, ինչպես նաեւ աճել է աշխատանքի տեղավորվածների եւ զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկվածների թիվը: Եթե նախորդ տարիՙ մայիսի մեկի դրությամբ, ունեինք շուրջ 2774 աշխատանքի տեղավորված, ապա այս պահին ունենք 3500-ից ավելի աշխատանքի տեղավորվածներ, ինչը նշանակում է, որ ավելացել են աշխատատեղերը», տեղեկացրեց Սոնա Հարությունյանը:
2010-ի մայիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմել է 102.8 հազար, որը նախորդ տարվա նույն ժամանակի նկատմամբ աճել է 1,6 տոկոսով (101,2 հազար մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 2,6 տոկոսով (100,2 հազար մարդ): Գործազուրկների թիվը կազմում է աշխատանք փնտրողների 82,8 տոկոսը կամ 85,1 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատությամբ աճել է 4,8 տոկոսով (81,2 հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 0,2 տոկոսով (84,9 հազ. մարդ):
Ապրիլ ամսվա ընթացքում գործակալություն է ներկայացվել 1495 թափուր աշխատատեղ, որը նախորդ ամսվա համեմատությամբ աճել է 20,9 տոկոսով: Թափուր աշխատատեղերը նախատեսված են եղել բժիշկների, գանձապահների, շուկայագետների, խոհարարների, վարորդների, կարողների, վաճառողների, էլեկտրիկների, փականագործների եւ մի շարք բանվորական մասնագիտությունների համար:
«Անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորելու դեպքում աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին» ծրագրով տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 73 աշխատանք փնտրող, որից 28-ը եղել են հաշմանդամներ: «Մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրում ընդգրկվել են 336 գործազուրկ, 15 հաշմանդամ եւ այլն:
«Եթե ասեք, որ գործազուրկների թիվը շատ ավելին է, քան պաշտոնական տվյալներն են, ես կհամաձայնեմ: Դեկտեմբերին մենք իրականացրել ենք նաեւ տնային տնտեսությունների հետազոտություն, որը տպագրվել է 3 լեզուներով: Այս հետազոտության արդյունքներով` գործազրկության մակարդակը Հայաստանի Հանրապետությունում կազմում է 27,5 տոկոս», տեղեկացրեց Սոնա Հարությունյանը:
Աշխատաշուկային շարունակում է բնորոշ մնալ բանվորական մասնագիտությունների գծով մեծ պահանջարկը` հատկապես Երեւանում, սակայն մարզերում շարունակում են պահանջված մնալ բժիշկների, դեղագործների ու մանկավարժների մասնագիտությունները:
«Գործազուրկների մեջ գերակշռում են 31-50 տարեկան մարդիկ: Գործազուրկների 69,9 տոկոսը կազմում են կանայք, արդեն 20 տոկոսից ավելի են կազմում երիտասարդները, իսկ կրթական մակարդակով` շուրջ 14 տոկոսն ունեն բարձրագույն կրթություն, շուրջ 25 տոկոսը` միջին մասնագիտական, իսկ 52 տոկոսը` միջնակարգ», հավելեց Սոնա Հարությունյանը:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ