ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ
«Հայռուսգազարդ» ընկերությունում մտածում են իրանական գազամուղի օգտագործման մասին: Եթե առաջիկա մի քանի օրերին Վրաստանը չսկսի գազամատակարարումը, ապա հայկական կողմը ստիպված կլինի օգտագործել իրանական գազը, որն ավելի թանկ է, քան Վրաստանի տարածքով մատակարարվող ռուսականը:
Վրաստանի տարածքում գազատարը վնասվել էր ապրիլի 28-ին: «Հայռուսգազարդ» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը նշում է, որ ընկերության մասնագետները չեն հիշում նախադեպ, որ շուրջ երկու շաբաթ շարունակվեին վերականգնողական աշխատանքները: «Հանրապետությունում գազի օրական միջին սպառումը կազմում է 2.5 մլն խմ:
Առայժմ մենք կարողանում ենք այդ պահանջը բավարարել Աբովյանի գազապահեստարանի պաշարների հաշվին: Ֆորսմաժորային իրավիճակում կարող ենք օգտագործել նաեւ իրանական գազամուղի հնարավորությունը», ասաց Շուշան Սարդարյանը:
Մայիսի 7-ին վրացական կողմը տեղեկացրել էր, որ փորձարկումներից հետո պարզ կլինի, թե երբ կսկվի գազամատակարարումը: Սակայն Շուշան Սարդարյանը նկատում է, որ որեւէ հայտարարությամբ վրացական կողմը հանդես չի եկել, միայն հայտնի է դարձել, որ հայտնաբերվել են նոր վնասվածքներ: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը Վրաստանի կողմից գազամատակարարման վերսկսման հետաձգումը կանխամտածված չի համարում: Ասում է` հնարավոր է, որ վերականգնումը ուշանա բնակլիմայական պայմանների պատճառով: «Եթե առաջիկա մի շաբաթվա ընթացքում գազամատակարարումը չվերականգնվի, ապա կարելի է ենթատեքստ տեսնել եւ մտածել խնդրի լուծման այլ միջոցների մասին», ասաց Սերգեյ Մինասյանը :
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Վրաստանի կողմից գազամատակարարման վերականգնման ուշացման մեջ կանխամտածված միտում չի տեսնում, բայց կասկածում է: «Փաստեր չունենք, որ Վրաստանը հատուկ է ձգձգում, բայց հետաքրքրական է, որ համընկավ Ռուսաստանի եւ Թուրքիայի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ էներեգետիկ պայմանավորվածությունների ձեռքբերման հետ, որոնցից դուրս է մնում Վրաստանը: Գուցե այս կերպ Վրաստանը փորձում է ցույց տալ եւ կարեւորել իր տարածքի աշխարհագրական դիրքն ու նշանակությունը», կարծում է Սերգեյ Շաքարյանցը:
Որ գազը միշտ էլ եղել է քաղաքական գործոն, չեն ժխտում նաեւ տնտեսագետները: «Հայռուսգազարդն ունի գազամատակարարման հստակ մշակված ռեժիմ: Եթե գազամատակարարման լուրջ խնդիր ծագի, ապա ընկերությունն ստիպված կլինի գնալ ռեժիմի փոփոխության եւ կրճատել կամ բնակչությանը, կամ էլ տնտեսությանը մատակարարվող գազի ծավալները, որից կբխեն սոցիալական եւ տնտեսական հետեւանքներ», նկատում է տնտեսագետ Սամվել Ավագյանը :
Երեկ, «Նյուզ.ամ» կայքի փոխանցմամբ, վրացական կողմն, այնուամենայնիվ, վերականգնել է գազամատակարարումը: Գործակալությանն այդ մասին տեղյակ էին պահել Վրաստանի Նավթի եւ գազի ընկերությունից, սակայն «Հայռուսգազարդի» մամլո խոսնակ Շուշան Սարդարյանը եւս մեկ անգամ նշեց, որ Հայաստան գազ չի մտնում: «Գազատարի վերականգնման պարագայում, կասեցված մատակարարումը երկար գործընթաց է, մի քանի ժամ կտեւի, մինչեւ գազը մտնի Հայաստան», նշեց Սարդարյանը: