«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2010-05-08 | #85, 2010-05-11 | #86, 2010-05-12


ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա գտնվեց Երեւանում ռուսական «Աֆինա պալադա» ընկերության «ՍՄՏ» ժամանակակից բժշկական սարքավորումների գործարանի հիմնարկեքի արարողությանը: Գործարանը կսկսի աշխատել 2011-ի առաջին եռամսյակից, նախատեսվում է, որ հենց այդ ժամանակահատվածում գործարանը կտա իր առաջին արտադրանքը: Կարտադրվեն մեկանգամյա օգտագործման բժշկական իրեր` ներարկիչներ, ասեղներ եւ այլն: Նախատեսվում է, որ գործարանի արտադրության շրջանակները հետագայում կընդլայնվեն, արտադրանքը նաեւ կարտահանվի: Ռուսաստանցի հայ գործարարների խոսքերով, որոնք էլ հենց իրականացնում են գործարանի կառուցման ներդրումները, բժշկական ժամանակակից սարքավորումների գործարանը կապահովի շուրջ 800 աշխատատեղ, որից ավելի քան 400-ըՙ գործունեության առաջին փուլում:

Նախագահ Սարգսյանը ներկա էր գործարանի առաջին քարի տեղադրմանը: Արարողության ներկա ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը նշեց. «Դեղագործության ոլորտը այն առաջնահերթներից է, որտեղ բարձր ոլորտի աշխատատեղերի պահանջարկ կա, իսկ Հայաստանն այստեղ ունի մրցակցային առավելություն: Այս գործարանն իր էությամբ բարձրակարգ է, որը նոր միջազգային չափանիշներով պետք է աշխատի եւ, բացի այդ, արտահանման պոտենցիալ ունեցող գործարան է: Կիրականացվեն մեծածավալ ներդրումներ հատկապես այդ ուղղությամբ, քանի որ արտադրության ծավալները շատ ավելին են լինելու, քան Հայաստանի պահանջարկն է»:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4