Եվրոպական հանձնաժողովը երեկ հրապարակել է Եվրոպական հարեւանության քաղաքականության մասնակից երկրների առաջընթացի տարեկան զեկույցը, որում Հայաստանի հետ հարաբերությունների առնչությամբ նշվում է, որ 2009-ին Հայաստանը ԵՀՔ գործողությունների ծրագրով առաջընթաց է ապահովել մի քանի ոլորտներում, մեկնարկել է մարդու իրավունքների երկխոսություն ԵՄ-ի հետ, բարեփոխվել հակակոռուպցիոն օրենսդրական հիմքը եւ ամրապնդվել է մարդու իրավունքների պաշտպանը դերը:
Եվրոպական հարեւանության քաղաքականության ամենամյա զեկույցները վերստին ի ցույց են դնում Եվրոպական միության կողմից հարեւաններին տրամադրվող առավելությունները: Հինգ տարի է, ինչ Եվրոպական միությունն ապահովում է առեւտրի եւ օժանդակության ծավալների ավելացում, ժողովուրդների միջեւ շփումների ակտիվացում եւ տնտեսական, քաղաքական ու բազմաթիվ ոլորտային բարեփոխումների շրջանակում ԵՄ-ի եւ հարեւանների միջեւ համագործակցության զգալի սերտացում:
Զեկույցի համաձայն, Հայաստանը նաեւ դրական քայլեր է կատարել կարգավորելու ներքին քաղաքական ճգնաժամը, որ հետեւեց 2008թ. նախագահական փետրվարյան ընտրություններին: Ամեն դեպքում, Եվրոհանձնաժողովի զեկույցով Հայաստանը պետք է հետագա ջանքեր գործադրի` ապահովելու մարտյան իրադարձությունների առնչությամբ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությունները, կատարելագործի ընտրական ստանդարներն ու խթանի մամուլի ազատությունը:
Ա. Հ.