Այս տարի միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ին` կենսաբանություն, աշխարհագրություն, ընդհանուր պատմություն առարկաներով: Հունիսի 4-ին շրջանավարտները քննություն կհանձնեն հայոց լեզու եւ հայ գրականություն առարկաներից, հունիսի 8-ին` ֆիզիկայից, օտար լեզվից` հունիսի 11-ին, մաթեմատիկայից` հունիսի 15-ին, հայոց պատմությունից ու քիմիայից` հունիսի 19-ին եւ ռուսաց լեզվից` հունիսի 23-ին, որով էլ կավարտվի միասնական քննությունների առաջին փուլը:
Երեկ Գնահատման եւ թեստավորման կենտրոնում (ԳԹԿ)` ասուլիսի ժամանակ ԳԹԿ-ի մշակումների եւ կազմակերպական բաժնի պետ Կարո Նասիբյանը տեղեկացրեց, որ ընդունելության դիմում հայտերը դիմորդները կարող են հանձնել մայիսի 5-ից մինչեւ հունիսի 1-ն ընկած ժամանակում, սակայն միասնական քննությունների դիմում հայտերի առաջին փուլի ժամկետն արդեն ավարտվել է: Արդեն հայտնի է դիմորդների ընդհանուր թիվը` 17665, նախորդ տարի դիմորդների թիվը կազմել է` 19164: Երեւանից հայտ են ներկայացրել 6160 դիմորդ, Արագածոտնից` 730 դիմորդ, Արարատից` 1119, Արմավիրից`1330, Գեղարքունիքից` 1248, Լոռիից` 1430, Կոտայքից` 1293, Շիրակից` 1522, Սյունիքից` 838, Վայոց ձորից` 381, Տավուշից` 728 եւ ԼՂՀ-ից` 876 հոգի:
«3 կատեգորիայի դիմորդներ` այս տարվա գարնանային զորակոչից զորացրված զինծառայողները, ՀՀ այն քաղաքացիները, որոնք այս տարի ուսումն ավարտում են օտարերկրյա պետության ուսումնական հաստատությունում, եւ այն շրջանավարտները, որոնք ՀՀ քաղաքացիներ չեն, բուհերում իրենց դիմումները կարող են հանձնել մինչեւ հուլիսի 10, իսկ քննության համար դիմում հայտ կարող են ներկայացնել հունիսի 24-ից մինչեւ հուլիսի 1-ը, այսինքն` կարող են մասնակցել մեր դիմում-հայտագրման երկրորդ փուլին: Նրանք քննությունները հանձնելու են հուլիսին` լրացուցիչ փուլի ժամանակ», ասաց Կարո Նասիբյանը:
Եթե նախկինում դիմորդը կարող էր դիմել միայն տվյալ քաղաքի բուհեր, ապա հիմա մինչեւ 8-րդ հայտով կարող է դիմել նաեւ ուրիշ քաղաքների պետական համալսարաններ, օրինակ` ԵՊՀ դիմած շրջանավարտը կարող է դիմել նաեւ Գավառի կամ Գորիսի պետական համալսարան:
«Այս անգամ խստացրել ենք շրջանավարտի, դիմորդի վարքի կանոնները: Եթե նախկինում դիմորդին միայն երկրորդ զգուշացումից հետո կարող էինք հեռացնել քննասենյակից, ապա հիմա կարգը թույլ է տալիս որոշակի խախտումների դեպքում շրջանավարտին անմիջապես հեռացնել լսարանից` գնահատելով նրա գնահատականը անբավարար», ասաց Կարո Նասիբյանն ու մանրամասնեց, որ նշված որոշակի խախտումների մեջ են մտնում բջջային հեռախոսից ու ծածկագրից օգտվելը: Անկախ նրանիցՙ շրջանավարտը կխոսի, թե չի խոսի բջջային հեռախոսով, եթե նրա մոտ հայտնաբերվեց բջջային հեռախոս, ապա շրջանավարտը կհեռացվի քննությունից:
«Մեզ շատ են դիմում ոստիկանական ակադեմիա դիմած այս տարվա շրջանավարտները, նրանց ծնողներն ու դպրոցների տնօրենները: Նրանք, բնականաբար, ուշացել են առաջին փուլին մասնակցելու իրավունքից: Մեր առաջին փուլի հայտագրման ժամկետը լրացել է ապրիլի 10-ին, քննության համար դիմում-հայտ այլեւս չենք կարող ընդունել, սակայն թե՛ ոստիկանական ակադեմիայի, թե՛ այլ ուսումնական հաստատության դիմորդները, որոնք չեն մասնակցել առաջին փուլին, կարող են մասնակցել լրացուցիչ փուլին: Քննությունների հայտագրումը ԳԹԿ-ում լինելու է հունիսի 24-ից մինչեւ հուլիսի 1-ը», ասաց Կարո Նասիբյանը եւ հավելեց, որ լրացուցիչ փուլին մասնակցող դիմորդները մինչեւ հունիսի 1-ը պետք է իրենց գործերը հանձնեն համապատասխան բուհեր, որովհետեւ, ինչպես նշվեց, միայն 3 կատեգորիայի դիմորդների համար են բուհերում գործերն ընդունվում մինչեւ հուլիսի 10:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ