ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Պատմաբան Ստեփան Պողոսյանի կատարածը թերեւս կբավականացներ մի քանի մարդու կենսագրություն գրելու համար: Կյանքի մեծ մասը նվիրել է հայ ժողովրդի պատմության ամենաբարդ շրջանի` Հայոց ցեղասպանության փաստերի հետազոտությանը: «Ինձ բահ տվեք», «Սասունցիներ», «Գոյատեւման պայքարի քառուղիներում», «Մեծ ոճիրը մեղադրում է» գրքերի հեղինակիՙ Գ. Գյուլբենկյան հիմնարկության մեկենասությամբ վերջերս հրատարակած «Հայոց ցեղասպանության պատմություն» եռահատոր (3-րդը դեռեւս հրատարակության ընթացքի մեջ է) աշխատության արժեքը հսկայական է: Քննարկվող հարցերը բազմաթիվ են` ցեղասպանության սոցիալ-հոգեբանական հիմքերից մինչեւ օսմանիզմի-պանօսմանիզմի, իսլամիզմի եւ պանիսլամիզմի գաղափարներ: Պատմաբանն օգտագործել է ոչ միայն հայ, այլեւ արտասահմանում հրատարակված բազմաթիվ գրքեր, արխիվներ, նամակներ ու պարբերականներ:
Ստեփան Պողոսյանի գործունեությունն արժեւորելու, վաստակը գնահատելու, սիրելի բարեկամին տեսնելու ու գրքի շնորհանդեսին ներկա գտնվելու նպատակով էին երեկ Թեքեյան մշակութային միություն այցելել բազմաթիվ մտավորականներ, գիտնականներ, հասարակական ու քաղաքական եւ պետական գործիչներ:
«Պատմությունը գիտության այն բնագավառներից է, որ հաճախ շահարկվում է: Ի դեմս Ձեզ ունենք ազնվագույն հեղինակ, որ որեւէ քաղաքական գծի, կուսակցական պատկանելության ազդեցության տակ չընկավ: Ժողովուրդը վստահում է Ձեզ, Ձեր գրչին, խոսքերին», ասաց Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը ` Ատեփան Պողոսյանին հանձնելով ԹՄՄ բարձրագույն պարգեւՙ «Ադամանդակուռ Արարատ» շքանշանը:
Դահլիճում տիրող մթնոլորտը տոնական էր: Շատերն էին ցանկանում սիրելի ընկերոջ մասին խոսել: Դերասան Սոս Սարգսյանը մարդկանց գնահատում է առաջին հերթին «հայրենասեր» ու «հայ» չափանիշերով:
«Ստեփան Կարպիչը շատ-շատ հայ է: Խորհրդային ռեժիմի տարիներին նա հեռուստատեսությունը դարձրեց ազգային, ինչը մեծ սխրանք էր: «Մատենադարան» ֆիլմը նկարահանվեց նրա շնորհիվ: «Ձորի Միրոն» կյանքի կոչվեց, որովհետեւ թիկունքում զգում էինք Կարպիչի ամուր ձեռքը: Սրանք իմաստուն եւ առաջնորդ հայի, հայրենասերի գործողություններ էին»:
Հրապարակախոս Զորի Բալայանը նրան ճանաչում է 1973-ից: «Սկսվում էր Ղարաբաղյան շարժումը: Ղարաբաղի պատմության, Ցեղասպանության մասին հարցեր էր բարձրացնում, որոնք արգելված էին բաց քննարկման համար: Կարպիչը ժամանակակից է, առանց որի դժվար է պատկերացնել իմ ժամանակը», նկատեց նա:
Մաեստրո Տիգրան Մանսուրյանն էլ գնահատում է նրա վաստակը երաժշտության ասպարեզում: «Նա դռները բացեց Սասնա աշխարհից եկած երգերի ուղղությամբ: Խորհրդային Միությունում այդ երգերն արգելված էին: Եվ Սասնա Ժողովուրդը կարոտից ելնելով դրանց հարմարեցրել էր քրդական բառեր, եւ երգում էին քրդերենով: Կարպիչը քրդերենը մաքրեց, մեծ ջանք ներդրեց այդ երգերի վերածնունդի համար: Մեր մտավորականներից շատերը դեմ եղան, այդ թվումՙ երաժիշտներ: Չէին հասկանում` հայկական երգերը մեծ արժեք են եւ պետք էր պահպանել: Կարպիչը լրջությունը գիտակցում էր: Այսօր այդ երգերը մեզ հետ են եւ հնչում են հայերեն: Դրա համար պետք է շնորհակալություն հայտնել նրան»:
«Հարգում եմ նրա գրքերը: «Հայոց ցեղասպանության պատմություն» գիրքն առանձնահատուկ նշանակություն ունի, որովհետեւ ուսումնասիրված են բոլոր աղբյուրները, ներառյալ` թուրքերի վերաբերմունքն ու կարծիքները Հայոց ցեղասպանության վերաբերյալ», նկատեց գրող-հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը :
Պատմաբան, օրվա գլխավոր բանախոս Լավրենտի Բարսեղյանի բնութագրմամբ «Հայոց ցեղասպանության պատմություն» գրքին հայ ժողովուրդը սպասել է 95 տարի: «Ուշագրավ են հայերի ուծացման մասին դիտարկումները: Համեմատում է հայերի եւ թուրքերի ժողովրդագրական պատկերն ու փաստերով ներկայացնում հայ ժողովրդի թվաքանակի նվազումն ու բռնի ուծացումը` այդ կերպ առաջին անգամ հրապարակ իջեցնելով «վիճակագրական ցեղասպանություն» հասկացությունը», ասաց նա` հավելելով, որ Հայոց ցեղասպանության եւ Հայկական հարցի մասին մատենագիտությունը նույնպես պատկանում է Պողոսյանի գրչին:
Ազգային պետական արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի համար գիրքը արժեքավոր է, որովհետեւ անդրադարձել է ոչ միայն Հայոց ցեղասպանության հարցին, այլեւ ներկայացրել է արեւմտահայերի կյանքը, խնդիրները, հայ-քրդական հարաբերությունները:
Օրվա հերոսի ելույթն էլ անկեղծ էր ու հուզիչ. «Քաղաքական կուսակցություններից ամենից վատ գիտեմ ռամկավարների պատմությունը: Դաշնակներին գիտեմ, որովհետեւ միշտ հայհոյում են, հնչակներին գիտեմ, որովհետեւ միշտ մի տեղից մյուսն են փոխվում, ռամկավարներին այնքան էլ լավ չգիտեմ: Ընդամենը երեքին լավ գիտեմ: Տատս սիրահարվել էր Միհրան Տամատյանին: Նա եկավ Հալեպ, հայդուկներն այնտեղ էին, հավաքեց տարավ եւ նրա շնորհիվ Սասունում տարան փայլուն հաղթանակ: Երկրորդ ռամկավարը Պողոս Նուբար փաշան էր: (Նա երբեք կուսակցական չի եղել - խմբ.) Երրորդը` Արշակ Չոպանյանը: Նրան բացահայտեցի, երբ Չարենցի մասին աշխատություն էի գրում, սակայն ձեռագիրը շատ վատն էր, հազիվ գլուխ հանեցի: Շնորհակալ եմ այս ուշադրության համար: Չեմ ուզում երկար խոսել», եզրափակեց իր ելույթը` հորդորելով պատմության նկատմամբ զգույշ լինել, որ կրկին չվտանգվենք ու ծանր կացության առաջ չկանգնենք:
Վերջում ներկայացվեցին ազգագրական պարեր: