«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#86, 2010-05-12 | #87, 2010-05-13 | #88, 2010-05-14


ԵԽԽՎ ԹՈՒՐՔ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԶ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երկու օր Երեւանում գտնվող ԵԽԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուն երեկ Ազգային ժողովում հանդիպումներ ունեցավ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների (բացի ՀՅԴ-ից) եւ լրագրողների հետ: Խմբակցությունների հետ հանդիպումները հատկապես այնքան հարթ եւ ԵԽԽՎ-ի թուրք նախագահի սրտով չեն եղել, որովհետեւ, օրինակ, ԲՀԿ-ի, «Ժառանգության» ներկայացուցիչները հանդիպումը վերածել են ոչ թե Հայաստանի ժողովրդավարացման հետ կապված պարտավորությունների եւ ճանապարհային քարտեզի քննարկման առիթի, ինչպես Չավուշօղլուն էր ուզում եւ դա էր նրա մանդատով նախատեսված հանդիպումների նյութը, այլ ի ցույց են դրել Չավուշօղլուի կողմնակալ վերաբերմունքը Թուրքիայի պատվիրակության ղեկավար եղած ժամանակից դեռ, մինչդեռ նա ուզում է վերակենդանացնել ԼՂ խնդրով ենթահանձնաժողովը, անգամ ղեկավարել դա, ինչին ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները դեմ են: Բացի այդ` նա չի հարգել հայերիս ու Հայաստանը, չի այցելել Ցեղասպանության անմեղ զոհերի հուշարձան:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Չավուշօղլուի հետ հանդիպման ընթացքում ասել է, որ Հայաստանը ցանկանում է բարեփոխումները համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին, ինքն էլ ամեն ինչ անելու է դրա համար:

Բայց ավելի մանրամասն պատմենք Չավուշօղլուի հանդիպման մասին լրագրողներիս հետ, ուր նա (ԵԽԽՎ-ն) մտահոգված էր Հայաստանում 2008-ի ընտրություններին հաջորդող դեպքերով եւ մանրամասնեց ԵԽԽՎ դիրքորոշումն այդ հարցում. ԽՎ առաջարկներն այդ դեպքերի հետեւանքները վերացնելու ուղղությամբ պետք է առանց ձգձգումների իրականացվեն: Բացի դրանից, դեռ ԽՎ-ն կոչ է արել Հայաստանի իշխանություններին` առաջարկված բարեփոխումներն իրականացնելու ճանապարհային քարտեզ մշակել, ընդ որում` միջոցառումների ցանկով եւ իրականացման վերջնաժամկետներով:

Նա երկու խնդիր առանձնացրեց` 10 զոհերի հետ կապված ոչ մեկի պատասխանատվություն չկրելու հանգամանքը եւ ազատազրկվածների, այդ թվում` Նիկոլ Փաշինյանի հարցերը: Եվ անգամ ուղերձ արեց, թե 2012 թվականի ընտրությունները Հայաստանի համար փորձաքար են լինելու:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին, ապա ԵԽԽՎ վեհաժողովը շատ հստակ դիրքորոշում ունի, որն արտահայտվել է մի շարք բանաձեւերում, եւ մասնավորապես 2005 թվականի 1416 բանաձեւով (սա մեզ համար աննպաստ բանաձեւ է), որով ԽՎ-ն մի շարք հստակ հանձնարարականներ է տալիս կոնֆլիկտի երկու կողմերին էլ. Հայաստանը եւ Ադրբեջանը պարտավորություն ունեն ապահովել հանձնարարականների հետ համապատասխանությունը, մյուս կողմից ԽՎ-ն պարտավորություն ունի մոնիտորինգի ենթարկել, թե ինչպես են անդամ երկրները իրականացնում այդ հանձնարարականները: Այդ գործընթացի համատեքստում է, որ որպես հիշյալ բանաձեւի 5-րդ պարբերություն, ԽՎ-ն դիմելու է ԵԽԽՎ բյուրոյին` խնդրելով ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որն ի թիվս այլոց` ի մի կբերի արվածը: Չավուշօղլուն հատուկ անդրադարձավ, որ ԶԼՄ-ներում վերջին շրջանում այս հարցի շուրջը բավական շահարկումներ են եղել. «Ես կուզեի ընդգծել հետեւյալը. այդ ժամանակավոր հանձնաժողովը գործում էր մինչեւ իր նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնի մահը, այդ օրից ի վեր համաձայնություն չկա, թե ո՞ր անձը լավագույնս կարող է նախագահել այդ հանձնաժողովում, ինչպես նաեւ չկա համաձայնություն դրա ձեւաչափի եւ մանդատի շուրջը: Մեկ տարի է, ինչ այդ հարցը գտնվում է բյուրոյի օրակարգում: Իմ պարտականությունն էՙ որպես նախագահի, ինչպես որ նախորդ նախագահի պարտականությունն էր, հետեւել, մինչեւ որ ընդունվի համապատասխան որոշումը», ասաց նա` ավելացնելով, որ պատվիրակությունների հետ համաձայնություն է ձեռք բերվել շարունակել ոչ ֆորմալ հանդիպումները եւ դրանցում ներգրավել երկու կողմերից` մեկական ընդդիմության ներկայացուցիչ, մինչեւ գտվի այն ձեւաչափը, որն ընդունելի եւ բավարար կլինի երկու կողմերի համար: Ի դեպ, նա շնորհավորեց Հայաստանին այն բանի համար, որն այս տարի ընդունելու է «Ժողովրդավարության ապագա» ֆորումը, նրա խոսքով` այդ համաժողովի ծրագիրը բավական հավակնոտ եւ հետաքրքրական է, իսկ ինքը` Չավուշօղլուն հույս ուներ վերադառնալ Հայաստան այդ ֆորումին մասնակցելով:

Թուրք ԵԽԽՎ-ականի այս «ժողովրդավարական» ոգորումներին ականջ դնող լրագրողներիս համար առավել հետաքրքրական էր հարցերին նրա պատասխանների մասը. լրագրողները հիշեցրին նախորդ ելույթները ԵԽԽՎ-ում, երբ ԼՂ հարցը կամ Հայաստանի պարտավորությունների խնդիրն էր քննարկվում, ու նա խոսում էր Հայաստանի կողմից Ադրբեջանի 20 տոկոսը «օկուպացնելու» մասին, խոսում էր Հայաստանի վրա ճնշումներն ավելացնելու անհրաժեշտության մասին, եւ ընդհանրապես կրկնում էր ադրբեջանական տեսակետները: Ինչպե՞ս պիտի ԼՂ հարցում ոչ չեզոք, կողմնակալ դիրքորոշում ունեցող անձը գլխավորի վեհաժողովի ԼՂ հարցով ենթահանձնաժողովը: Չավուշօղլուն չուզեց հիշել թուրքական պատվիրակության ղեկավարի իր անցյալը եւ «լղոզեց», թե բոլոր 47 երկրները հավասար են վեհաժողովում եւ արժանի հավասար վերաբերմունքի: Բյուրոն ինքը կորոշի, թե ով կլինի այդ ենթահանձնաժողովի նախագահը:

1416 բանաձեւը միակողմանի բնույթ ունի եւ անտեսում է ԵԱՀԿ ձեւաչափում հաստատված բանակցային սկզբունքները` ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ ընդհանրապես կարող է խանգարել դրա բանակցային գործընթացին. այս մեկնաբանությանն ի պատասխան` Չավուշօղլուն մի հեքիաթ սկսեց առ այն, որ բանաձեւերը քվեարկվում են, սա ժողովրդավարական գործընթաց է, իսկ 1416 բանաձեւին օգտին ինքը միակ քվեարկողը չէր, այլապես այն չէր ընդունվի, դա մեկի շահին չի ուղղված, բայց եթե ընդունվել է, դրա պայմանները պետք է ընդունվեն, մոնիտորինգով էլ դա վերահսկվելու է:

ԼՂՀ նախագահը ԵԽԽՎ դիտորդական խումբ էր հրավիրել ԼՂՀ-ում անցկացվող խորհրդարանական ընտրություններին: Չավուշօղլուն ստացել է նամակը, մտցրել բյուրոյի օրակարգ, բյուրոն որոշել է չուղարկել, դա կարգ է` չուղարկել դիտորդներ սառեցված հակամարտությունների երկրներ, խեղճ Չավուշօղլուն ի՞նչ անի

ԵԽԽՎ նախորդ նախագահները Ծիծեռնակաբերդ են այցելել, Չավուշօղլուն` ոչ, ինչպե՞ս հավատանք, որ նա անաչառ եւ օբյեկտիվ կլինի Հայաստան-Թուրքիա հարաբերություններում որպես ԵԽԽՎ նախագահ: Այս հարցին պատասխանելիս եւս Չավուշօղլուն փորձեց անհաջող խաբս տալ. Վեհաժողովի կանոնակարգում չկա դրույթ, որը պարտադրի նախագահի այցելությունն այս կամ այն վայր, նախորդ նախագահների պաշտոնական արարողակարգերն էլ նայել է, նրանք չեն այցելել, իր անձնական որոշումն է որպես վեհաժողովի նախագահի. «Ես հարգում եմ ձեր կարծիքները, բայց բոլորը նաեւ իմ որոշումը պետք է հարգեն»: Լրագրողը հիշեցրեց, որ ե՛ւ Ջոնսոնը, ե՛ւ Ռենե վան դեր Լինդենն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր: «Գուցե անհատական որակով են այցելել», իրեն հարմար ենթադրեց Չավուշօղլուն:

Ինչպե՞ս է զգում Հայաստանում «հեփի էնդ» հարցին ի պատասխան էլ ասաց, որ առաջին անգամ է Հայաստանում, ուրախ է գալու համար, լավ բարեկամներ ունի Հայաստանից, այստեղ գալով` էլ ավելի լավ ընկերներ է ձեռք բերել. չնայած գործով է եղել, բայց անձնապես վայելում է այստեղ գտնվելը, Հայաստանի ժողովուրդն իր հանդեպ բարեկամաբար է տրամադրված, ներառյալ մամուլը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4