Երեկ ՀՀ նախագահի նստավայրի առջեւ` Հանրապետության նախագահի «Մրցանակ-2009»-ի մրցանակաբաշխությունից հետո (տեսՙ էջ 3) ստեղծված ուրախ եռուզեռը խաթարեցին մի խումբ մարդիկ, ովքեր երկրի նախագահից պահանջում էին արդարություն:
Հավաքվածներն ասացին, որ իրենք այս տարվա փետրվարի 6-ին դաժանորեն սպանված 19-ամյա Միրազ Աջամյանի հարազատներն են, հարեւաններն ու համագյուղացիները: Նրանք եկել էին Արմավիրի մարզի Արտաշար գյուղից:
Հանգուցյալի մայրը պատմեց, որ իր որդուն դանակահարելով սպանել են Երեւանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանում, սպանելուց հետո էլ կախել են: «Մինչեւ հիմա մարդասպանին չեն գտել, մեզ անընդհատ խաբում են: Տղաս Երեւան էր եկել իր նշանած աղջկան տեսնելու համար: 10 օր հետո տղայիս հարսանիքը պետք է լիներ: Մենք պատահական ենք եկել, չգիտեինք, որ այսօր այստեղ մրցանակ են տալիս: Նախագահին ենք դիմում, որ գտնի ու պատժի մարդասպանին: Նախագահից բացի ուրիշ վստահելի անձ է՛լ չի մնացել», ասաց հանգուցյալի մայրը:
Հավաքված մրցանակակիրների, պաշտոնյաների ուրախությունն ավելի տեսանելի էր դարձնում արտաշարցիների վիշտը եւ է՛լ ավելի մեծացնում նրանց զայրույթը:
Ի. Պ.