«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2010-05-13 | #88, 2010-05-14 | #89, 2010-05-15


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԵՆԻՍԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԶԻՋԵՑ ՄՈԼԴՈՎԱՑԻՆԵՐԻՆ

Աթենքում ընթացող Դեւիսի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականը 2-րդ պարտությունը կրեց: Այս անգամ հայ թենիսիստները 0-3 հաշվով զիջեցին մոլդովացիներին: Մինչ այդ Մոլդովայի հավաքականը նույնպիսի հաշվով առավելության էր հասել Սան Մարինոյի եւ Ալբանիայի թենիսիստների նկատմամբ ու հույների հետ գլխավորում էր Բ խմբի աղյուսակը:

Գուցե դա էր պատճառը, որ մեր հավաքականի մարզիչները որոշել էին հանգիստ տալ թիմի առաջատար Հարություն Սոֆյանինՙ խնայելով ուժերն ավելի թույլ մրցակիցների հետ հանդիպումների համար: Ուստի առաջինը կորտ դուրս եկավ Աշոտ Գեւորգյանը, որը միեւնույն 2-6 հաշվով երկու խաղափուլում պարտվեց Ռոման Բորվանովին: Ավելի թույլ ելույթ ունեցավ Խաչատուր Խաչատրյանըՙ չկարողանալով 2 խաղափուլում գոնե մեկ միավոր վաստակել Ռադու Ալբոտի հետ մրցավեճում (0-6, 0-6):

Զուգախաղում էլ Գեւորգյան-Խաչատրյան զույգը զիջեց Ալբոտ-Բորվանով երկյակին (3-6, 1-6): Հայաստանի հավաքականը 3 խաղից հետո վաստակել է 2 միավոր: Հաջորդ հանդիպումը մեր թենիսիստները կանցկացնեն Ալբանիայի հավաքականի հետ: Վերջինս խմբի հետնապահներից էՙ միեւնույն 0-3 հաշվով զիջելով Հունաստանի, Մոլդովայի եւ Չեռնոգորիայի հավաքականներին: Այնպես որ ալբանացիների հետ մրցավեճում մեր թենիսիստներից պետք է հաղթանակ ակնկալել: Խմբային մրցաշարի վերջին խաղում հայ թենիսիստները կմրցեն Հունաստանի հավաքականի հետ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4