«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2010-05-14 | #89, 2010-05-15 | #90, 2010-05-18


ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԹԲԻԼԻՍԻ

Նոր ամերիկյան նախաձեռնություն` ընդդեմ Մոսկվայի՞

Որ Թբիլիսին արտաքին քաղաքական որեւէ քայլ դժվար թե ձեռնարկի առանց Վաշինգտոնի «թույլտվության», արդեն վաղուց գաղտնիք չէ: Այս առումով բավական հետաքրքրական է նախագահ Սաակաշվիլու օրերս արած հրավերը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին` ժամանելու Վրաստան: Սաակաշվիլին, ընդունելով Վրաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մադջիդ Սաբիրիին, նշել է, որ Ահմադինեժադը կարող է պաշտոնական այցով ժամանել Թբիլիսի «նրա համար հարմար պահի»: Ինչպես տեղեկացնում է իրանական MEHR գործակալությունը, Սաակաշվիլին իրանցի դիվանագետի հետ քննարկել է նաեւ մի շարք հարցեր վրաց-իրանական հարաբերությունների խորացման, վիզային ռեժիմի վերացման հնարավորության վերաբերյալ: Իր հերթին Սաբիրին Սաակաշվիլուն է փոխանցել իր երկրի իշխանությունների ցանկությունը` բարելավելու հարաբերությունները Վրաստանի հետ տարբեր ոլորտներում:

«Ռեգնում.ռու» գործակալության «վստահելի աղբյուրներ»-ի փոխանցմամբ` Իրանի այս աստիճան պատրաստակամությունը` խորացնելու հարաբերությունները Կովկասում ԱՄՆ-ի ամենահավատարիմ «ընկեր» Վրաստանի հետ, պայմանավորված է այն հանգամանքով, որ Թեհրանը հիասթափված է Մոսկվայից, քանի որ վերջինս համաձայնեց պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ եւ կասեցրեց մի շարք համատեղ նախաձեռնությունների ընթացքը: Նույն աղբյուրների վկայությամբ` այժմ Իրանը փորձում է բարելավել երկխոսությունը ԱՄՆ-ի հետ` մասնավորապես Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների շուրջը: Այս առումով Վրաստանն, անշուշտ, կարեւոր կամուրջ կարող է լինել Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ, որոնց «միությունը» կարող է դառնալ Հարավային Կովկասից Մոսկվայի վտարման պատճառ: Այս առումով կարող է օգտագործվել ինչպես ռուս-վրացական հակամարտության գործոնը, այնպես էլ «բավական բարդ» ղարաբաղյան հարցը: Ինչպես արդեն տեղյակ են մեր ընթերցողները թերթի նախորդ համարներից, Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւը Թուրքիա այցելության ընթացքում որեւէ հատկանշական բան չասաց Ղարաբաղի թեմայով, փոխարենը ստորագրվեցին պայմանագրեր, որոնք կոչված են խորացնելու ռուս-թուրքական հարաբերությունները: Այս վերջինն էլ, ըստ «Ռեգնում. ռու»-ի «հավաստի աղբյուրների», օգտագործվելու է «ընդդեմ Մոսկվայի միության» կողմից: Մասնավորապես գործակալությունը նշում է, որ Մոսկվա-Անկարա խորացող հարաբերությունները լուրջ անհանգստացրել են հայկական Սփյուռքին, իսկ Վրաստանի նախագահ Սաակաշվիլին, որը վերջին երեք շաբաթների ընթացքում ԱՄՆ-ում էր, ըստ «Ռեգնում»-ի, ունեցել է մի շարք հանդիպումներ հայկական համայնքի ազդեցիկ ներկայացուցիչների հետ, որոնց հետ քննարկել է Կովկասում ստատուս քվոյի վերականգնումը` Մոսկվային տարածաշրջանից վտարելու ճանապարհով, որն էլ, իր հերթին, կբերի ամերիկյան ազդեցության մեծացմանը Հարավային Կովկասում: (Անշուշտ, «Ռեգնում.ռու»-ի այս վերջին պնդումը սադրողական հիմքեր կարող է ունենալ միայն: Սփյուռքահայ «ազդեցիկ ներկայացուցիչներին» ավելի մտահոգում է հայ համայնքի նկատմամբ վրաց իշխանությունների վարած քաղաքականությունը):

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4