ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ազգային ժողովի երեկվա նիստը կառավարության նիստերի դահլիճում էր, այսինքն` այս շաբաթ կառավարությունն ու Ազգային ժողովը համահունչ աշխատելու են Մելիք Ադամյան-2-ում, քանի որ ԱԺ շենքը մինչեւ սեպտեմբեր նորոգվելու է, նիստերի դահլիճը, քոռանամ, դառնալու է օվալաձեւ, որ մեր ազգընտիրներն ավելի արդյունավետ աշխատեն եւ միայն կոճակ չսեղմեն, իսկ օվալաձեւ դահլիճն էլ, էս ճգնաժամոտ մաջալին ազգիս վրա նստելու է 390 մլն դրամ: Անզեն աչքով էլ տեսանելի է, պատգամավորներն իրենց տեղում չէին զգում իրենց` առանձնասենյակները, կոմֆորտը, գործավարուհիները, առանձնասենյակների սուրճը մնացել էր Ազգային ժողովում, իրենք` Մելիք-Ադամյանի առանց ակուստիկա, առանց նորմալ սեղանների, մի բուֆետ ու, մի լոժա ունեցող դահլիճում: Ասենք, որ այս դեպքում էլ, ինչպես մի շարք ուրիշ դեպքերում, ՀՀԿ-ի բախտն էր բերել, որովհետեւ ՀՀԿ-ական պատգամավորների էլիտար մասը, ով ազատ ելումուտ ունի ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, շուտ-շուտ մտնում էր ՀՀԿ, սրճում, հանգստանում-հետ գալիս: ՀՅԴ-ն նույնպես նույն կերպ էր վարվում` մի գլուխ դնելու տեղ մոտակա ՀՅԴ ԳՄ շենքում խմբակցության անդամների համար հաստատ կգտնվեր:
Չնայած Մելիք-Ադամյանում երկու հեռուստացույց էր տեղադրվել` մեկը միջանցքում, մեկը ԱԺ նիստը վարողների հարթակին մերձ, սակայն լրագրողները եւս դեռ լավ չէին կողմնորոշվում, դահլիճի դիմաց խռնվել էին, քանի որ անակուստիկ դահլիճում աշխատելն ու նիստին հետեւելը մի փոքր ծանր էր, ահա նրանք էլ թեմա հորինեցին` պատգամավորներից հետաքրքրվել, թե ի՞նչ զգացողությամբ են այս շենքում աշխատում, որտեղ, ի դեպ, Հայաստանի երրորդ հանրապետության առաջին պառլամենտը` Գերագույն խորհուրդն էր գործում, իսկ ներկայիս Ազգային ժողովի պատգամավորներից Վլադիմիր Բադալյանը, Վիկտոր Դալլաքյանը, Տիգրան Թորոսյանը, Ռաֆիկ Պետրոսյանը նաեւ այդ ԳԽ-ի պատգամավորն էին եղել եւ լրագրողներին օգնեցին նոստալգիկ ինչ-որ մթնոլորտ մի պահ առաջացնել: Անգամ ընկան նոստալգիկ հիշողությունների մեջ, թե ո՞վ, ե՞րբ, ո՞ր խոսափողն էր գրկել, ով խոսափողը մի վայրկյան չէր զիջում ուրիշի: Ընդհանուր առմամբ` կարծես առաջին օրն աշխատանքն այնքան էլ չէր ստացվում:
Վիկտոր Դալլաքյանը լրագրողներին ասում էր, թե Մելիք -Ադամյանի դահլիճի պայմանները կարող են էապես բացասաբար ազդել ԱԺ օրինաստեղծ աշխատանքի համար, անգամ թուղթ չեն կարող դնել նեղ սեղանիկին` իսկական քնելու դահլիճ է:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուրադ Շարմազանովը կիսադատարկ դահլիճի վերաբերյալ ասաց, թե ուզած հարցին կարելի է գալ, մասնակցել քննարկմանը` հեռախոս-բան, ընկերներ կան` կզանգեն-կկանչեն:
Շենքի պատմությունը լավ էր ազդում Ռուզան Առաքելյանի վրա, ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի համար նախագահության հարթակում որեւէ պրոբլեմ չկա, նորմալ-հանգիստ է: Ռաֆիկ Պետրոսյանի համար դահլիճի ներկա հնարավորություններն ավելի շատ են, քան շատ տարիներ առաջ էր, երբ այս դահլիճում առաջին պառլամենտն էր. բայց դե ներկա ԱԺ-ի հետ համեմատած` հնադարյան մեթոդներով մի կերպ կաշխատեն, էլի:
Չնայած դրան` ԱԺ-ն իր համար աշխատեց, «Օրինաց երկրի» նոր պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը ներկայացվեց, օրենք օրենքի հետեւից էլ հո չէր քննարկվում` գործը յուղի պես գնում էր:
Օրինակ` երեկ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց այն օրենսդրական փաթեթը, որն ապաքրեականացնում է զրպարտանքն ու վիրավորանքը` դրանց համար կամ հերքում պարտադրելով կամ դատական կարգով նյութական փոխհատուցում սահմանելով: Ընդ որում փաթեթը բավական լայն քննարկում էր անցել` ընդհուպ լսումներ, լրագրողներն ու լրագրողամերձ կազմակերպությունները բավական առաջարկներ էին ներկայացրել, քանի որ այս փաթեթը նաեւ ՉԼՄ-ների շահերին է առչվում: Արդյունքում սկզբնապես բավական անընդունելի համարվող օրինագիծը քրիստոնեական տեսքի էր բերվել, ինչպես նշում էին եւ օրենքի համահեղինակները եւ ընդդիմախոսները, քանի որ շատ առաջարկներ ներառվել էին օրինագծում: «Ազգի» հետ զրույցում օրենսդրական փաթեթի համահեղինալ Հովհաննես Մարգարյանը նկատեց, որ այս փաթեթում գրեթե հիմնականում տեղ են գտել բոլոր այն առաջարկները, որ լրագրողներն ու լրագրողական կազմակերպություններն են արել: Մասնավորապես հնարավորություն է ստեղծվել, որ եթե լրագրողը տվյալ լրատվամիջոցով մարդուն վիրավորել կամ զրպարտել է` այդ մարդը եթե դիմում է, հնարավորություն ստեղծվի հերքման համար նույն ծավալով կամ նույն չափի եթերով: Հաջորդն ներառումն այն է, որ ելնելով սուբյեկտի գույքային վիճակից պետք է դատարանը որոշում կայացնի. այսինքն` փոխհատուցման սանկցիաները դարձել են մինչեւ 1 եւ 2 մլն` 0-ից սկսած. վիրավորանքի համար առավելագույնը մեկ մլն, զրպարտանքի համար` առավելագույնը 2 մլն; Բայց մնում է, որ դատարաններն են որոշելու այդ չափը, ահա եւ լավ առիթ դատարաններին` զանազան խաղեր տալու: Բայց Հ. Մարգարյանը ճշտեց` հերքում տպելուց հետո անձը դատարան չի կարող դիմել: Հնարավորություն է ստեղծվել նաեւ, որ նույնիսկ մահացած անձանց հետ կապված մարդու պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու հնարավորություն տրվի` նրա մերձավորները կարող են դիմել դատարան, քննարկման առարկա դարձնել վիրավորանքն ու զրպարտանքն իրենց մահացած ազգականի հետ կապված եւ հերքելու հնարավորություն ստանալ:
Ընդհանրապես` այս օրենքի առաջնային պլանն այն է, ըստ Հ. Մարգարյանի, որ բարոյական փոխհատուցում տրվի, նյութական փոխհատուցումը երկրորդ պլանում է:
Անգամ «Ժառանգությունն» ի դեմս Լարիսա Ալավերդյանի համարում էր, որ այս նախագիծը հանրային մասնակցության շնորհիվ ավելի նորմալ դարձավ, իսկ պրակտիկան կգա հարստացնելու այս նախաձեռնությունը:
Երեկ նաեւ քննարկվեց կառավարության այն նախաձեռնությունը, որով առաջարկվում է մի շարք պաշտոնատար անձանց անձեռնմխելիության իրավունքը սահմանափակել, անգամ որոշ դեպքերում` վերացնել: Սա վերաբերում է հատկապես դատախազներին, գլխավոր դատախազին, հատուկ քննչական ծառայության քննիչներին, ընտրական հանձնաժողովների նախագահներին, ՀՀ նախագահի, պատգամավորության, ավագանու անդամի թեկնածուներին: