«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2010-05-14 | #89, 2010-05-15 | #90, 2010-05-18


«ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏ»

Թեպետ գրող, հրապարակախոս Հակոբ Մովսեսն ընդունում է «Քանի լեզու գիտեսՙ այնքան մարդ ես» արտահայտությունը, նաեւ տեղյակ է, որ հայերի նման փոքր ժողովուրդները երկլեզվության մարմաջ ունեն, սակայն մտավախություններ ունի երկրում օտարալեզու դպրոցների բացման կապակցությամբ: Նա համոզված է, որ հայ մտավորականը տգետ կմնա, եթե չինտեգրվի համաշխարհային մշակույթին, քաղաքակրթությանը, միաժամանակ հիշեցնում է Հեգելի խոսքերը. «Եթե մտավորականն իր կրթությունը մայրենի լեզվով չի ստացել, նա տգետ է, մտավորական չէ»: Այս դեպքում հրապարակախոսն առաջարկում է ոսկե միջին` ներկայացնելով Հոլանդիայի կրթական համակարգը: Մինչ օտարալեզու դպրոցների վերաբացումն էլ ցանկանում է հստակեցնել` նախագծի իրական դրդապատճառները մշակութաբանակա՞ն են, թե՞ քաղաքական:

«Մի խուլ վախ կա, խուլ բնազդ, որ այս ամենն արվում է ոչ թե ներքին պահանջներից ելնելով, այլ մի ուրիշ պատճառով եւ պարտադրանքով», ասաց նա «Հայելի» ակումբում: Նա վտանգն այլ տեղ է փնտրում: «Եթե նախագծի հիմքում քաղաքական խնդիր է լուծվում, ապա «մեր հերն անիծվելու է»: Ենթատեքստում ռուսական դպրոցների ակտիվացումն է դրված: Սա ամերիկյան օրիենտարիզմը ռուսականով փոխարինելու կամ մեղմելու պետական քաղաքականության մշակութաբանական դիսցիպլինն է»:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը կտրականապես դեմ է օտարալեզու դպրոցների բացմանը: Նրա կարծիքով` կառավարությունը կրթական բարեփոխումներ իրագործելու փոխարեն կռվեցնում եւ բաժան-բաժան է անում հասարակությանը: «Պետք է նպատակը պարզել», առաջարկում է Բլեյանը` օրենքի փոփոխություները համարելով անընդունելի եւ վիրավորական: «Չեմ կարող հանդուրժել պետության, պետականության եւ հասարակության, իմ երեխաների դեմ ուղղված վտանգը»:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4