Հայաստանում բիզնես միջավայրի բարելավումը կառավարության առաջնահերթ խնդիրներից պետք է լինի: Սրա մասին հաճախ եւ շատ է խոսվում, բայց արվածը ոչ միայն քիչ է, այլեւ քիչ արդյունավետ: Կան տարրական խնդիրներ, որոնց լուծումը շատ ավելի հեշտ է եւ չի պահանջում մեծ ծախսեր, բայց դրանք մնում են անլուծելի եւ ժամանակ, նյարդեր եւ ամենակարեւորըՙ միջոցներ խլում գործարարներից, մասնավորապես փոքր բիզնես ունեցողներից:
Որ ձեռնարկություն գրանցելը դեռ երկար է տեւում եւ կատարվում է մի քանի փուլով, մի քանի անգամ փաստել ենք մեր թերթում եւ ընդգծել, որ այստեղ հրատապ է «մեկ պատուհանի» ներդրումը, որտեղից ձեռնարկություն գրանցողը կստանա բոլոր փաստաթղթերըՙ ներառյալ հարկային հաշվեհամարը (ՀՎՀՀ): Ի դեպ, դեռ 2007-ին էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը խոստանում էր, որ այդ համակարգը կներդրվի 1-2 տարուց: Արդեն 3-րդ տարին է անցել, բայց այդ խոստումը մնում է խոստում: Ինչեւէ:
Միայն ձեռնարկություն բացելը հեշտացնելը բավարար չէ փոքր բիզնեսի «կյանքը» հեշտացնելու համար: Երբ գործարարը ստեղծում է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (ՍՊԸ) կամ անհատ ձեռնակատեր է (ԱՁ) դառնում, նրան բազմաթիվ «ստորջրյա» խութեր են սպասում, որոնց մասին նա չի էլ պատկերացնում, եւ ոչ ոք նրան չի իրազեկում:
Խոսենք կոնկրետ օրինակներով: Փոքր ընկերություն ստեղծած գործարարը չգիտի եւ չի կարող իմանալ, որ, օրինակ, իրեն անհրաժեշտ է ունենալ դրամարկղային գրքույկ: Նա կարող է լինել օրինակելի եւ պարտաճանաչ հարկատու, ժամանակին վճարել հարկերն ու սոցվճարները, եւ մի օր բացահայտվի, որ նրա նկատմամբ պետք է կիրառվի ... 50 հազար դրամ տուգանք, որովհետեւ նա չունի դրամարկղային գրքույկ: Երեւի դժվար չէ պատկերացնել, թե դա ինչ լուրջ ֆինանսական կորուստ է նոր բիզնես սկսող փոքր ձեռնարկության համար, եւ պետության հանդեպ հավատի ինչ կորուստ կունենա այդ գործարարը, լինելով պարտաճանաչ հարկատու, որին, սակայն, տուգանում են: Հարց է առաջանում, նոր գործունեություն սկսող հարկատուն որտեղի՞ց եւ ինչպե՞ս պետք է իմանար նման գրքույկ ունենալու անհրաժեշտության մասին: Որեւէ պետական կառույց պարտավոր էր նրան այդ մասին տեղեկացնել: Պարզվում է, որ ոչՙ իմացիր որտեղից ուզում ես, իսկ պետական կառույցի, տվյալ դեպքումՙ հարկային մարմնի խնդիրն առանց ներման հնարավորության միայն տուգանելն է: Սա հաստատ այն չէ, ինչ ասում էր վարչապետ Տիգրան Սարգսյանըՙ պետական ծառայողների կողմից բարձրակարգ ծառայություններ մատուցելուն հասնելու մասին:
Սակայն նոր ստեղծված փոքր ձեռնարկության համար վերոնշյալը միակ ականը չէ ականապատված հարկային դաշտում, որի միջով նա պարտադրված է քայլել: Այդպիսի ականներ շատ կան: Նման մի ական կարող է պայթել, եթե որեւէ հաշվետվություն, դարձյալ անտեղյակության պատճառով ուշացվի: Այդ դեպքում արդեն «ականը» կպայթի 10-20 հազար դրամ տուգանքի տեսքով: Դարձյալ որեւէ նշանակություն չունի, որ տուգանվողը պարտաճանաչ հարկատու է եւ հարկերը չի թաքցնում կամ դրանց վճարումը ուշացնում: Այս դեպքում էլ նորաստեղծ փոքր ձեռնարկությունը, որ դեռ հնարավորւթյուն չունի հաշվապահ ունենալու, ոչ մի տեղից չի կարող իմանալ, թե երբ պետք է ներկայացվեն հարկային հաշվետվությունները: Չենք խոսում տուգանքի տատանվող չափի մասին, որը լայն դաշտ է ստեղծում հարկային մարմնի կողմից տարբերակված մոտեցման կիրառման համար կամ էլ, որ տուգանքը վճարելուց հետո գործարարը դեռ պետք է հավելյալ ժամանակ վատնի ու վճարման անդորրագիրը ներկայացնի հարկային մարմնին:
Իհարկե, բիզնես սկսող անձը պետք է իմանա, որ նա հարկեր պետք է վճարի, հաշվետվություններ ներկայացնի, բայց մասնագիտությամբ իրավաբան կամ հաշվապահ լինել պարտավոր չէ: Իսկ նման հաստիքներ պահելը փոքր բիզնեսին հասու չէ: Հետեւաբար, մինչ փոքր բիզնեսի համար հաշվապահական կենտրոն բացելը, ճիշտ կլիներ ստեղծել իրազեկման համակարգ, որը կբացառեր անտեղյակության պատճառով գործարարիՙ տուգանքի ենթարկվելու հնարավորությունը:
Բավական է, որ հարկային ստորաբաժանումներում ՀՎՀՀ տրամադրելու հետ մեկտեղ, ընկերությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը տրամադրեն տվյալ կազմակերպաիրավական ձեւին եւ գործունեության տեսակին առնչվող տեղեկատվություն, թե ինչ ժամկետներում եւ ինչ է անհրաժեշտ ունենալ գործունեությունը սկսելիս, հարկային ինչ հաշվետվություններ եւ երբ պետք է ներկայացվեն, ինչ հարկատեսակներ եւ երբ պետք է վճարվեն: Դա կարելի է անել երկու-երեք տեսակի բուկլետներում կամ անգամ սովորական տպագիր թղթի վրա անհրաժեշտ տեղեկատվությունը տարբերակված ձեւով ներկայացնելով: Ընդամենը այսքանը, եւ առավելագույնը մի քանի հարյուր հազար դրամ ծախսելովՙ բիզնես միջավայրի բարելավման կարեւորագույն խնդիրը կարելի է լուծված համարել:
Իսկ գուցե պետական կառույցների ղեկավարներին ավելի ձեռնտու է, որ մեծ ծախսե՞ր լինեն, իսկ կոնկրետ հարկային մարմնին էլՙ որ տուգանքներ լինեն, որոնց մի մասն ուղղվում է «համակարգի զարգացմանը» ...
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ