«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2010-05-14 | #89, 2010-05-15 | #90, 2010-05-18


«ՆԱՐԵԿԱՑԻ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆՈՐ, ԳԵՂԵՑԻԿ ԻՐԱԳՈՐԾՈՒՄՆԵՐԸ

Մայրաքաղաքային մշակութասեր հանդիսատեսին վաղուց հարազատացել է «Նարեկացի» մշակութային միությունը, որը 2004-ից հիմնադրվել ու գործում է Նյու Ջերսիում, Երեւանում ու Շուշիում: Իր բազմաբնույթ ծրագրերըՙ բարեգործական հիմունքով, միտված են հայ մշակույթի զարգացմանն ու տարածմանը: Տարիների ընթացքում միության տարբեր նախագծերի հաջող իրագործումը (երաժշտական միջոցառումներ, թատերական ներկայացումներ, ցուցահանդեսներ, գրքերի շնորհանդեսներ, հանդիպում-քննարկումներ, գրքերի, ալբոմների, ձայնային եւ պատկերային խտասալիկների հրատարակություններ եւ այլն) իր շուրջը ձեւավորել են գնահատելի մթնոլորտ, առաջացրել ակտիվ հետաքրքրություն, որի եւս մեկ վկայություններից վերջերս թողարկված երկուՙ «Լույս» եւ «Նարեկացի» DVD-ներն ենՙ վերջինը «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի ապրիլին կայացած եվրոպական առաջին շրջագայությունից ընդամենը օրեր առաջ լույս ընծայված:

Երկուսն էլ կազմված ու աշխատված են խնամքով, գրավիչ, ճաշակավոր ձեւավորմամբ, պատկերագունայինՙ ալբոմների բովանդակությանը համահունչ լուծումներով: Ձայնագրությունների խտասալիկին զուգահեռ ալբոմները պարունակում են նաեւ գրավոր տեքստեր:

«Լույսը» ներկայացնում է համանուն վոկալ հնգյակիՙ հոգեւոր եւ ժողովրդական երգերի կատարումները: Ալբոմը նվիրված է Կոմիտասի ծննդյան 140-ամյակին եւ բացվում է հանճարեղ երաժշտահանի հայտնի խոսքերով. «Երաժշտութիւնն ամէնէն մաքուր հայելին է ցեղին...»: Խտասալիկն ուղեկցողՙ հոգեւոր կյանքին համահունչ գունայինՙ բաց-դարչնավուն, մագաղաթագույն ֆոնավորմամբ նույնաձեւ կտրվածքով թղթի տեքստային հատվածը տեղեկություններ է հաղորդում 2003-ից կազմավորված, միայն կանացի ձայներից բաղկացած հնգյակի կատարողականՙ երգացանկի (հայ միջնադարյան հոգեւոր երգեր, հատվածներ Սբ Պատարագի երգեցողությունից, ժող. երգերի, մասնավորապես կոմիտասյան մշակումներ) մասին: «Լույս» ձայնասկավառակը, «Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2009»-ում արժանացավ տարվա լավագույնՙ «Կոմիտաս-140» մրցանակին, իսկ նույն տարվա դեկտեմբերին Լոս Անջելեսի «Նոկիա» համերգասրահում կայացած Armenian Music Awards-ումՙ «Լավագույն խմբերգային ալբոմ» տիտղոսին, այս նույն մրցանակաբաշխությանՙ «Լավագույն դասական ալբոմ» եւ «Լավագույն ձեւավորում» տիտղոսներին արժանացան «Նարեկացի» արվեստի միության «Օբերտոն» եւ «Նահապետ Քուչակ. Հայրեններ» ալբոմները:

Բոլորովին վերջերս թողարկված «Նարեկացի» ժողովրդական նվագարաններ համույթի «Նարեկացի» ալբոմը վերոհիշյալ հրատարակությունների շարքը հարստացնում է մի նոր, ուրույն գույներով: Նույն սկզբունքով կազմված ալբոմը ներկայացնում է համապատասխան ձայնասկավառակը եւ գրքույկըՙ շատ ներդաշնակ ձեւավորումով, գույների ճիշտ բազմազանությամբ եւ հագեցածՙ տեքստային տեղեկություններով: Հայկական ավանդական գործիքների, դրանց հնագույն ծագման, պատմության մասին եւ նոր ժամանակներում այդ նվագարանների ոչ միայն պահպանման, այլեւ երաժշտական ներկա կյանք ակտիվ ներմուծման մասին է Հայդուկ Շամլեանի խոսքը: Ապա եւ տեղեկություններ է տրված «Նարեկացի» արվեստի միության, «Նարեկացի» ժողովրդական նվագարաններ համույթի ստեղծման եւ գործունեության, գեղարվեստական ղեկավար Հովիկ Սահակյանի եւ համույթի երաժիշտների մասին: Գրքույկի սակավ էջերը արդյունավետ եւ խելացի են օգտագործվածՙ ուշագրավ են համառոտ, բայց հիմնական տեղեկություններ պարունակող էջերըՙ ներկայում գործածվող նվագարանների (շվի, դուդուկ, թառ, սանթուր, քանոն, դափ...) տարածման, բնորոշ առանձնահատկությունների մասին: Այս ամենը հարստացվում, լրացվում է նվագարանների նկարներովՙ հրաշալի ֆոնավորմամբ:

«Նարեկացի» մշակութային միության այս հրատարակությունները մասնագիտական բարեխնամ եւ ուշադիր աշխատանքի վկայություններ ենՙ նրբաճաշակ, ձայնագրության բնույթին համարժեք ձեւավորումներով, պոլիգրաֆիկ վարպետ կատարմամբ:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4