Սա նշանակում է, որ չեն արդարանում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի ճնշումների միջոցով Ղարաբաղում «առաջընթաց» ապահովելու նրա հաշվարկները
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Մայիսի 17-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, ավարտելով հանդիպումները Թեհրանում, ուղեւորվել էր Բաքու: Սա ընթացիկ տարում Ադրբեջան կատարած նրա երկրորդ այցելությունն է: «Ազգը» նախորդ համարում, անդրադառնալով Էրդողանի այցին, նշել էր Ադրբեջան-Թուրքիա «Շահդենիզ-1» գազային պայմանագրի ստորագրման մասին, միաժամանակ տեղեկացրել, որ Ադրբեջանի նախագահի հետ նրա հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հարակից յոթ շրջաններից երկուսի հանձնմանն ու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացին առնչվող խնդիրներ:
Մինչ այդ խնդիրները, հիշեցնենք, որ վարչապետ Էրդողանը Բաքվից մեկնել էր Թբիլիսի, որտեղ նրան է դիմավորել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ասելով. «Բարի եք եկել Ձեր հարազատ տուն: Թուրքիա-Բրազիլիա բանակցությունները հաջողությամբ են պսակվել: Դա մեզ անչափ հուսադրում է: Իրանում ծավալած գործունեությամբ վարչապետ Էրդողանը ձեռք է բերել ողջ աշխարհի ծափահարություններին արժանանալու իրավունք»: Այնուհետեւ Սաակաշվիլին, «Սաբահի» վկայությամբ, Թուրքիայի վարչապետին պարգեւատրել է Վրաստանի պետական շքանշանով:
Ինչ վերաբերում է Ղարաբաղի հիմնահարցին եւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ապա վարչապետ Էրդողանն այս հարցերի մասին արտահայտվել է «Շահդենիզ-1» պայմանագրի ստորագրումից հետոՙ Ալիեւի հետ համատեղ ասուլիսում:
Թուրքական գործակալությունների վկայությամբ, նա, նկատի ունենալով Իլհամին, ասել է. «Մեծարգո նախագահը մեզ միշտ իրազեկել է Լեռնային Ղարաբաղի հարցում, եւ Ադրբեջանը շարունակաբար դրական մոտեցում է ցուցաբերել հիմնահարցի կարգավորման գործընթացին: Նա պահպանում է այդ մոտեցումը: Ադրբեջանը հատկապես դրական վերաբերմունք է ցուցաբերել Մինսկի եռյակի վերջին առաջարկին, իսկ Հայաստանն առ այսօր հապաղում է պատասխանել, ինչը մեկ անգամ եւս վկայում է Ադրբեջանի դրական վերաբերմունքի մասին:
Մենք Միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակներում (Վաշինգտոնում կազմակերպված) ունեցել ենք մի շարք հանդիպումներ: Ցավոք, այդ հանդիպումներում ականատես եղանք նույն իրավիճակին: Դա (ակնարկում է Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման Հայաստանի բացասական վերաբերմունքի մասին) ցավալի էր նաեւ մեր տեսանկյունից: Կցանկանայինք, որ այդ մոտեցումը լիներ դրական, եւ դրական մոտեցման պայմաններում բոլորովին այլ ուղղություն վերցներ գործընթացը: Մենք այդ հարցում պահպանելու ենք մեր վճռականությունը:
Մայիսի 12-13-ին, երբ Թուրքիա այցելեց մեծարգո Մեդվեդեւը, հնարավորություն ունեցանք նրա հետ այս հարցերին անդրադառնալու: Նույն հնարավորությունն արդեն ունեցել էինք ԱՄՆ-ում, մեծարգո Օբամայի եւ Մեդվեդեւի հետ: Դրանից մեկ շաբաթ առաջ հարցը Ֆրանսիայում քննարկել էինք նաեւ մեծարգո Սարկոզիի հետ: Մենք այս հարցերում զգայուն ենք, որովհետեւ չենք կարող զգայուն չլինել Ադրբեջանին հուզող հարցերում:
Ներկա պահին հայկական կողմը կասեցրել է Շվեյցարիայում արձանագրությունների ստորագրմամբ սկզբնավորված Հայաստան-Թուրքիա նորմալացման գործընթացը: Իսկ մենք արձանագրությունները ներկայացրել ենք խորհրդարան: Սակայն խորհրդարան ներկայացված արձանագրությունների առնչությամբ պարզորոշ ասում ենք. «Քանի դեռ լուծում չի գտել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, չեն կարգավորվել հարակից շրջանների, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդիրները, անհնար է, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը դրական որոշում ընդունի արձանագրությունների առնչությամբ:
Սա ակնհայտ է: Այդ մասին ասել ենք նաեւ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներին: Նրանք պետք է ամուր բռնեն գործը եւ Հայաստանին բացատրեն հարցի կարեւորությունը: Տեսնում ենք, որ Հայաստանն այդ հարցում որեւէ տրամադրվածություն չունի: Չորս ամիս է անցել Սոչիի գործընթացից, բայց չկա դրական որեւէ զարգացում»:
Վարչապետ Էրդողանի ասածները նորություն չեն: Քանի որ նա այդ խոսքերը անընդհատ կրկնում է Անկարայում, Վաշինգտոնում, Մոսկվայում, Փարիզում, ուստի կարելի է ենթադրել, որ շարունակվում են անտեսվել Լեռնային Ղարաբաղում, այսպես կոչված, առաջընթաց ապահովելու համար Հայաստանի վրա ճնշում գործադրելու ԱՄՆ-ին, Ֆրանսիային եւ Ռուսաստանին ներկայացված նրա պահանջները: