«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2010-05-15 | #90, 2010-05-18 | #91, 2010-05-19


ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՔԱՄԵ՞Ց ԻՆՉ ՈՒԶՈՒՄ ԷՐ

Երեկ Ազգային ժողվի հայտարարությունների ժամին ԵԽԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուին հանդիպել չցանկացած ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը գնահատեց հայ խորհրդարանականների հետ թուրք ԵԽԽՎ նախագահի հանդիպումները: Նկատի ունենալով ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության տարբեր թեւերի ներկայացուցիչների հանդիպումները (իր խոսքով` երջանիկ բացառությունները հանած), նա նկատեց. «Իշխանության կողմից ներկայացան կառուցողական դիրքորոշումներով, ողջունվեցին Դավութ... ո՞նց էր դրա անունը, Չավուշօղլուի պրագմատիկ կեցվածքները, որոշվեց ֆիքսել Ղարաբաղով զբաղվող ենթահանձնաժողովի նպատակները: Ընդամենը: Այսինքն խոսք չեղավ, որ մենք դեմ ենք այդ ենթահանձնաժողովին, որ այդ ենթահանձնաժողովը Եվրոպայի խորհրդում մեզ համար կործանարար բան է: Ո՛չ, մենք կառուցողական դիրքորոշում ցուցաբերեցինք: Իսկ ի՞նչ արեցին որոշ ընդդիմադիր ուժեր: Նրանք գնացին ու թուրքին սկսեցին գանգատվել Հայաստանի Հանրապետությունից, թուրքի՛ն, ով ապացուցեց, որ ինքը մեզ համար Եվրոպայի խորհրդի նախագահ չէ, ինքը մեզ համար հեղինակավոր միջազգային կազմակերպության ղեկավար չէ. թուրք է այդ մարդը: Եկել է եւ ասում է, թե մենք պետք է հարգենք նրա որոշումը, ու դասեր է տալիս Հայաստանի Հանրապետությանը, հույս է հայտնում, որ մենք 2012թ. կթերթենք ամոթալի էջերը մեր պատմության: Իրենց պատմության մասին ինքը ոչինչ չի ասում: Այս պայմաններում, կարծում եմ, մենք պետք է լուրջ հետեւություններ անենք: Խայտառակ ենք եղել, ինձ թվում է: Որովհետեւ Չավուշօղլուն ինչ ցանկանում էր, Հայաստան իր այցից քամեց, ստացավ ու գնաց: Իսկ ի՞նչ ստացաք դուք, ինձ համար հասկանալի չէ: Եվ, ուրեմն, այսօր պետք է հետեւություններ անել: Մեր պատվիրակության համար Եվրոպայի խորհրդում, ես հասկանում եմ, պրոցեդուրային առումով հեշտ չի լինելու որեւէ քայլ անել, այսինքնՙ իմպիչմենտի գործընթաց, հետկանչման եւ այլն: Հասկանում եմ, դա այն կազմակերպությունը չէ, դա գրեթե անհնարին բան է: Բայց առնվազն դեմն առնել այդ ենթահանձնաժողովի մենք այսօր պարտավոր ենք, որովհետեւ դուք տեսնում եքՙ Թուրքիան անշեղորեն, դանդաղ, բայց մեր ստրատեգիական դաշնակից Ռուսաստանի օգնությամբ մտնում է, մխրճվում է Մինսկի գործընթացի մեջ: Հետեւությունները պետք է անեն մեր քաղաքական այրերը»:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4