«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2010-05-15 | #90, 2010-05-18 | #91, 2010-05-19


«ՄԵՆՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԵՐ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ»

«Հայաստանի տարածքում որսագողության խնդիրներն ունեն բավականին լուրջ բնույթ», երեկ «Արմատ» ակումբում` ասուլիսի ժամանակ ասաց Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը :

2009 թվականին «Թռչնասերների կենտրոնը» եւ Էկոլոգիական հասարակական դաշինքը բազմաթիվ նամակներ են ուղարկել բնապահպանության նախարարությանը` խնդրելով, որ նախարարությունը միջոցներ ձեռնարկի Արարատի մարզի Արմաշի լճերում թռչունների անօրինական որսի դեմ, սակայն նախարարությունից նրանք էական պատասխան չեն ստացել :

«Արարատ-Սաֆարի» ընկերությունը, որը զբաղվում է որսորդական տուրիզմով, թռչունների որս էր սկսել ոչ որսորդային սեզոնին, տուրիստական ընկերությունն աշխարհի տարբեր վայրերից մարդկանց է հրավիրում` Արմաշի լճերում որս անելու:

Սիլվա Ադամյանը տեղեկացրեց , որ Արմաշի լճերն այն բացառիկ տարածքներից են, որտեղ բնադրվում եւ չուի ժամանակ իջեւանում են ջրաճահճային թռչունների շատ հազվագյուտ տեսակներ: Դրանք սեփականաշնորհված տարածքներ են, որտեղ սեփականատերերը զբաղվում են որոշակի բիզնեսով` ձկնաբուծությամբ ու որսորդական տուրիզմով:

«Մենք արդեն չգիտենքՙ այս խնդրին ինչպե՞ս մոտենանք ու ինչպիսի՞ լուծումներ գտնենք: Բնապահպանության նախարարությունն ասում է, որ սա նախարարության խնդիրը չէ: Ես արդեն չգիտեմ` ո՞վ պետք է պատասխան տա այս իրավիճակի համար», ասաց Սիլվա Ադամյանը:

Արտասահմանից որսորդները գալիս են Հայաստանՙ Կարմիր գրքում գրանցված եւ խոշոր կենդանիների որսի համար:

«Մենք խոսել ենք անկախ փորձագետի հետ, 2 տարվա ընթացքում նա գրանցել է որսագողության շուրջ 40 դեպք, իսկ ըստ ոստիկանության տվյալների` 2009 թվականին գրանցված է որսագողության 4 դեպք եւ այս տարվա 4 ամիսների ընթացքում` հունվարից ապրիլ` դարձյալ 4 դեպք», ասաց ասուլիսի մյուս բանախոսը` «Էկոլուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը եւ հավելեց, որ իրենց փորձագետն ուսումնասիրում է իրավիճակը Սյունիքի մարզում:

Ըստ Ինգա Զառաֆյանի` Սյունիքում զինվորական ոստիկանության «Շակալ» մականունով պաշտոնյան միայն 3 տարվա ընթացքում որսացել է 3 ընձառյուծ, որոնցից մեկը հավանաբար հղի է եղել:

«Մենք իրավունք չունենք վաճառելու մեր բնությունը: Երբ նայում ես բնապահպանության նախարարության զեկույցը, տեսնում ես, որ ամեն ինչ գնահատվում է ինչ-որ գնացուցակով», ասաց Ինգա Զառաֆյանը:

Ներկայումս վերանալու վտանգի տակ են գտնվում բեզոարյան այծը, կովկասյան գորշ արջը, մուֆլոնը:

  «Ազգի» հարցինՙ իսկ ո՞ր թռչնատեսակներին է սպառնում վերանալու վտանգը, Սիլվա Ադամյանը պատասխանեց. «Այսօր վտանգի տակ են բազմաթիվ թռչնատեսակներ, մանավանդ ջրաճահճային տեսակային կազմն ու գիշատիչ թռչունները: Օրինակ` սեւ անգղը, որը հազվագյուտ տեսակ է, կարմիր բադը, մեծ ձկնկուլը: Վերջին 2 թռչնատեսակները կարելի է տեսնել միայն ջրաճահճային տարածքներում, իսկ Հայաստանը շատ աղքատ է նման տարածքներով: Կուզենայի նշել մի այլ տեսակի որսագողության` կարմիրգրքային կենդանիները, մասնավորապես թռչունները եւ միջատները Հայաստանից դուրս բերելու մասին: Մենք փաստեր ունենք, որ գիշատիչ թռչունները Հայաստանի տարածքից դուրս են հանում ու վաճառում են Պարսկաստանում եւ Էմիրություններում»:

Անգամ մի տեսակի վերացումը կարող է մեծ վնաս հասցնել բնությանը: Օրինակ` անգղները մեր բնության ամենահզոր սանիտարներն են: Անգղները լեշակեր թռչուններ են, սրանք որս չեն անում, այլ սնվում են լեշերով: Ընձառյուծները եւս համարվում են սանիտարներ, սրանք էլ բնությունը մաքրում են թույլ կենդանիներից:

  «Ազգի» մյուս հարցինՙ արդյոք Հայաստանում արծիվը համարվո՞ւմ է վտանգված թռչնատեսակ, եւ արծիվների քանակի ավելանալն ինչքանո՞վ է կապված այլ թռչունների կամ կենդանիների քանակի հետ, Ս. Ադամյանը պատասխանեց. «Կան շուրջ 55 տեսակի կարմիրգրքային թռչուններ, որոնց մեջ մտնում են նաեւ արծիվները: Ընդհանրապես արծիվների քանակի ավելանալը կապված է կերային բազայի հետ: Երբ ավելանում են փոքր կենդանիները, գիշատիչները սկսում են ավելի լավ սնվել, հետեւաբար ավելանում են նաեւ գիշատիչները»:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4