Երեկ Գյումրիում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն այցելելով արդեն ԲՀԿ-ական պատգամավոր Սամվել Բալասանյանին պատկանող «Ալեքսանդրապոլ» գարեջրի գործարան, մի շարք քաղաքական ենթատեքստով հայտարարություններ է արել` կարծես նախընտրական տրամաբանության երեւույթով: Նա խոսել է 2000-5000 դրամով ընտրություն գնացողների մասին, համարելով, որ դա է ընտրություններից հետո ժողովրդի վատ ապրելու պատճառը: «Դա ապագայի խնդիր չէ, ձեր ցավը տանեմ: Էդ դրանով ոչ երջանկություն եւ ոչ էլ բարեկեցություն կունենաք: Էլի թող փողը վերցնեն, բայց գնան ընտրեն նրան կամ պայքարեն նրա համար, որ ընտրվածը իր խոստումները կատարի: Ասում եմՙ ընտրություններ է գալիս, դա ուզում աՙ քաղաքապետի ընտրություններ լինի, ուզում աՙ պատգամավորի, ուզում ա, ո՞նց ասեմ, կուսակցական ընտրություններ, որ լինում ա, պետք է ընտրեք այն մարդուն, ով ձեզ հոգեհարազատ է: Նայեքՙ մարդու խոսքը գո՞րծ է, թե՞ ոչ», ասել է նա:
Լրագրողները հետաքրքրվել են` ստուգումներ կա՞ն նրա օբյեկտներում, ինչպես որ մամուլն է գրում, քաղաքական ենթատեքստ տալով այդ իրողությանը. Ծառուկյանը նկատել է, թե ստուգումներ միշտ էլ տարին մեկ պետք է լինեն, իսկ մնացյալը հերյուրանք է. «Մարդիկ գիշերը քնում, երազ են տեսնում ու առավոտը իրենք իբր թե հավաստի աղբյուրներից մեկնաբանություններ անում: Բոլորը հերյուրանքներ են, այդպիսի բան չկա»: Նա նաեւ խոստացել է էլ ավելի ակտիվ լինել 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Մ. Խ.