«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#90, 2010-05-18 | #91, 2010-05-19 | #92, 2010-05-20


ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԴԵՄ Է ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՕՐԻՆԱԳԾԻՆ

Խորհրդի այս եզրակացության մասին երեկ հայտարարեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Մանուկյանը նաեւ տեղեկացրեց, որ իրենց որոշումն արդեն ուղարկել են հանրապետության նախագահին: «Օրինագծում արտահայտված մոտեցումները չեն համապատասխանում մեր պետական եւ ազգային շահերին: Հանրային խորհուրդը դեմ չէ օտար լեզուների խորացված ուսուցմանը, սակայն խնդիրը բոլորովին այլ է: Առհասարակ կարծում եմ, որ կրթական համակարգը, դրա բարելավումը մեզ համար նույնքան կարեւոր են, որքան բանակը, մեր պետական շահերից են բխում կրթական բարեփոխումները, սակայն ոչ այն տեսքով, ինչպես ներկայացնում է կրթության եւ գիտության նախարարությունը», ասաց Մանուկյանը: Բանախոսը Հանրային խորհրդի անունից դժգոհություն հայտնեց ընդհանուր առմամբ երկրի կրթական համակարգից. «Մենք ժամանակին առաջարկել էինք ԿԳ նախարարությանը ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք հետազոտություններ կանեն եւ կներկայացնեն կառավարությանն այն ուղղությունները, որտեղ պետք է կատարվեն բարեփոխումներ, փոփոխություններ` համապատասխան մեր ազգային, պետական շահերի եւ միջազգային չափանիշների: Այդ ժամանակ մեզ համար անսպասելիորեն առաջարկվեց օտարալեզու դպրոցների ստեղծում երկրում: Ես կարծում եմ, որ մենք փորձում էինք քայլ անել առաջ, սակայն սա քայլ է դեպի անդունդ», շեշտեց Մանուկյանը` հիշեցնելով, որ բոլոր այն ժամանակներում, երբ չենք ունեցել պետականություն, անկախությունն ու ազգային դպրոցը միշտ փոխկապակցված գաղափարներ են եղել. «Մեր հակառակորդները, մեր դեմ պայքարելիս, առաջին կետը, որին փորձում էին հարվածել, ազգային դպրոցն էր», հիշեցրեց Վազգեն Մանուկյանը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4